Արցախի ԱԳՆ արձագանքը` Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների՝ Արցախի օկուպացված տարածքներ ապօրինի այցին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արցախի ԱԳՆ արձագանքը` Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների՝ Արցախի օկուպացված տարածքներ ապօրինի այցին




2020 թ. սեպտեմբերին Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա ագրեսիայի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքների ապօրինի օկուպացիան ամրագրելու Ադրբեջանի փորձերը անթույլատրելի են, հայտարարել է Արցախի ԱԳՆ-ն։

«Միջազգային իրավունքի նորմերի խախտման ու զինված ուժի ապօրինի կիրառման արդյունքներն օրինականացնելուն միտված ցանկացած գործողություն պետք է խստորեն դատապարտվի: Բաքվի՝ սեփական ապօրինի գործողությունները որպես ընդունելի նորմա ներկայացնելուն ուղղված քաղաքականության վառ օրինակներից է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների այցը Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Շուշի քաղաք», - նշված է հայտարարությունում։

Նշվում է, որ Ադրբեջանի և այլ երկրների պաշտոնատար անձանց՝ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ այցերը անընդունելի են և սադրիչ, քանի որ դրանք միջազգային իրավունքի կոպիտ խախտում են, մարտահրավեր՝ քաղաքակիրթ աշխարհին և նպատակ ունեն բացառել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար նախապայմանների ստեղծման հնարավորությունը։

Արցախի Հանրապետության դիրքորոշումն անփոփոխ է. հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման պարտադիր պայման է հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն ու Արցախի կողմից միջազգային իրավասուբյեկտայնության ձեռքբերումը։