Լրահոս

«Ռեալի»` հաջողության հասնելու 3 թաքնված կետ




Բոլորովին վերջերս Կառլո Անչելոտտիի կարիերան գահավիժում էր. նախ տոտալ ձախողում «Բավարիայում», հետո միջակ աշխատանք «Նապոլիում» և «Էվերթոնում»: Թվում էր՝ հաջորդ քայլը կլինի հեռուսատեսային վերլուծաբանի աթոռը, սակայն անսպասելիորեն նա ստացավ իր կյանքը հունի մեջ գցելու, երևի թե, վերջին շանսը։ «Ռեալի» բյուջեն զգալիորեն կրճատվեց, տրանսֆերային պատուհանին նույնիսկ «Արարատն» էր ավելի ակտիվ, քան «Ռեալը»։

Սակայն, միևնույն ժամանակ, պետք է նշել, որ խանդավառությունը միայն բավական չէ լուրջ հաղթանակներ կերտելու համար, իսկ Կառլոն քաջ գիտակցում է, որ եթե Մադրիդից հեռանա առանց գավաթների, ապա նրան նորից, ինչպես 2015-ին կվռնդեն, բայց այս անգամ՝ անդարձ։ Պետք է հասկանալ՝ ինչ անել և ինչպես։ Ստորև ներկայացնում ենք Անչիի և «Ռեալի» բոլոր հաղթաթղթերը առաջիկա 9 ամիսվա ընթացքում։

Լա լիգայի նոր աստղը կլինի «Ռեալից»

Մեսիի և Ռամոսի հեռանալուց հետո եվրոպական բոլոր լրատվամիջոցները հարցում անցկացրին՝ «ո՞վ է լինելու Լա Լիգայի նոր ատսղը»։ Տարբերակների մեջ էին Մոդրիչը, Սուարեսը և Գրիզմանը։ Բայց առավել շատ ձայն ստացել է Կարիմ Բենզեման։ Ֆրանսիացին հրաշալի մարզավիճակում է, նրա ամենակարևոր առանձնահատկությունը՝ մրցակցին հանկարածակիի բերելը, մինչև հիմա աշխատում է նույնքան անխափան, ինչպես շվեյցարական լավագույն ժամացույցը։ Եթե Մոուրինյոն ժամանակին նրան համեմատում էր ծույլ կատվի հետ, հիմա ֆաները նրան «վագր» են անվանում։ Ու լրիվ տեղին։



Չենք մոռանում նաև Դավիդ Ալաբայի մասին, որը «Ռեալին» միացել է ամառային անվճար տոնավաճառի շրջանակում։ Եթե չլիներ ավստրիացու տրանսֆերը, «Ռեալին» ու Անչիին վստահաբար կարելի էր ուղարկել Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճելու։ Բայց հիմա Անչելոտին, ի դեմ Ալաբայի, ունի ունիվերսալ կենտրոնական պաշտպան, որը կարող է փակել ցանկացած դիրք ու լինել թիմի առաջատարը, եթե չլինի Բենզեման։ Ալաբայի ձեռքբերումը դեռ փոքր-ինչ թերահավատություն է առաջացնում, քանի որ նա որպես կենտրոնական պաշտպան դեռ զիջում է հեռացած Ռամոսին ու Վարանին, սակայն մարաթոնյան հեռավորության վրա Դավիդը չափազանց լավ է խաղում։

Ազարի վերածնունդը

Մադրիդի «Ռեալի» վերջին տարիների պատմությունը կարելի է բաժանել երկու դարաշրջանի ՝ Անտոնիո Պինտուսով և առանց նրա: Երբ ակումբում աշխատում էր ֆիզիկական պատրաստավածության գծով խիստ մարզիչ, «Ռեալը» «ԵրԱզի» նման անմահ ավտո էր հիշեցնում՝ հեշտությամբ դիմադրում էր 120 րոպե, զերծ էր մնում վնասվածքներից ու ամեն տարի թանգարան էր բերում չեմպիոնական գավաթներ։ Հենց Անտոնիոն հեռացավ Վալդեբեբասից, թիմը սարսափելի անկում ապրեց, ֆուտբոլիստները դարձան բյուրեղապակյա։ Այդ շրջանի ամենաբնորոշ հատվածը, թերևս, վերջին մրցաշրջանն էր, երբ գրեթե բոլորը վնասվածքի պատճառով դուրս եկան շարքից՝ անհաջողակ Կարվախալից մինչև երկաթե Ռամոս:



Ամենածանրն իհարկե, Էդեն Ազարի կյանքն էր: «Ռեալը» նրա համար ծախսել էր ավելի քան 150 մլն եվրո, բայց բելգիացին դեռևս չի անցկացրել նույնիսկ հինգ անընդմեջ հանդիպում: Նա հաճախ է կոճի և ազդրի վնասվածք ստանում, բայց հիմա թվում է՝ ամեն ինչ նորմալ է` շնորհիվ վերադարձած Պինտուսի: Տեսականորեն, նա կարող է Հադեսի ճիրաններից հետ բերել մի մարդու, որը տարիներ շարունակ պատռում էր Պրեմիեր լիգան։ Այդ պարագայում դա ավելի լավ կլինի, քան ցանկացած «յուղոտ» տրանսֆեր:
«Փրկության» գավաթ

Զինեդին Զիդանի մադրիդյան աշխատանքում ակնհայտ էր մի բան. նա պարզապես թքած ուներ Իսպանիայի գավաթի վրա և փորձում էր հնարավորինս շուտ փախչել այնտեղից: Երբեմն նա պարտվում էր «Լեգանեսին», երբեմն էլ նվեր էր տալիս ինչ-որ երրորդ լիգայի փոքրիկ ակումբներին։ Անչելոտին այլ մոտեցում ունի. Կառլոն մեծագույն հաճույք է ստանում ցանկացած գավաթ նվաճելուց: Հատկանշական է, որ «Ռեալն» Իսպանիայի արքայական գավաթը նվաճել է հենց ծերուկ Անչելոտիի հետ։ Իհարկե, Պապա Կառլոն արժանապատվորեն կպայքարի Լա Լիգայի ոսկու և Չեմպիոնների գավաթի համար, բայց, ինչպես դասականն էր ասում, «DVD-ն էլ վատ չէ». արդեն հիմա պարզ է, որ Կառլոն կպայքարի երրորդ մրցանակի համար ևս:



Եթե ներքին առաջնությունում Անչելոտին ձախողվի, նրան ոչինչ չի լինի։ Եթե Չեմպիոնների լիգայում «Ռեալին» դուրս շպրտի միջին վիճակագրական «Պորտուն», Անչելոտիի վրա ոչ մեկը մատ թափ չի տա։ Ցանկացած այլ պարագայում, եթե 3 հնարավոր մրցանակներից Անչելոտին նվաճեր միայն Իսպանիայի գավաթը, Պերեսը նրան գործից կհաներ, բայց հիմա անցումային մրցաշրջան է, նույնիսկ մեկ գավաթը նրան թույլ կտա շարունակել աշխատանքը Մադրիդում, իսկ 2022/2023 մրցաշրջանում ջարդել բոլորին Մբապեի հետ։ Այ դա կլինի շախ ու մատ։