«Մենք կռվելու ենք մինչեւ վերջ». Պետական կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը` երկու թատրոնները միավորելու «աղետալի» հետեւանքների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մենք կռվելու ենք մինչեւ վերջ». Պետական կամերային երաժշտական թատրոնի անձնակազմը` երկու թատրոնները միավորելու «աղետալի» հետեւանքների մասին




«Միացման հարցը մեզ մոտ, բացարձակապես, չի քննարկվում: Եթե միավորվենք, կլինի ահռելի կոլապս. մի թատրոն կվերանա միանգամից, երկրորդը՝ երկար ժամանակ կլինի կատաստրոֆիկ վիճակում, եւ այս ամենը նրա համար, որպեսզի Սիմֆոնիկ նվագաումբն ունենա տարածք, որը տեխնիկապես չի համապատասանում իր պահանջներին: 120 հոգի չի տեղավորվի այստեղ»,-այսօր՝ հուլիսի 20-ին կայացա ասուլիսին նշեց Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ Սամսոն Ստեփանյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի՝ Պետական կամերային երաժշտական թատրոնը Պարոնյանի թատրոնի հետ միավորելու եւ Կամերայինի շենքը Սիմֆոնիկ նվագախմբին տրամադրելու որոշմանը:

«Փաստարկները, որոնք բերված են այդ գործընթացն իրականացնելու համար, ավելի, քան անհեթեթ են, իսկ շենքը պետք է տրամադրեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին: Ըստ փոխնախարարի՝ բարելավվում են մեր պայմանները, մենք կունենանք երգչախումբ, պարային խումբ, նաեւ՝ շատ լավ պայմաններ, եւ կկարողանանք մեր ստեղծագործական գործունեությունը շարունակել շատ ավելի լավ ու ակտիվ: Ես սա համարում եմ գեղեցիկ հեքիաթ, որը ամենեւին չի համապատասխանում իրականությանը: Իսկ իրականությունն ինձ համար շատ պարզ է՝ մեր հաշվին ուզում են ազատել շենք, որը հետագայում կամ կտրամադրեն Սիմֆոնիկին, կամ՝ ոչ»,-իր խոսքում նշեց նա:

Սամսոն Ստեփանյանը տեղեկացրեց, որ իրենք նամակով դիմել են վարչապետին, այժմ սպասում ենպատասխանի:

«Մեզ խոստացան, որ պետք է լինի գրավոր պատասխան: Ըստ երեւույթի՝ այս գործընթացի մասին տեղյակ չեն կառավարությունում, այսինքն՝ սա միայն պարոն Խզմալյանի գաղափարն է, որը նա ուզում է իրագործել ամեն գնով: Այս օրերի ընթացքում մի քանի անգամ փոխվել է նրա կարծիքն ու մեկնաբանումը այս հարցի վերաբերյալ: Մեր հանդիպման ժամանակ պայմնավորվածություն ձեռք բերվեց՝ Դուք արեք ձերը, բայց մենք չենք համաձայնվելու այս հարցին ու կռվելու ենք մինչեւ վերջ»:

Ադրադառնալով հարցի շուրջ Խզմալյանի հետ ունեցած քննարկումներին՝ Ստեփանյանը հավելեց.

«Ինչը չի համապատասխանում պարոն Խզմալյանի տրամաբանությանը, նա վերագրում է՝ որպես էմոցիոնալ զեղում: Վերջին ելույթից ելնելով՝ ես հասկացա, որ պարոն Խզմալյանը համարում է, որ մենք վաղուց արդեն գոյություն չունենք, որ մենք մահանում ենք, եւ պետք է թողնել, որ մահանանք: Նա անախրոնիզմ է համարում այն, որ թատրոնը մեզ համար տուն է, որ թատրոնը մեզ համար տաճար է: Ներեցեք պարոն Խզմալյան, բայց եթե դուք անախրոնիզմ եք համարում «տաճար» եւ «տուն» հասկացությունները, հայերենում կա «օջախ» հասկացությունը, որը շատ մեծ նշանակություն ունի մեզ համար: Ես անհարիր եմ համարում սա էմոցիոնալ դրսեւորում որակելը: Ի վերջո, եթե ունեք խնդիր երաժշտական ոլորտում, ինչո՞ւ եք դա փորձում լուծել թատերական ոլորտի հաշվին»:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալի որոշմանը դեմ է նաեւ դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը: Նրա խոսքով՝ եթե իրագործվի այդ ծրագիրը, երկու թատրոններն էլ կտուժեն.

«Մենք գիտենք ինչու է սա արվում, իրենք էլ գիտեն, որ մենք գիտենք դա… Թատրոնը տարիների ընթացքում զբաղված է եղել մի բանով, նպատակ է դրել ու հասել դրան, կայացել է՝ իր խաղացանկով, իր կուռ կոլեկտիվով ու հանդիսատեսով, հիմա եկել է ժամանակը, որ կայացած թատրոնը կազմալուծե՞ն: Ի՞նչ է ստացվելու՝ որ մի կայացած օրգանիզմ մտնելու մեկ այլ կայացած օրգանիզմի մեջ՝ կոլապսի մեջ գցելով նրան: Բացի այդ՝ ես ոչ մի կերպ այստեղ հարյուր հոգի իր գործիքներով չտեղավորեցի: Մարդկանց ճակատագրերի հետ էլ է խաղացվելու: Իրենց հույս է տրվելու, չնայած շատերն են հասկանում, որ սա անհնար բան է: Եթե դեմ է այս թատրոնը, եթե դեմ է մյուս թատրոնը եւ 50/50 դեմ է սիմֆոնիկը, ի՞նչ եք անելու, բռնի ուժո՞վ եք փակելու... Եթե դուք շարունակեք այս գործողությունները, նշանակում է՝ օգտվելու եք իշխանության Ձեր լծակներից՝ դիմելու եք բռնության»,-նշեց դերասանուհին:

Հարցին առավել էմոցիոնալ են մոտենում թատրոնի դերասանները: Անահիտ Կիրակոսյանն, օրինակ, Պետական կամերային երաժշտական թատրոնում աշխատում է 14 տարի: Դերասանուհին վստահեցնում է՝ թատրոնը ոչ միայն չի «մեռնում», այլեւ՝ շարունակում է լեփ-լեցուն դահլիճում դիմավորել իր հանդիսատեսին:

«Մեզ ասել են, թե մենք մահացել ենք, մահանում ենք... մեռած ենք... Բայց ես ուզում եմ նշել, որ պանդեմիայից հետո մենք թատրոնում երկու պրեմիերա ենք ունեցել՝ լեփ-լեցուն դահլիճով: Մենք մարտիկներ ենք եղել պատերազմի շրջանում, եւ մեր թատրոնի ու կոլեկտիվի օժանդակությամբ օգնություն է ցուցաբերվել 11 460 մարդու: Մեր թատրոնի դերասանները ներկայացում են խաղացել մոտ 5000 երեխայի համար՝ թե´ արցախցի, թե´ տուժած ընտանիքների, թե´ վիրավոր զինվորների ընտանիքների համար: Մենք պատրաստակամ ու շատ միասնական թիմ ենք, մինչեւ վերջ գնալու ենք ու ապացացուցենք, որ մենք կայացած ենք: Եթե այսքանից հետո դուք համարում եք, որ մենք մեռած ենք, խնդրում եմ՝ նայեք հայելու մեջ»:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Պարոնյանի թատրոնի հետ եւ Կամերայինի շենքը տրամադրել Սիմֆոնիկ նվագախմբին: Պետական կամերային երաժշտական թատրոնի աշխատակիցները դեմ են այս որոշմանը: Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր՝ Հակոբ Ղազանչյանը, նույնպես, դեմ է արտահայտվել, իսկ ԿԳՄՍ-ում կարծում են, որ այս նախաձեռնութմամբ ռեսուրսները արդյունավետ կօգտագործվեն: