Լրահոս

Ֆերդինանդ Կարապետյանը՝ Տոկիոյից. Այս ցավալի պարտությունով ոչինչ չի ավարտվում, ամեն ինչ առջեւում է




Ցավ ու զայրույթ եմ զգում այսպիսի պարտության համար, բայց սրանով ոչինչ չի ավարտվում: Կանցնենք այս շրջանը եւ կշարունակենք: Ամեն ինչ առջեւում է, եւ ես դեռ կգնամ իմ երազանքի հետեւից, կասեմ իմ խոսքը մեծ սպորտում:

Այսպես NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տոկիոյից իր պարտությունն Օլիմպիական խաղերում մեկնաբանեց Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը 73 կգ քաշայինների որակավորման փուլում հուլիսի 26-ին պարտվեց ղազախ Ժանսայ Սմագուլովին եւ լքեց պայքարը:

Գոտեմարտի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Ավելացված ժամանակի ոսկե գցումի ընթացքում ղազախ ձյուդոիստը վազարի հնարքով (waza-ari) հաղթեց Ֆերդինանդ Կարապետյանին: Պարտությունից հետո Կարապետյանը չկարողացավ թաքցնել հույզերը տատամիի վրա: Մինչեւ մրցումային օրվա ավարտը նաեւ չէր մեկնաբանում պարտությունը Տոկիո-2020-ում:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի առաջատար ձյուդոիստը մեկ օր անց միայն մեկնաբանեց օլիմպիական տատամիում գոտեմարտի ընթացքում իր հետ տեղի ունեցած անհաջողությունը:

«Ես պատրաստ էի 101 տոկոսով: Այսքան լավ երբեք ինձ չէի զգացել մրցաշարերում: Խոսքեր չունեմ, ուղղակի ցավալի է, որ ամեն ինչ այսպիսի ավարտ ունեցավ: Շատ ցավոտ է, որ այսքան տարի ես չարչարվեցի, տանջվեցի, եկա, հասա Օլիմպիական խաղեր՝ իմ երազանքին ու այսպես պարտվեցի:

Ես պատրաստ էի ոսկե մեդալ նվաճելուն: Եկել էի չեմպիոնական տիտղոսի համար: Պատրաստվել էի եւ պատրաստ էի ոսկե մեդալ նվաճել: Ես դրա համար ունեի բոլոր հնարավորությունները, ամեն ինչ ներդրել էի այդ օրվա ու այդ հաղթանակի համար: Կյանքն այսպես էր նախապատրաստել ու ոչինչ անել այլեւս չես կարող:

Գոտեմարտը շատ լավ անցավ ինձ համար: Հենց մեկնարկից գոտեմարտը վերցրել էի իմ ձեռքը: Ավելացված ժամանակում ինձ համար անակնկալ կերպով ղազախ մրցակիցը 7–րդ րոպեին բռնեց ոտքս եւ միավոր վաստակեց:

Երկու ամիս առաջ ես նրան հաղթել էի Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվոած «Մեծ սաղավարտ» շարքի օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Նա ինձ համար անհաղթահարելի մրցակից չէր:

Այս պահին միայն ցավ, տխրություն, զայրույթ եմ զգում: Ամեն դեպքում, սա սպորտ է: Պետք է հաղթահարել այս շրջանը եւ անցնել առաջ: Կանգ չեմ առնում, ոչինչ այս պարտությամբ չի ավարտվում եւ չի որոշվում իմ մարզական կարիերայում: Ամեն ինչ դեռ առջեւում է: Կշարունակեմ գնալ իմ երազանքի հետեւից: Ես դեռ կասեմ իմ խոսքը մեծ սպորտում»,- ասաց Ֆերդինանդ Կարապետյանը:

Ֆերդինանդ Կարապետյան, ձյուդո, 73 կգ քաշային կարգ

Ծնվել է 1992 թվականի դեկտեմբերի 19-ին Վարդենիսում: 6 տարեկանից բնակվում է Վլադիկավկազում: Ամուսնացած է։

Անձնական մարզիչներն են Վլադիկավկազում՝ Մուրադ Գասիբը, Աիլարով Իրբեկը, Հայաստանում՝ Թաթուլ Հովհաննիսյանը:

Ֆերդինանդ Կարապետյանը մինչեւ 2015 թվականը հանդես է եկել ձյուդոյի Ռուսաստանի հավաքականի կազմում 66 կգ քաշային կարգում: 2013 թվականի Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր է, 2014 թվականի Ռուսաստանի փոխչեմպիոն: 2015-2016 թվականներին փոխել է մարզական քաղաքացիությունը: 2016 թվականից հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կազմում 73 կգ քաշային կարգում:

Հայաստանի եռակի չեմպիոն է, Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր, 2017 թ. European Judo Open միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր, համառուսաստանյան 7-րդ բաց առաջնության արծաթե մեդալակիր, 2018 թ. «Մեծ Սաղավարտ» օլիմպիական վարկանիշային մրցաշարի բրոնզե մեդալակիր:

2018 թվականի ապրիլին Իսրայելում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության 73 կգ քաշային կարգում եզրափակիչում հաղթել է ադրբեջանցի Հիդայաթ Հեյդարովին եւ նվաճել ոսկե մեդալ՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:

2020 թվականի Թել Ավիվի Գրան պրի մրցաշարի արծաթե մեդալակիր է, 2021 թվականի Տաշկենտի «Մեծ սաղավարտ» շարքի մրցաշարի բրոնզե մեդալակիր:

Ֆերդինանդ Կարապետյանը հանդես է գալիս նաեւ ակումբային առաջնություններում: 2020 թվականին «Համբուրգի» կազմում դարձել է Գերմանիայի ակումբային չեմպիոն:

Տոկիո-2020 օլիմպիական ուղեգիրը նվաճել է վարկանիշային միավորներով՝ ընդգրկվելով համաշխարհային վարկանիշային աղյուսակի լավագույն ձյուդոիստների ցուցակում: