Նախօրեին զոհված ժամկետային զինծառայող Արման Հակոբյանը մի քանի օր առաջ դարձել էր 19 տարեկան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նախօրեին զոհված ժամկետային զինծառայող Արման Հակոբյանը մի քանի օր առաջ դարձել էր 19 տարեկան




Ադրբեջանի արձակած կրակոցների հետեւանքով նախօրեին՝ օգոստոսի 16-ին, զոհված ժամկետային զինծառայող Արման Հակոբյանն այս տարվա հունվար ամսին էր զորակոչվել բանակ, ծառայում էր Վարդենիսում։ Նա ծնունդով Արագածոտնի մարզի Թալինից շրջանից էր։

«Ինքնամփոփ, հանգիստ ու մեղմ տղա էր։ Միշտ պատրաստակամ էր իր ընկերներին օգնելու։ Ավարտելուց հետո բարձրագույն ուսումնական հաստատություն չէր դիմել, սակայն ծրագրավորումից լավ գիտելիքներ ուներ եւ ցանկանում էր այդ ուղղությամբ շարունակել»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Թալինի ավագ դպրոցի տնօրեն Աննա Կնյազյանը։

Արման Հակոբյանը մի քանի օր առաջ էր դարձել 19 տարեկան։ Նա ընտանիքի ավագ որդին էր, ուներ իրենից փոքր երկու անչափահաս եղբայր։


Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին, ադրբեջանական Զինված ուժերի ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի ուղղությամբ։ Դրա արդյունքում հրազենային մահացու վիրավորում էր ստացել 1975 թվականին ծնված ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը։

Իսկ ավելի ուշ՝ ժամը 18։10–ի սահմաններում, արդեն Գեղարքունիքի հատվածում Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էր բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում մահացու հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող, 19–ամյա Արման Հովհաննեսի Հակոբյանը: Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունեցել է առնվազն երեք զոհ եւ վիրավոր: