Տոկիո-2020. Ֆերդինանդ Կարապետյանը պարտվեց մեկնարկում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տոկիո-2020. Ֆերդինանդ Կարապետյանը պարտվեց մեկնարկում




Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում ձյուդոյի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) պարտություն է կրել մեկնարկային գոտեմարտում:

2018թ. Եվրոպայի չեմպիոնը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ պարտվել է ղազախ Ժանսայ Սմագուլովին: Ղազախ ձյուդոիստը հաջորդ գոտեմարտում պարտվել է կանադացի Արտուր Մարգելիդոնին:

Ֆերդինանդ Կարապետյան, ձյուդո, 73 կգ քաշային կարգ

Ծնվել է 1992 թվականի դեկտեմբերի 19-ին Վարդենիսում: 6 տարեկանից բնակվում է Վլադիկավկազում: Ամուսնացած է։

Անձնական մարզիչներն են Վլադիկավկազում՝ Մուրադ Գասիբը, Աիլարով Իրբեկը, Հայաստանում՝ Թաթուլ Հովհաննիսյանը:

Ֆերդինանդ Կարապետյանը մինչեւ 2015 թվականը հանդես է եկել ձյուդոյի Ռուսաստանի հավաքականի կազմում 66 կգ քաշային կարգում: 2013 թվականի Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր է, 2014 թվականի Ռուսաստանի փոխչեմպիոն: 2015-2016 թվականներին փոխել է մարզական քաղաքացիությունը: 2016 թվականից հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կազմում 73 կգ քաշային կարգում:

Հայաստանի եռակի չեմպիոն է, Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր, 2017 թ. European Judo Open միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր, համառուսաստանյան 7-րդ բաց առաջնության արծաթե մեդալակիր, 2018 թ. «Մեծ Սաղավարտ» օլիմպիական վարկանիշային մրցաշարի բրոնզե մեդալակիր:

2018 թվականի ապրիլին Իսրայելում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության 73 կգ քաշային կարգում եզրափակիչում հաղթել է ադրբեջանցի Հիդայաթ Հեյդարովին եւ նվաճել ոսկե մեդալ՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:

2020 թվականի Թել Ավիվի Գրան պրի մրցաշարի արծաթե մեդալակիր է, 2021 թվականի Տաշկենտի «Մեծ սաղավարտ» շարքի մրցաշարի բրոնզե մեդալակիր:

Ֆերդինանդ Կարապետյանը հանդես է գալիս նաեւ ակումբային առաջնություններում: 2020 թվականին «Համբուրգի» կազմում դարձել է Գերմանիայի ակումբային չեմպիոն:

Տոկիո-2020 օլիմպիական ուղեգիրը նվաճել է վարկանիշային միավորներով՝ ընդգրկվելով համաշխարհային վարկանիշային աղյուսակի լավագույն ձյուդոիստների ցուցակում: