Լրահոս

ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանական կողմը Շուշիի ուղղությունից 4-5 անգամ կարճ կրակահերթ է արձակել ինքնաձիգից. Արցախի ՄԻՊ




Ստեփանակերտի Արմենավան թաղամասում, Արցախի ՄԻՊ ներկայացուցիչների հետ զրույցում, բնակիչները հաստատել են, որ այսօր՝ հուլիսի 15–ին, մոտավորապես ժամը 17:00-ին ադրբեջանական կողմը 4-5 անգամ կարճ կրակահերթ է արձակել ինքնաձիգից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Շուշիի ուղղությունից այսօր արձանագրված կրակահերթերի վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները ստուգելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվել է միջադեպի վերաբերյալ փաստերի հավաքագրում։

ՄԻՊ ներկայացուցիչները եղել են Ստեփանակերտի Արմենավան թաղամասում, բնակիչների հետ հանդիպման ընթացքում հաստատվել է փաստը, որ մոտավորապես ժամը 17:00-ին ադրբեջանական կողմը 4-5 անգամ կարճ կրակահերթ է արձակել ինքնաձիգից։

Տեղեկությունը հաստատել են նաեւ պետական լիազոր մարմինները:

Միջադեպի մասին տեղեկացվել են ռուսական խաղաղապահ ուժերը։

Առողջապահության նախարարությունից եւ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ստացված տեղեկություններով՝ միջադեպի հետեւանքով տուժածներ չկան։

Ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, վերջին օրերին առավել հաճախ է դիմում սադրիչ գործողությունների` այդ կերպ հետապնդելով խաղաղ բնակչությանը մշտապես ահաբեկելու, վախի ու լարվածության մթնոլորտ ձեւավորելու նպատակ։

Միջադեպերի քննության հստակ մեխանիզմների ներդրումը ուղղակի ահրաժեշտություն է ադրբեջանական կողմի նկրտումները զսպելու եւ սադրանքները բացառելու համար։

Արցախի ժողովրդի ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության դեմ ադրբեջանական ոտնձգությունները ռուս խաղաղապահների եւ միջազգային հանրության կողմից պետք է արժանանան համապատասխան գնահատականի` այդ թվում հրապարակային»։