«Զինվոր, ներիր ինձ, եթե կարծում ես` թերացել եմ ծառայությանս ընթացքում». Եռաբլուրում պետական մի պաշտոնյա իր շքանշանը թողել է Ալբերտ Հովհաննիսյանի շիրմաքարին. ԼՈՒԱԱՆԿԱՐՆԵՐ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Զինվոր, ներիր ինձ, եթե կարծում ես` թերացել եմ ծառայությանս ընթացքում». Եռաբլուրում պետական մի պաշտոնյա իր շքանշանը թողել է Ալբերտ Հովհաննիսյանի շիրմաքարին. ԼՈՒԱԱՆԿԱՐՆԵՐ




Պետական մի պաշտոնյա տպագիր գրությամբ իրեն պարգևատրած շքանշանը թողել է 44-օրյա պատերազմում զոհված հերոս Ալբերտ Հովհաննիսյանի շիրիմին։

«Նախորդ օրը «Եռաբլուր» պանթեոնում պետական մի պաշտոնյա տպագիր գրությամբ (կցված է նկարում) իրեն պարգևատրած «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար I աստիճանի» շքանշանը թողել էր որդուս շիրմաքարին՝ ճիշտ համարելով նվիրել այն բոլոր անմահացած եղբայրներին:

Ճիշտ է, բոլորս էլ գիտակցում ենք, որ մենք թիկունքում ինչ էլ որ արած լինենք, միևնույն է, պատերազմի ծանրությունը առաջնագծում տղաների ուսերին էր ընկած», - այս մասին գրել է Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ այսօր զոհված տղաների կյանքի գնով ենք ապրում ու ապրելու բեռը գնալով ավելի է ծանրանում, երբ սահմանում կրկին զինվորներ են անմահանում:

«Բայց այս համատարած խավարում տվյալ անձնավորության՝ խղճի առաջ ազնիվ գտնվելու ու միաժամանակ տղերքի արածը այսկերպ գնահատելու քայլը կրկին արժևորեց մեր հերոսների սխրանքը, քանզի նրանք ապրում են, քանի դեռ հիշում ենք ու գնահատում:

Շնորհակալ ենք Ձեզ, ոչ թե հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիներին խոնարհվելու համար, քանզի դա յուրաքանչյուրիս պարտքն է, այլ նրա համար, որ ձեր այս քայլով ընդգծեցիք, որ պետական ծառայողների շարքում կան նաև Ձեզ պես սրտով ու խղճով առաջնորդվող ողջամիտ մարդիկ ու ամենակարևորը՝ բոցավառեցիք մեր ազգային արժանապատվությունը վերագտնելու, քնած վիճակից մի օր արթնանալու հույսը», - նշել է Ալբերտ Հովհաննիսյանի հայրը։