ՀՀ ԱԳՆ պատասխանը Բաքվին. հայ փախստականները պետք է վերադառնան Նախիջևան, Գանձակ, Բաքու, Սումգայիթ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՀՀ ԱԳՆ պատասխանը Բաքվին. հայ փախստականները պետք է վերադառնան Նախիջևան, Գանձակ, Բաքու, Սումգայիթ




Ադրբեջանական կողմը, Հայաստանի հանդեպ առաջադրելով տարածքային և պատմական կեղծ պահանջներ, փորձում է մի կողմից միջազգային օրակարգից դուրս բերել ղարաբաղյան հակամարտությունը, իսկ մյուս կողմից՝ ստեղծել նոր սպառնալիքներ տարածաշրջանային անվտանգության և կայունության համար։

Փորձելով հիմնավորել նմանօրինակ շինծու օրակարգը՝ ադրբեջանական կողմը չի խորշում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց։

Եթե ելնենք վերոնշյալ փաստաթղթի՝ տեղահանվածների վերադարձի ադրբեջանական մեկնաբանության տրամաբանությունից, ապա հայ փախստականները պետք է վերադառնան Նախիջևան, Գանձակ, Բաքու, Սումգայիթ և ներկայիս Ադրբեջանի այլ հայաթափված տարածքներ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի կողմից հնչեցված Հայաստանի հանդեպ պատմական պահանջներին, ապա մեզ համար դժվար է ըմբռնել «պատմական» բնորոշման Ադրբեջանի չափանիշները։

Ստիպված ենք վերստին հիշեցնել, որ պատմությունը երբեք չի կարող լինել մի այնպիսի երկրի ուժեղ կողմը, որի թե՛ աշխարհագրական և թե՛ քաղաքական անվանումը մեկդարյա պատմություն ունի, իսկ ադրբեջանցի անվանումն անգամ դրանից էլ նոր է։

Հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև հարատև թշնամություն սերմանելու և պահպանելու Ադրբեջանի ղեկավարության ջանքերը մշտական սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար։

Հայաստանին ռևանշիզմի մեջ մեղադրելուց առաջ Ադրբեջանը պետք է միջազգային հանրությանը բացատրի, թե որն է Բաքվի «ռազմավարի պուրակի» խորհուրդը, որը ոչ այլ ինչ է, քան ռևանշիզմի և մարդատյացության ամոթալի «հուշարձան»։

Հայաստանը շարունակելու է հետևողականորեն հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, էթնիկ զտումների ենթարկված Արցախի տարածքների դեօկուպացիայի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն այդ տարածքներ հայ բնակչության վերադարձի դիրքերից։

Միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը կարող է նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում տևական խաղաղության համար։