Լրահոս

Կարեն Ասլանյանը՝ Տոկիոյից. Մրցավարական անարդարությունները չեն կարող ինձ կոտրել




Մրցավարների դեմ խաղ չկա, ինչ ուզում ես արա: Մրցավարական անարդարությունները չեն կարող ինձ կոտրել: Շարունակելու եմ պայքարս: Կվերականգնվեմ, վնասվածքներս կբուժեմ եւ նորից կմտնեմ մարզադահլիճ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տոկիոյից ասաց Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր (2018, 2019, 2020) Կարեն Ասլանյանը (67 կգ)` ամփոփելով Տոկիո-2020-ը եւ մեկնաբանելով քառորդ եզրափակիչում վիճարկելի պարտությունը:

Տոկիոյի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի 67 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտեց Աֆրիկայի եռակի չեմպիո, Աֆրիկյան խաղերի չեմպիոն, մինչեւ 23 տարեկանների աշխարհի նախորդ երկու տարիների չեմպիոն, 23-ամյա եգիպտացի Մոհամեդ Իբրահիմ Էլսայեդի հետ եւ վիճարկելի մրցավարության պայմաններում պարտվեց 7:7 հաշվով։ Թեեւ վերջին միավորների առավելությունը Ասլանյանինն էր, բայց հաղթանակը շնորհվեց եգիպտացի ըմբիշին, քանի որ հայ ըմբիշը զգուշացումներ ուներ:

Առաջին մրցափուլի ավարտին գորգի մրցավարը գրանցեց տուշե եւ հաղթանակ շնորհեց հայ ըմբիշին: Տոկիոյի մարզադահլիճում հնչեց հաղթող Կարեն Ասլանյանի անունը, բայց վայրկյաններ անց ամեն ինչ փոխվեց:

Կարեն, ի՞նչ տեղի ունեցավ գորգի վրա անունդ որպես հաղթող հնչեցնելուց հետո:

Այդ պահին մի անհասկանալի բան տեղի ունեցավ, որը մնաց աննկատ, կադրից դուրս, այսպես ասած: Երբ տուշե հնարքն արեցի եւ գրանցվեց այն, հայտարարեցին ինձ հաղթող, որը լսվում է նաեւ տեսագրությունում: Այդ պահին ինչ-որ մեկը վազելով եկավ մրցավարների կողմը: Չհասկացա՝ ինչ ասաց ու այդ պահից սկսեցին վերանայել տեսագրությունը: Հանգիստ սպասում էի, որովհետեւ չէի հավատում, որ ինչ-որ բան կփոխվի: Ես վստահ էի իմ կատարած հնարքի վրա, գիտեի, որ հնարքը գրանցված է, եւ ես հաղթող եմ:

Մարզիկն ինքը գիտի՝ արել է, թե ոչ: Ես գիտեի, որ հնարքի ընթացքում որեւէ տեղից չէի բռնել, ամեն ինչ մաքուր էի արել ու այդքանով հանգիստ էի, որ հաղթանակս չի փոխվի: Փաստորեն սխալ էի հավատում, փոխեցին, արեցին այն, ինչ ուզում էին: Իրականում մրցակցիս թիմը ոչ մի չելենջ էլ չէր տվել: Տուշեն կար, գորգի մրցավարը գրանցել էր, կողային մրցավարները գրանցել էի, հաղթանակն իմն էր մաքուր: Երբ արդեն հայտարարում են հաղթողին, գոտեմարտը համարվում է ավարտված, դրանից հետո հնարքի չելենջ իրավունք չունեն տալու, որոշում փոխելու իրավունք չունեն: Բայց դե, մեր պարագայում, փաստորեն ունեն բոլոր իրավունքները:

Ինչպե՞ս կարողացար այդ դրվագից հետո հավաքվել եւ շարունակել պայքարդ:

Հասկացա, որ ինձ թույլ չեն տալիս հաղթել ու պետք է շարունակել պայքարը մինչեւ վերջ: Ուժերս հավաքեցի, շարունակեցի, պայքարեցի: Հետագա ընթացքն ամենահետաքրքիրն էր. ամեն գնով մրցավարները կռիվ էին տալիս իմ հետ, որ հաղթանակն իմ ձեռքից վերցնեն: 4 միավոր վաստակեցի, 2 տվեցին: Բողոքարկեցինք, հետ բերեցինք միավորներս: Անընդհատ կոտրում էին ինձ գորգի վրա: Ես արդեն հոգնեցրել էի եգիպտացուն, այդ պատճառով անընդհատ կանգնեցնում էին գոտեմարտը, որ նա շնչառությունը կարգավորի, ուժ հավաքի:

Պարտությունդ գրանցվեց հավասար միավորներով՝ քո միավորների առավելությամբ, բայց զգուշացումով: Ի՞նչը պակասեց միավորների մեջ լիարժեք առավելություն ստանալու համար:

Ինձ արդեն զգուշացում էին տվել եւ 2 միավոր հանել իմ հաշվից: Տուշեով հաղթանակս չգրանցեցին, բայց նկատողությունովս հաղթանակս տարան:

Ես շատ լավ մարզավիճակում էի: Ես եկել էի Տոկիո մինչեւ վերջ պայքարելու, որքան հնարավորություններս կներեին: Ես կարող էի մեդալային պայքարում լինել, եզրափակիչ դուրս գալ: Դա իմ ուժերի սահմաններում էր, քանի որ շատ լավ էի պատրաստվել: Վստահ էի իմ ուժերի վրա ավելին, քան երբեւե: Ու ոչ միայն ես, ամբողջ մեր թիմն այս Խաղերում բացառիկ կեցվածքում էր, մենք գերպատրաստված էինք, յուրաքանչյուրս մեր քաշում մինչեւ վերջ գնալու պատրաստ:

Արթուր Ալեքսանյանի, Կարապետ Չալյանի, իմ գոտեմարտերն, ասես, նախնական պայմանավորվածությամբ միտումնավոր մրցավարների կողմնապահությամբ ընթացավ, որպեսզի որեւէ մեկս հնարավորություն չունենանք մինչեւ վերջ պայքարելու:

Կարծում ես՝ կա՞ր հատուկ ուղղորդվածություն:

Սպորտում, մասնավորապես մեր մարզաձեւում շատ են հանդիպում դեպքեր, որ գոտեմարտի ելքը որոշվում է մրցավարների միջամտությամբ: Դա անխուսափելի է: Մեկի հանդեպ, կամ որեւէ երկրից մեկ ներկայացուցիչի հանդեպ, բայց այսպես բացահայտ աշխատել կոնկրետ մի թիմի դեմ, անհավատալի է:

Օրինակ, Կարապետ Չալյանի գոտեմարտն ադրբեջանցու հետ հենց սկզբից պարզ էր, որ մրցավարներն իրենց գործն անելու են: Ես գոտեմարտին հետեւում էի Արմեն Նազարյանի սան Հայկ Մնացականյանի հետ: Կարապետին հենց սկզբից մի զգուշացում տվեցին: Ես հասկացա, Հայկն էլ ասաց՝ զգուշացումը տվեցին, որ երբ պետք լինի, երկրորդը տան: Այնտեղ գլխով հարված չկար: Մենք մարզիկներս գիտենք՝ երբ, ինչ սխալ ենք թույլ տալիս, երբ ենք հարվածում, կա դրանում միտումնավորություն, թե ոչ:

Արթուր Ալեքսանյանը շատ վստահ տեսք ուներ, նույնիսկ վնասված ոտքով լավագույնս մասնակցեց Եվլոեւի հետ եզրափակիչին: Պարտերում ուղղակի փայլուն պաշտպանվեց, մաքուր, իր ուժերի վրա վստահ նստեց պարտեր: Նրան ոչինչ չէր խանգարում հաղթանակի հասնելու համար: Պարտերից հետո, եթե բողոքարկում չտային, երկրորդ մրցափուլում վերեւից Արթուրն էր աշխատում ու հաղթում էր: Դա գիտակցելով Ռուսաստանի թիմի անդամները բողոքարկեցին ոչնչի համար: Մրցավարներն էլ կրկին գիտակցելով, որ առանց դրա չեն կարող խուսափել Արթուրի հաղթանակից, բավարարեցին բողոքարկումը:

Արմեն Մելիքյանն էլ հրաշալի գոտեմարտ անցկացրեց մեկնարկում եւ ուժեղ ըմբիշի հաղթեց: Երեւի երկրորդ գոտեմարտում չէր հասցրել վերականգնվել: Նա նույնպես շատ լավ մարզավիճակում էր ու կարող էր մեդալի համար պայքարել:

Ես մեկնակում հաղթեցի շատ ուժեղ ըմբիշի՝ 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 34-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիին: Կարծում եմ, եթե նրան չհաղթեի, նա էր դառնալու իմ քաշային կարգում չեմպիոնը:

Չգիտեմ, բառերով նկարագրելու չի ,թե ինչպես մեզ՝ բոլորիս, զրկեցին մեր հաղթանակներից: Պարզից էլ պարզ էր:

Վստահ հայտարարում եմ, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանը մրցավարների միջամտությամբ զրկվեց 4 մեդալից, այդ թվում՝ Արթուր Ալեքսանյանի ոսկե մեդալից: Մեզ զրկեցին: