«Ընտանիքիս համար պիտի տուն կառուցեմ»․ Արթուր Խաչենցը՝ կորցրած հայրենիքի, նոր բենդի և անձնական կյանքի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ընտանիքիս համար պիտի տուն կառուցեմ»․ Արթուր Խաչենցը՝ կորցրած հայրենիքի, նոր բենդի և անձնական կյանքի մասին




Tert.am Life–ը գրում է․

Օրը սկսելով և ավարտելով երաժշտությամբ․ երգիչ Արթուր Խաչենցը աշխատում է իր հեղինակային նոր երգերի վրա։ Tert.am Life–ն Արթուրի հետ զրուցել է հետպատերազմական շրջանի, կյանքի այս փուլի և ապագա ծրագրերի մասին։

Ծննդով հադրութցի երգիչը պատերազմի ամբողջ ընթացքում առաջնագծում էր։ Պատերազմի արդյունքում Հադրութն անցավ հակառակորդի տիրապետության տակ, Արթուրը կորցրեց իր հայրենի տոնը։

Խաչենցն իրեն համեմատում է ծառի հետ, որը կորցրել է իր արմատները։ «Իմ արմատները և պատմությունը մնացել են իմ հայրենիքում, միշտ կարոտով եմ հիշում տունս։ Իմ աչքերը բաց, թե փակ սառած են վերջին անգամ տնիցս դուրս գալու տեսարաններին՝ հոկտեմբերի 3–ին։ Պատերազմից առաջ ես կարող էի ինձ թույլ տալ ասելու՝ ես մի խենթ պատանի եմ, զբաղվում եմ երաժշտությամբ։ Պատերազմից հետո ասում եմ՝ արցախցի հայ եմ, որը կորցրել է իր համար ամենաթանկ ծննդավայրը, կարոտով մի երաժիշտ, որը ցավը պետք է երաժշտության վերածի։ Գիտեմ, որ իմ խնդիրները, իմ տխրությունն ու թախիծը շատ ու շատ հայրենակիցներիս պետք չեն։ Իրենք ուզում են ավելի թեթև ապրել։ Ժամանակն ի վնաս մեզ է աշխատում, դրա համար ես փորձում եմ ցավը դարձնել երգ, մոտիվացիա ու շարժվել առաջ։ Կարոտում եմ այն, ինչ կորցրել եմ, բայց աննորմալ, աստվածային հավատով եմ տարված, որ ոչինչ անվերադարձ չէ։ Հիմա օրս սկսվում և ավարտվում է երաժշտությամբ։ Դրանով եմ ես ինձ փարատում ու փորձում բուժել»,– ասաց նա։



Պատերազմից մնացած ցավի մասին Խաչենցը նախընտրում է լռել, ասում է՝ դա այլևս հետաքրքիր չէ մարդկանց։ «Չեմ հաղթահարել ու երևի կյանքում չեմ հաղթահարի այդ ցավը։ Այն իմ ներսում է, միշտ թաքցնում եմ, որովհետև հիմա շատ քչերին է հետաքրքրում։ Մի ժամանակ դա ակտուալ էր, ինձ ճանաչում էին առաջնագծում «Գինի լից»–ը երգելով, քանի որ պատերազմ էր, բայց շատ հայեր մոռացել են, որ հիմա կան գերության մեջ գտնվող զինվորներ,– ասաց նա, ապա շարունակեց,– Թույլ տվեք մի փոքր կոպիտ արտահայտվել, բայց ինձ համար գերին հերոս չէ։ Ինքս գերի չէի հանձնվի, որքան կարողացել եմ՝ չեմ հանձնվել։ Գերիներին հերոս անվանելը հետագայում մեր սերունդների համար մեծ բիծ է, կմտածեն, որ գերի հանձնվելը նորմալ է։ Ավելի լավ է զոհվել, քան դրանց ճանկն ընկնել»։



Խաչենցը շատ է ցանկանում լինել հայրենի Հադրութում, անգամ, որպես զբոսաշրջիկ։ Նրա մտատանջությունն այն է, որ այնտեղ ամենը դարձրել են զինանոցներ․ «Որ իմանայի իմ փոխարեն այնտեղ գոնե խաղաղ բնակչություն է ապրում, գոնե որպես զբոսաշրջիկ կգնայի ու կհամբուրեի իմ հողը»։

Խաչենցն այժմ մտածում է իր ընտանիքի համար նոր տուն կառուցելու մասին։ Ապրածից հետո անձնական կյանքի մասին մտածել 24-ամյա երգիչը դեռ պատրաստ չէ։ Ասում է՝ իր անձնական խնդիրներն ու կորցրած հայրենիքը ավելի կարևոր են, քան անձնական կյանք կառուցելը։

«Իմ տունն արդեն քանդված է, ես դեռևս մտածում եմ իմ հոր և մոր, եղբոր ու քույրիկների համար տուն կառուցելու մասին, հետո կմտածեմ անձնական կյանքիս մասին։ Սիրո հարցում ես գիտեմ, որ պետք չէ շտապել, այն, ինչ ճիշտ և իրական է, վաղ, թե ուշ կհանդիպի։ Ես միայն երգարվեստի մեջ եմ գտել խաղաղություն և հավերժություն, փորձում եմ ստեղծել մի բան, որը իմ ֆիզիկական գոյությունից հետո գոնե կապրի այս երկրագնդի վրա»։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում