Գերիների վերադարձը կարող է կառուցողական միջավայր ստեղծել. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը Բայրամովին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գերիների վերադարձը կարող է կառուցողական միջավայր ստեղծել. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը Բայրամովին




Պաշտոնական Երևանը հակադարձում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ շեշտելով, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով ընդունված հայտարարությունների ամբողջական կատարմանը խոչընդոտում է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը: 

«Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան տեղեկությունը հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Նշենք, որ Սերբիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին մեղադրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման հարցում խոչընդոտներ առաջացնելու մեջ։ Ի պատասխան ՀՀ ԱԳՆ–ն նշում է` ադրբեջանական կողմն է, որ խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարության մի շարք կետեր։ 

Ադրբեջանի կողմից ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձման գործընթացի ամբողջական ավարտը կարող է կառուցողական միջավայր ստեղծել նոյեմբերի 9-ի հայտարարության հետևողական իրականացման մասով։ 

Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից մեկ ամիս հետո ադրբեջանական զորամիավորումները խախտել են հայտարարության 1-ին կետը, որի համաձայն` կողմերը պետք է մնային իրենց դիրքերում, և հարձակում են սկսել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։ 

Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը չի կատարել հայտարարության 8-րդ կետը, որի համաձայն էլ պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակումը։ Ավելին, հայ ռազմագերիները ենթարկվում են քրեական հետապնդման, ինչը նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։ 

Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 12-ից սկսած ներթափանցել են և շարունակում են գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում։ Եվ փաստը, որ ադրբեջանական զորամիավորումները գտնվում են Հայաստանի տարածքում, ըստ էության, ընդունել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով` «Զանգեզուրը մեր նախնիների հողն է»։ 

Ապաշրջափակման հետ կապված՝ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման հարցում Հայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական: Ցավոք, Հայաստանի նման կառուցողական մոտեցումը ադրբեջանական կողմը հանրային պաշտոնական հայտարարություններով հետևողականորեն շահարկել և փորձել է շրջանառության մեջ դնել «միջանցքի բացման» գաղափարը, ինչն անընդունելի է և ամբողջովին աղավաղում է եռակողմ հայտարարությունների բովանդակությունը և նպատակը։ Միաժամանակ ԱԳՆ–ն անդրադարձել է նաև մեղադրանքներին, թե Հայաստանը չի օգնում Ադրբեջանին ականազերծել հակամարտության գոտու տարածքները։ 

ՀՀ արտգործնախարարությունն ընդգծում է` նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի պարունակում ականազերծման ուղղությամբ կողմերի միջև համագործակցության որևէ դրույթ։ Սակայն, չունենալով ականազերծման ուղղությամբ համագործակցելու որևէ հանձնառություն, ըստ ԱԳՆ–ի, հայկական կողմը երրորդ կողմերի միջոցով տեղեկություններ է տրամադրել Ադրբեջանին՝ որպես բարի կամքի դրսևորում։