Սերժ Ավետիքյանի բաց նամակը Հայաստանի կազմավորվելիք կառավարությանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սերժ Ավետիքյանի բաց նամակը Հայաստանի կազմավորվելիք կառավարությանը




Ֆրանսահայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը բաց նամակ է ուղղել Հայաստանի կազմավորվելիք կառավարությանը։ Այն ներկայացնում ենք ստորև։

«Հայաստանը, աշխարհի մյուս բոլոր երկրների պես, իր մշակույթի և դրա զարգացման կարիքն ունի՝ իր ազդեցիկությունը տարածելու համար։ Ինչպես աշխարհասփյուռ, այնպես էլ Հայաստանի հայերը՝ յուրաքանչյուրն իր ձևով, շարունակում են նպաստել Հայաստանի զարգացմանը։ Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունը աշխարհքաղաքականորեն ցանկապատված է և շրջապատված է որոշ այնպիսի երկրներով, որոնք թշնամաբար են տրամադրված նրա բազմաբևեռ մշակույթի հանդեպ։

Այս իմաստով, Հայաստանը պետք է իր հնամենի և ժամանակակից մշակույթն ավելի արժևորի։ Պատճառները բազմաթիվ են և գալիս են հեռվից՝ հայերը սիրում են արվեստները անկախ տեսակից՝ երաժշտություն, պար, թատրոն, կինո, գեղանկարչություն, քանդակ, երգ, գրականություն, պոեզիա և նաև արհեստագործությունը, այսինքն՝ ձեռքերով մշակելու արվեստը։ Այս բոլոր արվեստների արտահատչականության շնորհիվ է, որ պատմության ընթացքում բազմիցս նվաճված, մասնատված այս երկիրը և նրա ցիրուցան եղած ժողովուրդը կարողացել է պահպանել իր լեզուն և մշակույթը։

Այս ամենը հաշվի առնելով՝ Հայաստանը պետք է ունենա Մշակույթի և արվեստների նախարարություն, որովհետև այս ոլորտը կարող է հարաճուն կերպով զարգանալ և զգալիորեն օգնել, որ Հայաստանը բացվի աշխարհին։

Աներկբա է ՝ մշակույթը մի ոլորտ է, որը կարող է տնտեսապես զարգացնել Հայաստանը՝ ստեղծելով նոր աշխաատեղեր, բերելով աշխուժություն, բացվածություն և երիտասարդ սերունդներին թույլ տալով արտահայտվել հնարավորինս ազատորեն։ Մշակույթի և արվեստների շնորհիվ գեներացված տնտեսությունը կարող է «ծանր արդյունաբերության» համարժեքը լինել, եթե այն լավ կառավարվի, մասնավորապես՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կինոն, երաժշտությունը, թատրոնը, պարը, բայց նաև՝ գրականությունը, որը կապված է թարգմանության և յուրօրինակ տեքստերի ստեղծման հետ։

Մշակույթի նախարարությունը կոչված է կարգավորել, առաջարկել, հարաբերություններ և կապեր ստեղծել, ֆինանսավորել որքան հնարավոր է և այդպիսով թույլ տալ բոլոր հնարավոր դրական և կառուցողական նախաձեռնությունների իրականացումը։ Այս իմաստով, Սփյուռքի և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները նույնպես կարող են հարթակ դառնալ այս ոլորտի զարգացման համար։ Սփյուռքը կարող է արագացնել ստեղծարարության և շրջանառության պրոցեսներն աշխարհում՝ զարկ հաղորդելով մի շատ յուրահատուկ ու համընդհանուր դինամիկայի։

Նոր ստեղծվելիք նախարարությունը պետք է լինի ավելին, քան վերահսկող կառույցն է, այն պետք է ակնդետ հետևի և վերլուծի բոլոր այն անհատների կամ խմբերի հնարավոր նախաձեռնությունները, որոնք առաջարկում են Սփյուռքի և Հայաստանի միջև իրականացվելիք համատեղ նախագծեր, որոնց աջակցում են հիմնադրամներ՝ կապված հայկական մշակույթի և նաև այն երկրների հետ, որտեղ նրանք գործում են։ Ֆրանկոֆոնիան նույնպես կարող է թույլ տալ ավելի մեծ բացվածություն և գործընկերություններ Եվրոպայի (Ֆրանսիա, Բելգիա, Շվեյցարիա), Աֆրիկայի (Ալժիր, Մարոկկո, Թունիս, Սենեգալ և այլն) բոլոր ֆրանկոֆոն երկրների, ինչպես նաև Կանադայի (Քվեբեկ) հետ։

Անհրաժեշտ է, որ այդ նախարարությունն ունենա համապատասխան բյուջե և հմուտ անձնակազմ, որը կկարողանա իրագործել անհրաժեշտ մշակութային զարգացման համար պահանջվող քայլեր, զարգացում, որը բոլոր ընթացիկ և հղացող նախագծերի շնորհիվ շատ արագ պետք է շահութաբերություն ապահովի։

Քանի որ մշակութային զբոսաշրջությունը նույնպես կարևոր ոլորտ է, և որ Հայաստանն աշխարհի այս տարածաշրջանի բավականին հարուստ ու առանձնահատուկ պատմություն ունեցող երկրներից է, նոր ստեղծվելիք նախարարությունը պետք է նաև ունենա վարչություն՝ կոչված պատմության և մշակույթի հետ սերտորեն կապված մշակութային տուրիզմի զարգացմանը։ Այս խորհրդածումը նպատակ ունի նպաստել, որ նոր ստեղծվելիք նախարարությունը գործառնական լինի, քանի որ Հայաստանի տնտեսությունն առայժմ գուցե չկարողանա իրեն թույլ տալ մշակույթի առանձին նախարարության գոյությունը»։

Սերժ Ավետիքյան

18 հուլիսի 2021 թ․