Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովի մենամարտի տեսանյութը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովի մենամարտի տեսանյութը


2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63 կգ) 13 տարվա ընդմիջումից հետո Հայաստանին օլիմպիական մեդալ պարգևեց բռնցքամարտում:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում գյումրեցի բռնցքամարտիկը մրցեց 22-ամյա ամերիկացի Քեյշոուն Դևիսի հետ և պարտվեց միավորներով (0:5): Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս եկած մարզիկներն ապահովում են առնվազն բրոնզե մեդալ:

Նախորդ անգամ Հայաստանը բռնցքամարտում օլիմպիական մեդալ նվաճել էր 2008 թվականին: Պեկին-2008-ում բրոնզե մեդալակիր էր դարձել վանաձորցի Հրաչիկ Ջավախյանը։

Դա 17 մասնակցով մրցավայր մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականի չորրորդ մեդալն էր Տոկիո-2020-ում: Ավելի վաղ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) նվաճել էին արծաթե մեդալներ, իսկ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալակիր էր դարձել սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում: Այս պահին Հայաստանը 66-րդն է մեդալային հաշվարկում:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ում 28-ամյա Հովհաննես Բաչկովը հուլիսի 25-ին մեկնարկել էր Անտիգուան ներկայացնող Ալսթոն Ռայանի նկատմամբ վստահ հաղթանակով (5։0), իսկ 1/8 եզրափակիչում տպավորիչ հաղթանակ էր տարել 2013թ․ աշխարհի չեմպիոն, 29-ամյա ադրբեջանցի Ջավիդ Չելեբիեւի նկատմամբ (4։1)։

Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ Կորյուն Սողոմոյնանը (52 կգ) և Արման Դարչինյանն (75 կգ) ավարտել են ելույթները: Կորյուն Սողոմոնյանը հուլիսի 26-ին տեղի ունեցած 1/16 եզրափակիչի մենամարտում պարտվել էր Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջալալ Յաֆային և լքել պայքարը: Արման Դարչինյանը 1/8 եզրափակիչում Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 23-ամյա սլովակ Անդրեյ Շեմեզի նկատմամբ վստահ հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակիչում նոկաուտով պարտվել էր ֆիլիպինցի Էումիր Մարցիալին: