Գեղարքունիքում վիրավորված ժամկետային զինծառայողին 8 ժամ վիրահատել են, հեռացվել է երիկամը, վիճակը ծանր կայուն է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գեղարքունիքում վիրավորված ժամկետային զինծառայողին 8 ժամ վիրահատել են, հեռացվել է երիկամը, վիճակը ծանր կայուն է




Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս հակառակորդի կողմից վիրավորված ժամկետային զինծառյող Արման Աթասյանի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին 1lurer.am-ին հայտնել է ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը:

«Վնասվել է հաստ աղիքը, բարակ աղիքը, հեռացվել է ձախ երիկամը: 8 ժամ վիրահատությունից հետո առավոտյան ժամը 6-ին տեղափոխվել է կենտրոնական կլինիկական հոսպիտալ:

Երկու զինծառայողների վիճակը թեթև է, գնդակային վիրավորումներ են եղել ստորին վերջույթների, համապատասխան բժշկական օգնությունը ցուցաբերվել է, հուսով են՝ կարճ ժամանակ հետո շարք կվերադառնան»,- ասել է նա:

Իսկ հարցին, թե ինչո՞ւ էր ՊՆ-ն հաղորդագրություն տարածել, թե ադրբեջանական կողմի հերթական սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով զինծառայողները հրազենային թեթև վիրավորում են ստացել, երբ մեկը ծայրահեղ ծանր է, գնդապետ Օհանյանը պարզաբանեց:

«Այդ գնահատականը տրվել է վիրավորում ստանալուց շատ կարճ ժամանակ հետո: Իրականում յուրաքանչուր վիրավորումը, եթե կենսամահի չի բերում, նախատեսում է, որ վիրավորում ստացած զինծառայողն ադեկվատ է լինում, հարցերին պատասխանում է, հնարավորություն է տվել այդպես գնահատել: Երբ տեղափոխվել են Գեղարքունիքի հոսպիտալ, մասնագետներն ուսումնասիրել են և վիրահատության ընթացքում տեսել են, որ վիճակը ծանր է»,- ասել է նա:

Միջադեպի հետ կապված Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու և ավելի անձանց սպանության փորձի համար: