Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150–ամյակը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ․ օրացույցում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150–ամյակը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ․ օրացույցում




2021 թվականի նոյեմբերի 1-ին լրանում է մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150–ամյակը։ Այս կարևոր հոբելյանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ․ օրացույցում։ Հոբելյանական միջոցառումներն իրականացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Հայաստանում հոբելյանական պետական հանձնաժողովը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ ոչ միայն մեր երկրում, այլև նրա սահմաններից դուրս: Միջոցառումների համակարգման աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնում է կոմպոզիտորի տուն-թանգարանը:


Ժամեր առաջ մեկնարկած միջոցառումներն այս անգամ Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիում էին: «Սպենդիարյան – 150» խորագիրը կրող երաժշտական փառատոնի շրջանակում այսօր ԵՊԿ Գյումրու մասնաճյուղում կայացավ հանդիպում՝ «Սպենդիարյանը Հայաստանում» խորագրով: Ստորագրվեց համագործակցության հուշագիր Սպենդիարյանի տուն-թանգարանի և ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի միջև: Ներկայացվեց դասախոսություն, որի բանախոսները Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը և ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանն էին: Ցուցադրվեց տուն-թանգարանի գիտաշխատողներ Ինեսա Խաչատրյանի և Տաթևիկ Տանանյանի հեղինակած «Իրականացված երազանք» տեսաֆիլմը, որում պատմվում և բացառիկ նյութեր են ցուցադրվում Սպենդիարյանի և նրա ուսուցիչ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործական փոխհարաբերությունների մասին: Հանդիպումը եզրափակվեց համերգով՝ ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի ուսանողների մասնակցությամբ: Հնչեցին հայ կոմպոզիտորի ստեղծագործություններ:


Երաժշտական փառատոնի շրջանակում միջոցառումները Գյումրիում շարունակվելու են նաև վաղը: Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 20:00-ին, Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում կազմակերպվելու է բացօթյա համերգ՝ անվանի երաժիշտների մասնակցությամբ: Փառատոնին մասնակցում են աշխարհահռչակ դաշնակահարներ Սվետլանա Նավասարդյանը, Հայկ Մելիքյանը, օպերային երգիչներ Բարսեղ Թումանյանը, Մագդա Մկրտչյանը (նվագակցող՝ Վալերի Այվազյան), Կոմիտասի անվան պետական լարային քառյակը, ինչպես նաև պատանի երաժիշտներ, որոնք արդեն հասցրել են նվաճել համաշխարհային բեմեր: Նրանց թվում են Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան Աիդա Ավանեսյանը, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի (գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Բաբախանյան) անդամներ՝ Արտյոմ Իոնիսյանը, Արթուր Գրիգորյանը, Էլեն Խաչիկյանը, Անդրեյ Կուրբետը, Պոլինա Շարաֆյանը, Դավիթ Բաբայանը: Համերգային ծրագրում կոմպոզիտորի կամերային ստեղծագործություններն են:


Փառատոնի գործընկերն է «Ֆորմիկա Արթ Պրոդաքշնը» ընկերությունը, պրոդյուսեր՝ Շահեն Նազարենկո: