«Սպենդիարյան – 150» երաժշտական փառատոնի մանրամասները՝ մամլո ասուլիսում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Սպենդիարյան – 150» երաժշտական փառատոնի մանրամասները՝ մամլո ասուլիսում



Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հարակից բակում կայացավ մամլո ասուլիս՝ սեպտեմբերի 4-5-ը Գյումրիում կայանալիք «Սպենդիարյան – 150» երաժշտական փառատոնի թեմայով: 
  Բանախոսներն էին Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը (ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ), դաշնակահար Հայկ Մելիքյանը (ՀՀ վաստակավոր արտիստ) և օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը (ՀՀ ժողովրդական արտիստ): Ասուլիսի ընթացքում Մարինե Օթարյանը, հիշեցնելով, որ Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ. օրացույցում, նշեց, որ միջոցառումներ են նախատեսվում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Նա ներկայացրեց փառատոնի մասնակիցներին՝ ընդգծելով, որ փառատոնի նպատակներից մեկն ու Սպենդիարյանի տուն-թանգարանի վերջին տարիների քաղաքականությունն այն է, որ Սպենդիարյանի թե՛ սիմֆոնիկ, թե՛ կամերային ժանրի ստեղծագործությունները հայ երաժիշտները ներառեն իրենց երկացանկում: «Համերգային ծրագրում մեկտեղված են Սպենդիարյանի կամերային լավագույն ստեղծագործությունները, և ունկնդիրները հնարավորություն կունենան տեղափոխվելու սպենդիարյանական աշխարհ»,-ասաց տիկին Օթարյանը՝ կարևորելով փառատոնին մասնակցող տարբեր տարիքի երաժիշտների սերունդների երկխոսությունը: Նա հավելեց, որ փառատոնի ընթացքում սպասվում է երկու պրեմիերա. Սպենդիարյանի «Գուշակուհին» ստեղծագործությունը քառաձեռն դաշնամուրի համար և «Ալմաստ» օպերայից «Ալմաստի պարը»՝ Հայկ Մելիքյանի դաշնակուրային փոխադրմամբ, հնչելու են համերգային առաջին կատարմամբ:


Դաշնակահար Հայկ Մելիքյանը նշեց, որ երբեք առիթ չի ունեցել կատարել Սպենդիարյանի ստեղծագործությունները և այս առումով շնորհակալ է Մարինե Օթարյանին՝ փառատոնին մասնակցելու հրավերի համար: «Կոմպոզիտորի դաշնամուրային ստեղծագործությունները բացահայտում էին ինձ համար»,-ընդգծեց նա:

 
  
Օպերային երգիչ Բարսեղ Թումանյանն իր խոսքում ընդգծեց Սպենդիարյանի հզոր ձեռագիրը, ստեղծագործական ինքնատիպությունը բացահայտելու անհրաժեշտությունը թե՛ երաժիշտների, թե՛ ունկնդիրների համար: Նա նշեց, որ հոբելյանական տարին և փառատոնը հերթական առիթն են փառավորելու կոմպոզիտորի երաժշտությունը: 

Վերջում փառատոնի կազմակերպիչները մշակութասեր հասարակությանը սիրով հրավիրեցին Գյումրի:


Հիշեցնենք, որ փառատոնին մասնակցում են անվանի դաշնակահարներ՝ ՀԽՍՀ ժող․արտիստ Սվետլանա Նավասարդյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը, օպերային երգիչներ՝ ՀՀ ժող․արտիստ Բարսեղ Թումանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանը, Կոմիտասի անվան պետական լարային քառյակը, Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան Աիդա Ավանեսյանը, «Մեկնարկ տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամներ Արտյոմ Իոնիսյանը, Արթուր Գրիգորյանը, Էլեն Խաչիկյանը, Անդրեյ Կուրբետը, Պոլինա Շարաֆյանը և Դավիթ Բաբայանը: Կհնչեն Սպենդիարյանի կամերային ստեղծագործությունները:
Փառատոնը կազմակերպվում է Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Փառատոնի գործընկեր՝ «Ֆորմիկա Արթ Պրոդաքշն», պրոդյուսեր՝ Շահեն Նազարենկո։