ԱԱ-2022. Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԱԱ-2022. Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը




Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը J խմբում ընդունեց Լիխտենշտեյնի թիմին և չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը՝ 1:1: Ամբողջ խաղի ընթացքում Խոակին Կապառոսի գլխավորած թիմն ուներ մեծ առավելություն, սակայն վերջնամասում գոլ բաց թողեց և կորցրեց կարևոր միավորներ:

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում անցկացված խաղը Հայաստանի հավաքականը սկսեց երկրպագուական հզոր աջակցության ներքո և հենց սկզբից ուներ մեծ առավելություն:

Հյուրերի տուգանային հրապարակում առաջին վտանգավոր պահը եղավ առաջին րոպեին, երբ Հենրիխ Մխիթարայնը գլխի հարվածով սպառնաց մրցակցի դարպասին, բայց այն շեղ ստացվեց:

Խաղի սկզբնամասն անցնում էր Լիխտենշտեյնի հավաքականի կիսադաշտում: Դաշտի տերերն անդադար գրոհում էին, իսկ 10-րդ րոպեին կորցրին իրական գոլային պահ: Անկյունայինի խաղարկման ժամանակ մրցակցի տուգանային հրապարակ եկած Վարազդատ Հարոյանը շեղ հարվածեց «մահացու» դիրքից: Քիչ անց Լիխտենշտեյնի հավաքականը 2 անգամ ստացավ անկյունային հարվածի իրավունք, դրանցից մեկը վտանգավոր ստացվեց:

16-րդ րոպեին մրցակցի դարպասին սպառնաց Խորեն Բայրամյանը, որի հարվածից հետո գնդակն ընթացավ ուղիղ դարպասապահի վրա: Քիչ անց վտանգավոր գլխի հարված կատարեց Ալեքսանդր Կարապետյանը: Հաջորդիվ հերթը Տիգրան Բարսեղյանինն էր, որի՝ հեռու տարածությունից կատարած հարվածից հետո մրցակցի դարպասապահը դժվարությամբ հետ մղեց գնդակը:

Հայաստանի հավաքականի գրոհների շարքին հաջորդում էին հյուրերի հազվադեպ հակագրոհները, որոնք վտանգավոր չէին ստացվում:

Հանդիպման սցենարը չէր փոխվում, խաղն անցնում էր մեկ կիսադաշտում: Լիխտենշտեյնի հավաքականը պաշտպանվում էր ամբողջ թիմով և ազատ տարածություններ չէր տալիս դաշտի տերերին: Գիտակցելով դա՝ Հայաստանի հավաքականը մի քանի անգամ փորձեց մրցակցի դարպասապահին անհանգստացնել հեռու տարածությունից, սակայն ապարդյուն: 42-րդ րոպեին հայկական թիմը տուգանային հարվածի իրավունք ստացավ հարմար դիրքում, բայց Տիգրան Բարսեղյանի հարվածը շեղ ստացվեց:

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Հենրիխ Մխիթարյանին հյուրերի պաշտպանը գցեց տուգանային հրապարակում: Հանդիպման գլխավոր մրցավարը VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո նշանակեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց իտալական «Ռոմայի» կիսապաշտպանը՝ 1:0: Թիմերն ընդմիջման գնացին այդ գոլից հետո: Պատմության մեջ առաջին անգամ «Հանրապետական» ստադիոնում կիրառվեց VAR համակարգ:

Ընդմիջմանը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Խորեն Բայրամյանի փոխարեն դաշտ դուրս բերեց Ժիրայր Շաղոյանին, որը շատ ակտիվ մտավ խաղի մեջ և տեղ զբաղեցրեց ձախ եզրում: Երկրորդ խաղակեսում ևս Հայաստանի հավաքականն ուներ տոտալ առավելությունը: Դաշտի տերերն անցկացնում էին բազմաթիվ գրոհներ, իսկ գնդակ կորցնելիս թիմային պրեսինգով արագորեն վերադարձնում էին այն: Սակայն խաղային առավելությունն իրական գոլային պահերի վերածել չէր հաջողվում:

61-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանը փորձեց եզրափակել եզրային գրոհը, բայց նրա հարվածից հետո մրցակցի դարպասապահը որսաց գնդակը:

72-րդ րոպեին գնդակը մոտ էր հյուրերի դարպասում հայտնվելուն: Տիգրան Բարսեղյանի հարվածից հետո Լիխտենշտեյնի հավաքականին գոլից փրկեց դարպասաձողը:

Երկրորդ խաղակեսում Լիխտենշտեյնի հավաքականն ընդհանրապես չէր գրոհում և հազվադեպ էր դուրս գալիս սեփական կիսադաշտից: Ընդմիջումից հետո հյուրերի առաջին գրոհն ավարտվեց դարպասի գրավումով: 80-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց 19-ամյա հարձակվող Նոա Ֆրիկը՝ 1:1:

2 րոպե անց դաշտի տերերն ունեին հաշվի մեջ առաջ անցնելու հնարավորությունը, որը չօգտագործեց Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի ավագի հարվածը բարձր ստացվեց:

Վերջնամասում հայկական թիմի՝ կորցրածը հետ բերելու բոլոր ջանքերն ապարդյուն էին՝ 1:1:

Այս ոչ ոքիից հետո Հայաստանի հավաքականը 11 միավորով մնաց երկրորդ տեղում և 1 միավոր է հետ խմբի առաջատար գերմանացիներից, որոնք մեկ հանդիպում պակաս են անցկացրել: Խմբի մյուս խաղերում Գերմանիայի հավաքականը սեպտեմբերի 8-ին կհյուրընկալվի իսլանդացիներին, իսկ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը կընդունի Ռումինիայի թիմին:

Հայաստանի և Լիխտենշտեյնի հավաքականները հանդիպեցին 6-րդ անգամ: Նախորդ 5 խաղերում Հայաստանի հավաքականը տարել էր 3 հաղթանակ, ևս 2 անգամ թիմերը չէին պարզել հաղթողին:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի նախորդ 5 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2), գոլազուրկ ոչ ոքի խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ, պարտվել Գերմանիային (0:6): Գերմանիան այս պահին ունի ունի 12 միավոր, Ռումինիան՝ 9, Հյուսիսային Մակեդոնիան՝ 8, Իսլանդիան՝ 4, իսկ Լիխտենշտեյնը կրել է 5 պարտություն:

ԱԱ-2022, ընտրական մրցաշար, 6-րդ տուր

J խումբ

Հայաստան - Լիխտենշտեյն՝ 1:1

Հենրիխ Մխիթարյան, 45+5 (11մ) – Նոա Ֆրիկ, 80

Հայաստան. Դավիթ Յուրչենկո, Դավիթ Տերտերյան, Անդրե Կալիսիր (Իշխան Գելոյան, 87), Վարազդատ Հարոյան, Կամո Հովհաննիսյան, Սոլոմոն Ուդո, Հենրիխ Մխիթարյան, Խորեն Բայրամյան (Ժիրայր Շաղոյան, 46), Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան, Ալեքսանդր Կարապետյան (Էրիկ Վարդանյան, 78)։