Տոկիո-2020. Արթուր Բարսեղյանի արդյունքը
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողի մրցաշարում պայքարը սկսեց Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բարսեղյանը: 100 մետր ազատ ոճում Հայաստանի չեմպիոնը չորրորդ լողահերթում 49.78 վայրկյան արդյունքով երկրորդն էր: Ընդհանուր հաշվարկում նա զբաղեցրեց 38-րդ տեղը և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը:
Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեցին 1-16-րդ տեղ գրաված լողորդները: 100 մետր ազատ ոճի մրցմանը մասնակցեցին 70 լողորդներ:
Այս տարվա մարտին Արթուր Բարսեղյանը 100 մետր ազատ ոճում Հայաստանի ռեկորդ էր սահմանել 49.73 վայրկյան արդյունքով:
Հուլիսի 30-ին Արթուր Բարսեղյանն ուժերը կփորձի նաև 50 մետր ազատ ոճում:
Տոկիո-2020-ի լողի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանը հուլիսի 28-ին հանդես կգա 100 մետր ազատ ոճում:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Հայաստանի ներկայացուցիչներից հանդես էր եկել նաև ծանրորդ Իզաբելլա Յայլյանը (59 կգ), որը երկամարտի 205 կգ արդյունքով (95+110) զբաղեցրել էր 7-րդ տեղը:
Արթուր Բարսեղյան, լող, 50 եւ 100 մետր ազատ ոճ
Ծնվել է 2002 թվականի մարտի 29-ին Երեւանում:
Անձնական մարզիչ՝ Արմինե Ավետիսյան
Արթուր Բարսեղյանը պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների Հայաստանի բազմակի չեմպիոն է եւ ռեկորդակիր, միջազգային մրցաշարերի հաղթող: Մեծահասակների կազմում առաջին լուրջ փորձը եղել է 2016 թվականի ԱՄԷ աշխարհի գավաթի խաղարկությունում, որտեղ սահմանել է անձնական ռեկորդ եւ բարելավել իր արդյունքները, բայց մրցանակային տեղ չի զբաղեցրել:
2017 թվականին Հունգարիայում մասնակցել է Եվրոպական օլիմպիական փառատոնին, որտեղ զբաղեցրել է 6-րդ տեղը: Նույն տարում պատանիների աշխարհի առաջնությունում լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի նորմատիվ:
2018 թվականին Հելսինկիի միջազգային մրցաշարում նվաճել է պատանիների Օլիմպիական խաղերի վարկանիշ: 2018 թվականին Արգենտինայում անցկացված պատանեկան Օլիմպիական խաղերում 50 մետր ազատ ոճ մրցաձեւում 22.69 արդյունքով զբաղեցրել է 7-րդ տեղը:
2019 թվականին Բուդապեշտում տեղի ունեցած պատանիների աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը եւ լրացրել B վարկանիշ: 2019 թվականի Համահայկական խաղերի չեմպիոն է, 2021 թվականի Բուլղարիայի բաց առաջնոթյան չեմպիոն, արծաթե եւ բրոնզե մեդալակիր:
Ամուսնացած չէ:
Տոկիո-2020-ի ուղեգիրը նվաճել է՝ 2019 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում B վարկանիշ լրացնելով: