Լրահոս

Սամվել Թադեւոսյանը՝ «Սողոմոնի երգերը» ֆիլմում Կոմիտասին մարմնավորելու եւ առաջիկա պրեմիերային ներկա չգտնվելու պատճառի մասին




Սեպտեմբերի 10-ից Հայաստանում մեծ էկրաններ կբարձրանա Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թ-ին՝ Լոս Անջելեսում: Ժապավենը հիմնված է իրական դեպքերի վրա: Այն Սողոմոն վարդապետի՝ Կոմիտասի կյանքի մասին է, նաեւ ընկերության, որը դաժանորեն ընդհատվել է համիդյան ջարդերի պատճառով։

 
 Ֆիլմի գլխավոր հերոսին՝ Կոմիտասին, մարմնավորում է դերասան Սամվել Թադեւոսյանը. դերասանն այս պահին Իտալիայում է՝ զբաղված է նոր ֆիլմի նկարահանումներով, ինչի պատճառով չի կարողանա ներկա գտնվել ֆիլմի պրեմիերային, սակայն NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա սիրով անդրադարձել իր կերպարին, դժվարություններին ու իր առջեւ դրված հիմնական առաքելությանը:

Սամվելը խոստովանեց, որ երբ Արման Նշանյանի կողմից ստացել է Կոմիտասին մարմնավորելու առաջարկը, այն միանգամից չի ընդունել. «Ինձ համար կարեւոր էր, թե ինչպես էր ինքը՝ Արմանը, պատկերացնում Կոմիտասին: Եկանք այն կետին, որ այդ կերպարը չի խոսում, ինքն, ըստ երեւույթին, կառուցված է բոլոր այն պատկերացումների վրա, որն ունի հասարակությունը: Առհասարակ, մտավախության կամ երկմտելու հարց երբեք չի եղել: Արմանն առաջ քաշեց այն տեսակետը, որ կերպարը թե´ վիզուալ, թե´ էներգետիկ առումներով հիմնված է այն պատկերացումների վրա, որոնք կան Կոմիտասի շուրջ: Դերասան-ռեժիսոր միասնությունն, առհասարակ, կառուցված է վստահության վրա: Այսինքն՝ եղել է վստահության որոշակի քանակ, որը ենթադրել է միասին աշխատելը, ու դրա արդյունքում ստացվել է այն, ինչ ունենք»,-պարզաբանեց դերասանը:

Նա հավելեց, որ կերպարի միջոցով Կոմիտասի շուրջ նոր բան բացահայտելու, գտնելու խնդիր իր առջեւ չի եղել.

Սամվելի խոսքով՝ կերպարը մարմնավորելու հետաքրքիր կողմերից է եղել Կոմիտասի վիզուալ տեսքը՝ ճաղատությունը, հայացքը ստանալը.

«Կերպարը վիզուալ կառուցված է բոլոր այն լուսանկարների հիման վրա, որոնք կան Կոմիտասից, այն ողբերական պատմությունների հիման վրա է՝ ինչպես դրանք դարձնել գործողություն, կամ՝ լռություն, փակ մարմին, ուղղակի լինել այնտեղ, որովհետեւ ինքը չի խաղում՝ ուղղակի կա»,-նշեց նա՝ հավելելով,-«Չեմ հիշում, որ նկարահանման ընթացքում լինեին բարդություններ: Հիմնական բանը, որ գլխիս մեջ պտտվում էր, այն էր, որ հենց այդպես իրեն պահեմ՝ այդ ռիթմի, այդ հայացքի մեջ: Ինքն, առհասարակ, հեռու է, ֆիզիկապես ներկա է, բայց նաեւ ներկա չէ… Այդ ամենն ամբողջական պահելու վրա էի կենտրոնացել, որովհետեւ կերպարն, առհասարակ, տեքստ չուներ: Արմանի կողմից չկար մտադրություն բացել Կոմիտասի հոգեբանությունը, նրա իրական լինելը: Կերպարը, մեծ հաշվով, հիմնված էր Արմանի ընկալումների վրա, ու խոսակցությունների ընթացքում այդ պատկերն ավելի է հստակեցվել ու դարձել կերպար»,-նշեց նա:



Ավելի վաղ «Սողոմոնի երգերը» ընտրվել էր Հայաստանի Ազգային Կինոակադեմիայի կողմից, որպեսզի ներկայացներ Հայաստանը 2021 թվականի «Օսկար» մրցանակաբաշխությանը:

Ֆիլմի համապրոդյուսերներից է Նիք Վալելոնգան, որը «Օսկար» մրցանակի արժանացած «Կանաչ գիրք» ֆիլմի պրոդյուսերներից է:

Ֆիլմում նկարահանվել են նաեւ Արման Նշանյանը, Արեւիկ Գեւորգյանը, Տաթեւ Հովակիմյանը, Սոս Ջանիբեկյանը, Արման Նշանյանը, Արտաշես Ալեքսանյանը, Ժան-Պիեր Նշանյանն ու այլք:


Նյութի աղբյուրը այստեղ: