Լրահոս

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի մեկնարկն այս տարի կտրվի սահմանամերձ Բերդավանում




 Օգոստոսի 14-ից 29–ը Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնը, որի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը: Փառատոնի մեկնարկն այս տարի կտրվի Տավուշի մարզի Բերդավան գյուղում՝ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի համերգային ծրագրով: 

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս փառատոնը հագեցած ծրագիր ունի՝ օգոստոսի 17-ից 19-ը կանցկացվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, որոնք ներառված են «Մանկական ծրագրի» և «Միջազգային փառատոնային օրերի» շրջանակում: Այս տարի փառատոնը ստացել է 4000-ից ավելի հայտ 120 երկրից, մրցութային ծրագիր է անցել 83 ֆիլմ` 41 երկրից: 

Փառատոնի երևանյան ծրագրի հանդիսավոր բացումը կլինի օգոստոսի 20-ին Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում: Փառատոնը հյուրընկալելու է միջազգային անվանի կինոգործիչների և արվեստագետների, ովքեր մեծ ներդրում և ասելիք ունեն հասարակական և մշակութային կյանքում: Այս տարի փառատոնը մշակել է լայնամասշտաբ բացօթյա համերգների շարք՝ «#FrescoLive» խորագրով: 

021 թվականի ծրագիրը կազմելիս՝ «Ֆրեսկո» փառատոնի կազմակերպիչները հաշվի են առել երկրում տիրող հետպատերազմյան իրավիճակը, և ամբողջ ծրագիրը մշակվել է ներառական արժեքների, հանրության ոգին ու հավատը ամրացնող, գոտեպնդող, մոտիվացնող, զինվորներին մեծարող, հայրենիքի համար իրենց կյանքը տված հերոսներին հիշատակող միջոցառումներով: 

«Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ: