Լրահոս

ՊՆ-ն հայտնել է Երասխում զոհված զինվորի անունը




Հուլիսի 14-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր` հուլիսի 14-ի առավոտյան 10:30-ի սահմաններում, միջադեպ է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Հայկական կողմը մեկ զոհ ունի։

Նշվում էր, որ Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել:

Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:

Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը: