Երիտասարդ երգիչ Տիգրան Պետրոսյանի նոր տեսահոլովակն ու համագործակցությունը Գոռ Հակոբյանի, Լիա Զախարյանի հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երիտասարդ երգիչ Տիգրան Պետրոսյանի նոր տեսահոլովակն ու համագործակցությունը Գոռ Հակոբյանի, Լիա Զախարյանի հետ




Երիտասարդ երգիչ Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է իր երրորդ տեսահոլովակը «Ինձ ու քեզ» երգի հիման վրա։ Տիգրանը մանկուց է երգում, սակայն հիմա նրա առաջին քայլերն են շոու բիզնեսում։

Tert.am Life–ի հետ զրույցում Տիգրանը պատմեց, որ առաջին տեսահոլովակը նկարահանել է բանակից զորացրվելուց 15 օր անց, այն լսարանին ներկայացնելու շրջանը, սակայն, լավագույնը չէր․ պրեմիերայից օրեր անց սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը։

«Առաջին տեսահոլովակիս հերոսուհին Լիա Զախարյանն է։ Կարծում եմ՝ հետաքրքիր աշխատանքն էր, սակայն տեսահոլովակը չհասցրեց տարածում գտնել։ Պատերազմից հետո արդեն ոչ տեսահոլովակի, ոչ էլ այն տարածելու ժամանակն էր։ Բնականաբար, իմ գործունեությունը կանգ առավ, ըստ էության, Հայաստանում ամեն բան ու բոլորիս կյանքը կանգ առավ,– ասաց 21-ամյա երգիչը, որը չի հուսահատվել և ամիսներ անց վերսկսել է աշխատանքը։ –Հետագայում որոշեցի չվերադառնալ այդ աշխատանքին ու տարածել այն, սկսեցի աշխատել նոր երգերի և տեսահոլովակների վրա»։




Գարնանը նա ներկայացրեց իր երկրորդ՝ «Ամենա» երգի տեսահոլովակը, իսկ օրեր առաջ՝ «Ինձ ու քեզ»–ը․ «Վերջին երգս և տեսահոլովակս ավելի տխուր շեշտադրում ունեն։ Երեք երգիս հեղինակն էլ Գոռ Հակոբյանն է, կարծում եմ՝ մեր համագործակցությունը շարունակական կլինի»։

Տիգրանը սովորում է Կոնսերվատորիայում՝ Ժողովրդական երգեցողության բաժնում, երրորդ կուրս է, սակայն լսարանին ներկայանում է պոպուլյար երաժշտությամբ․ «Ժողովրդական երգեցողությանը տիրապետելն օգնում է երգել ժամանակակից երաժշտություն։ Հետագայում գուցե ժողովրդական երգի տարրեր էլ ներառեմ իմ երգերում, սակայն այս պահին ավելի ժամանակակից երաժշտություն եմ ներկայացնում»։

Երիտասարդ երգիչը մտածում է նաև դերասանական կարիերայի մասին։ «Փոքր տարիքից երգել եմ, փորձել եմ դերասանական նմանակումներ անել, սակայն երբ պետք է մասնագիտական ընտրություն անեի, ընտրեցի երգը։ Տեսահոլովակներում դերասանական առաջին քայլերս եմ անում, կարծում եմ՝ սկզբի համար լավ է, չնայած աճելու շատ տեղ կա։ Երեք տեսահոլովակի դեպքում էլ աշխատել եմ ռեժիսոր Տիգրան Ավետիսյանի հետ։ «Ինձ ու քեզ»–ն ավելի խաղարկային տեսահոլովակ էր, ռեժիսորն ինձնից գոհ էր։ Տեսահոլովակ առ տեսահոլովակ թիմի բոլոր անդամներս էլ նկատում ենք աճ, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է։ Սակայն վերջնական գնահատականը կտա հանդիսատեսը»,– նշեց նա ու հավելեց, որ ժողովրդի սերը վայելելն իր համար շատ կարևոր է։



Տիգրանի խոսքով՝ ճանապարհի դժվարություններից չի վախենում, քանի որ ոչինչ հեշտ չի տրվում։ «Պատրաստ եմ անցնելու մեծ ճանապարհ՝ հասնելու իմ նպատակին, որն է լինել ժողովիդի կողմից սիրված երգիչ և անկեղծ իմ հանդիսատեսի հետ։ Երազում եմ մենահամերգ ունենալ Մարզահամերգային համալիրում, քաջ գիտակցում եմ, որ դա ենթադրում է մեծ աշխատանք, դրան հենց այնպես, մի երգով չես հասնի։ Ես վստահ եմ, որ հաջողություն եմ ունենալու․ պիտի պատկերացնես ճանապարհիդ վերջնակետը, այլապես հաջողություն չես ունենա»,– ասաց նա։

 
Երիտասարդ երգիչը պատմեց, որ ներկայիս աշխատանքներն իրականացնում է ընտանիքի ֆինանսավորմամբ։ Իրեն աջակցում և ոգևորում են, թեև ի սկզբանե դեմ էին, որ երաժշտական կարիերա սկսի։

Հայտնիությունը որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է։ Շատ հաճախ հայտնի մարդիկ բողոքում են հայտնի լինելու սահմանափակող կողմի մասին։ Տիգրանը, հակառակը, ձգտում է դրան։ Ըստ նրա՝ տեսահոլովակ առ տեսահոլովակ նկատում է, որ սկսում են իրեն ճանաչել։ Ասում է՝ պատրաստ է հայտնիությանը, հույս ունի, որ կլինի սիրված, քանի որ ժողովուրդը գնահատում է անկեղծությունը, իսկ ինքն անկեղծ է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում