Լրահոս

Մխիթար Գալեյանը զոհվեց՝ փրկելով ընկերոջ կյանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ


 
 Մխիթարը Երևանից էր, 2019 թվականի հունվարի 17-ին էր բանակ զորակոչվել։ Հադրութում էր ծառայում։

Կանաչ աչքերով այս տղայի լուսանկարն ու նրա հերոսական պատմությունը պատերազմի օրերին տարածվեց համացանցում և ափսոսանքի ու հպարտության առիթ դարձավ։ Հոկտեմբերի 1-ին 2 ընկերոջ՝ Սերժ Հակոբքեխվյանի ու Հայկ Սահակյանի հետ փրկել էին իրենց վիրավոր ընկերոջ՝ Աբիգի կյանքն ու 3-ն էլ անմահացել։ Ինչպես Աստվածաշնչում է ասվում՝ «Չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր կյանքն է զոհաբերում հանուն ուրիշի»։ Եվ իրոք որ։ Մխիթարը հենց այդ տեսակն էր։ Ես նրան չեմ ճանաչել, բայց այս ընթացքում տարբեր մարդկանցից այնքան պատմություններ լսեցի նրա մասին, որ ինձ համար նրա կերպարը միանգամայն պարզ դարձավ։ Մխոն քաջ էր, հայրենասեր ու ընկերասեր և իզուր չէր, որ նրան հաճախ «Դուխավիկ Մխո» էին ասում։ Նա չփախավ իրեն վստահված դիրքից, նա մենակ չթողեց իր վիրավոր ընկերոջը, նա իր կյանքը տվեց իր հայրենիքի ու իր ընկերոջ կյանքը փրկելու համար...

Պատերազմից 8 ամիս անց էլ Մխիթարի մայրը՝ տիկին Աստղիկը, այդպես էլ ոչ մի վայրկյան չի համակերպվել իր որդու կորստի հետ։ Մխիթարենց տանն ամեն բան նրան է հիշեցնում. լուսանկարներ, ձեռքի ժամացույց, «Նարեկը», որը պատերազմից օրեր առաջ Մխիթարը հոր հետ տուն էր ուղարկել։ Թերևս միայն Մխիթարի սխրանքը փաստող մեդալը չկա սեղանին։ Մխիթարի հայրն ու մայրը հրաժարվել են իրենց որդու մեդալը այս դավաճան իշխանությունների ձեռքից վերցնել։ Մխիթարն ընդամենը 20 տարեկան էր։


Նյութի աղբյուրը այստեղ: