TikTok-ից հայտնի Անդոն ու Օվսին՝ Բաստայի համերգի ժամանակ՝ անակնկալ առաջարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

TikTok-ից հայտնի Անդոն ու Օվսին՝ Բաստայի համերգի ժամանակ՝ անակնկալ առաջարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ




Բաստայի երեւանյան համերգը սպասված էր ոչ միայն ռեփերի հայ երկրպագուների, այլեւ՝ TikTok-ից հայտնի Անդոյի համար, որը երկար պլանավորել էր հենց այդ օրը, հենց այդ բեմից սիրո խոստովանություն ու ամուսնության առաջարկություն անել իր ընտրյալին՝ նույն հարթակից հայտնի բլոգեր Օվսիին:

Անակնկալը ստացվեց՝ դառնալով հաճելի ու հետաքրքիր պահ ոչ միայն Օվսիի, այլեւ՝ ռուս ռեփերի բազմահազարանոց երկրպագուների համար, ովքեր բեմից այն կողմ կիսեցին ճանաչված զույգի երջանիկ ակնթարթը:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անդոն պատմել է, թե ինչպես է ծրագրել այդ անակնկալը, իսկ Օվսին՝ կիսվել իր զգացողություններով ու տպավորություններով:

 
 «Բաստան իմ սիրելի երգիչն է, համերգի տոմսերը Օվսից նվեր էի ստացել դեռ 2 տարի առաջ: Մոտ 5 տարի առաջ տեսել էի, որ Բաստայի համերգի ժամանակ մի տղա առաջարկություն արեց իր ապագա կնոջը, ու շատ էի տպավորվել… Որոշել էի ես էլ այդպես անել: Չգիտեմ պատահական ստացվեց, որ համերգը 2 տարի հետաձգվեց, թե իմ բախտը բերեց»,-ժպիտով հիշում է Անդոն՝ խոստովանելով, որ անակնկալին նախապատրաստվելը հեշտ գործ չի եղել.

«Ամենադժվարը նրա թիմի հետ կապ հաստատելն էր: Երբ արդեն պատասխանեցին, ընդամենը 3 օրվա ընթացքում արագ կազմակերպեցինք: Բաստայի թիմը շատ լավն էր, ի սրտե օգնում էին»:


Բաստան Անդրանիկին բեմ էր հրավիրել՝ հայտարարելով, թե նրա տոմսը պատահականության սկզբունքով հաղթել է, եւ ինչպես երգիչը բլոգերի առաջարկությունից հետո նկատեց՝ որ լեզվով էլ տղաներն անում են ամուսնության առաջարկությունը, միեւնույն է՝ հուզմունքը նույնն է բոլորի դեպքում, մինչդեռ Անդոն նշում է.

«Չեմ հուզվել, վայելել եմ պահը՝ հասկանալով, որ քչերին է նման հնարավորություն տրվում»:

Օվսին իր հերթին խոստովանում է, որ սիրելիի տարօրինակ պահվածքը զգացել էր համերգից օրեր առաջ.

«Երեք օր Անդրանիկն իրեն արտասովոր էր պահում, սակայն չէի հասկանում պատճառը: Անընդհատ կրկնում էր, որ իր համար շատ կարեւոր համերգ է, դա կասկածի տեղիք չէր տալիս, քանի որ գիտեմ՝ ինչքան է սիրում Բաստային»,-պատմում է նա՝ վերհիշելով, թե ինչպես է տեղի ունեցել անակնկալ պահը.


«Մեզ մոտեցավ երգչի թիմից մի աղջիկ եւ ասաց, որ պատահականության սկզբունքով մեր տոմսի համարը շահել է նվեր եւ ուղեկցեց ետնաբեմ: Անկեղծ ասած՝ ոտքերս դողում էին, չէի հասկանում՝ ինչ էր կատարվում: Բեմ մեզ ուղեկցեց մեկ այլ թիմի անդամ, ու ես այդ պահին մտածում էի՝ ինչպես անեմ, որ ուշագնաց չլինեմ (ծիծաղում է): Կարծես՝ քարացել էի մի պահ... Այդքան շատ մարդիկ, լույսեր, անսպասելի ամուսնության առաջարկ, եւ Բաստան հարցնում է՝ «Դուք համաձա՞յն եք»»:

Օվսին ասում է՝ թեեւ Անդոյին միշտ է ասել, որ ամուսնության առաջարկությունը յուրահատուկ պիտի լինի, նման բան նրանից չէր սպասում.

«Անդրանիկին միշտ ասում էի՝ տարբերվող ամուսնության առաջարկություն կանես, թե չէ չեմ համաձայնելու, բայց վերջին ամիսներին, նույնիսկ, մոռացել էի այդ մասին: Անկեղծ՝ շատ անսպասելի էր, ամեն ինչ կպատկերացնեի, բացի դրանից»: