ՀՀ ժողովրդական և վաստակավոր արտիստի կոչումներ այժմ քչերին է շնորհվում. նախորդ 3,5 տարում՝ ընդամենը 8 հոգու. Armtimes.com - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՀՀ ժողովրդական և վաստակավոր արտիստի կոչումներ այժմ քչերին է շնորհվում. նախորդ 3,5 տարում՝ ընդամենը 8 հոգու. Armtimes.com



Armtimes.com-ը գրում է.

Հայաստանում մինչեւ 2018 թվականի հեղափոխությունը պետական տոների ժամանակ մշակույթի բնագավառում գործող բազմաթիվ անձանց շնորհվում էին տարբեր պետական կոչումներ և շքանշաններ: Ի դեպ, հատկապես շռայլորեն բաշխվում էր Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչումը: Սակայն շատ դեպքերում հանրության շրջանում տարակուսանք էր առաջացնում մանավանդ այս կամ այն երիտասարդ արտիստին այդ կոչմանն արժանացնելը, քանի որ մարդիկ կարծում էին՝ պետական նման բարձր պարգևի արժանանալու համար հարկավոր է երկար ճանապարհ անցնել:

2018 թվականից հետո, երբ Հայաստանում փոխվեց իշխանությունը, ժողովրդական և վաստակավոր արտիստի կոչմանը անհամեմատ ավելի քիչ մարդիկ սկսեցին արժանանալ:

«Հայկական ժամանակի» հարցմանն ի պատասխան՝ ՀՀ նախագահի նստավայրից հայտնեցին, որ 2018 թվականի ապրիլի 9-ից առ այսօր Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչման արժանացել է ընդամենը 1 հոգի՝ դերասան, ռեժիսոր և սցենարիստ Երվանդ Մանարյանը (2018թ.):

Նույն ժամանակահատվածում, այսինքն՝ գրեթե 3,5 տարում, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման էլ արժանացել է ընդամենը 7 հոգի. Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Դիանա Մացոյանը (2019թ.), Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Արտաշես Մխիթարյանը (2019թ.), Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Բաբկեն Չոբանյանը (2019թ.), ջութակահար Սուրեն Հախնազարյանը (2019թ.), Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Գրիգոր Խաչատրյանը (2020թ.), Երևանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասան Մակիչ Մարգարյանը (2020թ.), Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը (2020թ.):

Նկատենք, որ 2021 թվականին՝ մինչ այսօր, դեռ որևէ մեկին ՀՀ ժողովրդական կամ վաստակավոր արտիստի կոչումներ չեն շնորհվել:

ՀՀ նախագահականից խնդրել էինք տրամադրել նաև, թե 2017, 2016, 2015 թվականներին քանի՞ հոգու է շնորհվել նշյալ կոչումները: Մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ «Հանրա­պե­տու­թյան նախագահի աշխատակազմ» պետական մարմինը «Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի իրավահաջորդը չէ, հետևաբար մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը ժամանակահատվածին վերաբերող մեր պահանջած տեղեկատվությանը չեն տիրապետում:

Ուսումնասիրելով մամուլում արված հրապարակումները և նաև նախագահի կայքում հրապարակված հրամանագրերը՝ նկատեցինք, որ, օրինակ, միայն 2017 թվականին ՀՀ ժողովրդական և վաստակավոր արտիստի կոչմումներին է արժանացել 20-ից ավելի անձ:

Նախագահի աշխատակազմից խնդրել էինք նաև պարզաբանել, թե ինչո՞վ է պայմանավորված նախորդ տարիների համեմատ վերջին տարիներին մշակույթի բնագավառում զգալիորեն ավելի քիչ կոչումներ շնորհելը: Մեր հարցին ի պատասխան՝ հայտնել են, որ Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է վարչապետի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահների համապատասխան միջնորդությունների հիման վրա: Հետևաբար 2018 թվականի ապրիլի 9-ից առ այսօր շնորհված պատվավոր կոչումների վիճակագրությունը պայմանավորված է ստացված միջնորդությունների քանակով:


Նյութի աղբյուրը այստեղ: