Ինչպես են շոու բիզնեսի ներկայացուցիչները վերաբերում պատվաստմանը և նրանցից ովքեր են պատվաստվել․ armtimes.com - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպես են շոու բիզնեսի ներկայացուցիչները վերաբերում պատվաստմանը և նրանցից ովքեր են պատվաստվել․ armtimes.com




Armtimes.com-ը գրում է․

«Հայկական ժամանակը» պատվաստման թեմայով հերթական հարցումն է իրականացրել շոու բիզնեսի ներկայացուցիչների շրջանում:

Պատվաստվողների թիվը գնալով մեծանում է: Որոշները կամավոր են դա անում, որոշները ստիպված՝ հաշվի առնելով առողջապահության նախարարի հրամանը: Շոու բիզնեսի ներկայացուցիչների շրջանում նաև կան մարդիկ, որոնք դեռ չեն պատվաստվել:

Դիջեյ Վակցինան մեզ հետ զրույցում հայտնեց, որ դեռ պատվաստված չէ: Արտիստուհին վարակված է եղել այս տարվա ամռան վերջին եւ կարծում է՝ ունի բավականին շատ հակամարմիններ:

«Օգոստոսի 20-ն էր կարծեմ, երբ հայտնաբերեցի, որ վարակված եմ: Դեռ վաղ եմ համարում պատվաստվել: Բայց քանի որ դեկտեմբեր-հունվար ամիսներին հավանականությունը մեծ կլինի, որ կարող է կրկին վարակվեմ, հակամարմինների թեստ եմ հանձնելու, որպեսզի հասկանամ՝ որքանով եմ պաշտպանված»,- ասաց նա:

Դիջեյ Վակցինան նաեւ նկատեց՝ եթե դիմադրողականությունը թուլացած լինի, բնականաբար, կպատվաստվի:

«Հաստատ պետք է պատվաստվել, բայց թե ո՞ր պատվաստանյութով, դեռեւս չեմ կողմնորոշվել: Որպես դիջեյ՝ որոշ առաջարկներ ունեմ արտասահմանից, ուստի դա էլ է դրդում պատվաստվել: Չնայած պիտի ասեմ, որ դա երկրորդական, երրորդական դեր ունի. պատվաստվել եմ ուզում, որպեսզի երկրորդ անգամ չվարակվեմ, քանի որ առաջին անգամ անչափ վատ օրեր եմ ունեցել ու դժվար եմ տարել: Հնարավոր է՝ երկրորդ անգամ վարակվելիս վիճակս ավելի բարդ լինի»,- ասաց նա:

Հաղորդավար Գրիշա Աղախանյանը «Հայկական ժամանակին» հայտնեց՝ կարծում է, որ անհրաժեշտ է պատվաստվել, եւ ինքը դա արել է: Հաղորդավարը ստացել է առաջին դեղաչափը, պատրաստվում է ստանալ երկրորդը:

Երգչուհի Ջուսը ընդամենը մի քանի օր առաջ է ստացել առաջին դեղաչափը: Նա հայտնեց, որ ստիպված է եղել պատվաստվել, որպեսզի կարողանա երկրից դուրս գալ, քանի որ հաճախ է շրջագայում: Երգչուհին նաեւ պատմեց, որ պատվաստվելուց հետո մի քանի օր իրեն լավ չի զգացել. ջերմություն, թուլություն եւ հոդացավեր է ունեցել, նոր-նոր է վերականգնվում:

«Բայց մարդիկ կան, որ շատ նորմալ են տանում, այնպես որ սա շատ անհատական է ու վստահ որեւէ բան ասել անհնար է»,- ասաց երգչուհին:

Նրա կարծիքով՝ պատվաստվելուց առաջ պարտադիր է լիարժեք բուժզննում անցնել. «Օրգանիզմը լրիվ պիտի ստուգվի, եթե չունի հակացուցումներ, նոր պատվաստվի: Ես չգիտեմ, թե մի քանի տարի հետո այս ամենն ինչի կհանգեցնի, բայց դե այլընտրանք չունենք: Մի կողմից ռիսկն է, մյուս կողմից վիրուսի հետեւանքով մահերը»:

Դերասան, շոումեն Հովհաննես Դավթյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքը նույնպես պատվաստված է: Դավթյանը մեր այլ հարցերի չցանկացավ պատասխանել:

Մեր տեղեկություններով՝ պատվաստված են նաեւ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ու նրա ամուսինը՝ պրոդյուսեր Վահրամ Պետրոսյանը: Նրանք սպասում են երկրորդ դեղաչափը ստանալուն, որպեսզի հյուրախաղերով գործուղվեն ԱՄՆ:

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն էլ ամիսներ առաջ է պատվաստվել եւ նորմալ է վերաբերում պատվաստմանը: «Ես մի քանի ամիս առաջ եմ պատվաստվել Իսպանիայում: Կարծում եմ՝ եթե պարտադիր է, ուրեմն պետք է անել»,- ասաց երգչուհին:


Նյութի աղբյուրը այստեղ։