Տոկիո-2020. Արթուր Բարսեղյան և Վարսենիկ Մանուչարյան. անձնական ռեկորդների հետևից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տոկիո-2020. Արթուր Բարսեղյան և Վարսենիկ Մանուչարյան. անձնական ռեկորդների հետևից




Տոկիոյում ընթացող ամառային 32-րդ օլիմպիական խաղերի լողի մրցումներում առաջիկա օրերին հանդես կգան հայ լողորդները՝ Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը:

Մարզիկների մասին

Արթուր Բարսեղյանը վերջին տարիների հայկական լողի առաջատարն է: Նա ընդամենը 19 տարեկան է, բայց արդեն հասցրել է դառնալ Հայաստանի ռեկորդակիր ազատ ոճի և բատերֆլյայի 50 և 100մ մրացատարածություններում: Նա հայ առաջին լողորդն է, որը պատանեկան օլիմպիական խաղերում (2018թ.) հաջող մասնակցություն ունեցավ՝ դուրս գալով եզրափակիչ, որտեղ զբաղեցրեց 8-րդ տեղը (100 մ ազատ ոճ): Լավ մասնակցություն է ունեցել 2019թ.-ի պատանիների աշխարհի առաջնությանը՝ 100մ ազատ ոճ մրցատարածությունում զբաղեցնելով 7-րդ տեղը: Մասնակցել է մեծահասակների Եվրոպայի երկու (2018 և 2020) և մեկ աշխարհի (2019) առաջնության:

Վարսենիկ Մանուչարյանը Հայաստանի օլիմպիականներից ամենակրտսերն է: Նա ընդամենը 18 տարեկան է, բայց արդեն հասցրել է մասնակցել 2019թ.-ի աշխարհի և 2020թ.-ի Եվրոպայի առաջնությանը:

Ճանապարհը դեպի Տոկիո

Լողորդների վարկանիշը միջազգային ֆեդերացիան հաստատեց բավականին ուշ՝ օլիմպիական խաղերի մեկնարկից միայն երեք շաբաթ առաջ, թեև վերջին երկու տարիներին Բարսեղյանի ու Մանուչարյանի ցույց տված արդյունքներից հասկանալի է, որ Տոկիոյում Հայաստանը լողորդներ ունենալու է:

Շանսերն ու մրցակիցները Տոկիոյում

Բարսեղյանը Տոկիոյում հանդես է գալու 50 և 100մ ազատ ոճ մրցաձևում, իսկ Մանուչարյանը՝ 100մ ազատ ոճ մրցաձևում: Հասկանալի է, որ լողից բարձր արդյունքներ ակնկալել այսօր չենք կարող, հետևաբար մրցակիցներից խոսելն էլ անիմաստ է: Թե՛ Բարսեղյանի, թե՛ Մանուչարյանի համար կարևոր է իրենց մրցափուլերն ավարտել բարձր արդյունքով՝ փորձելով անձնական և Հայաստանի նոր ռեկորդներ սահմանել ու հնարավորինս բարձր հորիզոնական զբաղեցնել՝ այդպիսով բարձրացնելով նշաձողը օլիմպիական հաջորդ ցիկլի համար: Երկու մարզիկներն էլ դեռ շարունակում են առաջադիմել, հատկապես Բարսեղյանից ակնկալիքներ կան, որ կարող է ապագայում հավակնել խոշոր մրցաշարերի կիսաեզրափակիչ դուրս գալուն, ինչը կարող է հայկական լողի համար աննախադեպ արդյունք լինել: