Ադրբեջանական կողմը հրաժարվել է բանակցել հայկական կողմի հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադրբեջանական կողմը հրաժարվել է բանակցել հայկական կողմի հետ




Ադրբեջանական կողմը հրաժարվել է բանակցել հայկական կողմի հետ, շփումները ռուս զինվորականների հետ են։ Գորիս-Կապան միջմարզային և միջպետական նշանակության ավտոճանապարհը դեռ փակ է։

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհահատվածների ապաշրջափակման վերաբերյալ հայկական կողմի հետ բանակցելուց Բաքվի հրաժարումը կապված է Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի վիրավորվելու պատճառով ներկայացված պահանջների հետ։ Տեղեկությունը հայտնել է Sputnik Արմենիայի աղբյուրը:

Օգոստոսի 25-ին Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը հայտնել էր «Կուբաթլուի հատուկ սահմանապահ ստորաբաժանման տարածքում ծառայություն անցնող զինծառայող Ռուսլան Շիրալիևի վիրավորվելու մասին»: Բաքվում պնդում են, թե իբր երկու հայ զինվորականներ հարձակվել են ադրբեջանցի զինվորի վրա ու սվինով հարվածել կրծքին։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը սպառնացել է «համարժեք պատասխան տալ սադրանքին»։

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես եկավ պաշտոնական հերքմամբ՝ ադրբեջանական կողմի հաղորդագրությունը անվանելով «բացարձակ սուտ»: Օգոստոսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ մասնակցել այդ միջադեպի հետաքննությանը, եթե Բաքուն այդ մասին ինչ-որ տեղեկություններ ունի:

Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնեց, որ ի սկզբանե ադրբեջանական կողմը պնդել է հետաքննության համար իրեն հանձնել «զինծառայողի վիրավորվելու միջադեպի մեղավորներին»:

Հենց դրանով էլ, ակնհայտորեն, պայմանավորված էր հայկական կողմի հետ շփումներից հրաժարվելը և միայն ռուս զինվորականների հետ բանակցելու ցանկությունը։

Ադրբեջանցիների դիրքորոշումը բխում է այն տրամաբանությունից, որ իրենց զինծառայողը «վիրավորվել է իրենց տարածքում», և նրանք ընկալում են դա որպես դիվերսիա։ Sputnik Արմենիայի աղբյուրի տվյալներով՝ շփումներն ուղեկցվում են ուժեղ էմոցիոնալ լարումով։ Այժմ գլխավոր խնդիրն է ստանալ այնպիսի լուծում, որը կբավարարի երկու կողմերին էլ։

Ամեն ինչ տանում է նրան, որ Հայաստանի և Ադրբեջանի քննչական ծառայությունների ներկայացուցիչները դեպքի վայր գնան։ Մեր աղբյուրն ավելացրեց, որ դա պետք է դառնա բանակցությունների ելակետը, որից հետո ճանապարհի արգելափակված հատվածներում երթևեկության բացման շուրջ պայմանավորվածության ձեռքբերումն իրական կդառնա։

Հետագա գործողությունների և ծրագրերի մասին ոչ ոք չգիտի, տեղի բնակիչները նույնպես որևէ տեղեկություն չունեն։ Տեղում են հայ և ռուս սահմանապահները։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` օգոստոսի 25-ին ադրբեջանցի զինվորականները փակել են Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը:

Տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում ավտոմայրուղում երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ:Օգոստոսի 26–ին հակառակորդի զինվորականները փակել են Գորիս-Որոտան հատվածը։

Հենց Գորիսում իրավիճակն այժմ ընդհանուր առմամբ հանգիստ է, սակայն Քարահունջ գյուղից դեպի Որոտան, Շուռնուխ, ինչպես նաև Կապանի ճանապարհներն ամբողջությամբ փակ են։

Հետագա գործողությունների և ծրագրերի մասին ոչ ոք չգիտի, տեղի բնակիչները նույնպես որևէ տեղեկություն չունեն։ Տեղում են հայ և ռուս սահմանապահները։

Կապանի համայնքապետ Գևորգ Պարսյանն այսօր առավոտյան Sputnik Արմենիային ասել է, որ ճանապարհների բացման բանակցությունները դեռ չեն վերսկսվել։