Արցախի հերոսի ուժը հակառակորդը զգացել է սեփական մաշկի վրա. Էդգար Մարկոսյանի հերոսական ուղու և բուժման ընթացքի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արցախի հերոսի ուժը հակառակորդը զգացել է սեփական մաշկի վրա. Էդգար Մարկոսյանի հերոսական ուղու և բուժման ընթացքի մասին




Շարքային զինծառայողի կարգավիճակով զորակոչված և Արցախի հերոսի կոչում ստացած 23-ամյա սերժանտ Էդգար Մարկոսյանը երազում է, որ այլևս ոչ մի սերունդ չտեսնի պատերազմական դժվարություններ ու տառապանք։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Էդգարը նշեց, որ կյանքում փորձում է մի կարգախոսով առաջնորդվել․ «Եթե այսօր աշխարհում ամեն մեկն իր գործն անի, ապա ամեն ինչ իր հունով կընթանա»։ Էդգարի համար կարևոր հարցերից մեկն է դարձել նաև այն, թե ինչպես պետք է հաղթահարել հետպատերազմյան երկրի խնդիրները։

Կիբեռնետիկայի ֆակուլտետի «Արցախի հերոս» ուսանողը

Նա ծնունդով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից է, սակայն այնտեղ ապրել է մինչև 5 տարեկան, ապա ընտանիքով տեղափոխվել են Երևան։ Հարցազրույցի համար Էդգարի հետ պետք է հանդիպեինք երևանյան այգիներից մեկում, սակայն ցուրտ եղանակի պատճառով ինքն ու իր մայրը՝ տիկին Անահիտը, ինձ և լուսանկարչին հյուրընկալեցին իրենց տանը։ Բավականին ջերմ ընդունելության արժանացանք։ Սկսեցին զրուցել Էդգարի հետաքրքրությունների, դպրոցական և ուսանողական տարիների մասին.

«Երևանում եմ սկսել դպրոց հաճախել, որտեղ բավականին լավ էի սովորում։ Դպրոցում էլ լավ եմ սովորել, բարձր գնահատականներով։ 9-րդ դասարանը կարմիր ատեստատով եմ ավարտել, ավագ դպրոցում էլ պարապում էի համալսարան ընդունվելու համար, ավելի շատ ուշադրություն էի դարձնում հիմնական առարկաների վրա, որոնք ինձ հետագայում պետք կգային համալսարան ընդունվելու համար։ Դպրոցն ավարտելուց հետո, մինչև ծառայության անցնելը, սովորում էի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կիբեռնետիկայի ֆակուլտետում։ Մասնագիտությունս ընտրելիս տատանվում էի՝ էլեկտրոնային տեխնիկայի և ծրագրավորման միջև։ Ծրագրավորումը հնարավոր է տարբեր դասընթացների միջոցով սովորել, առանց բարձրագույն կրթության, դրա համար որոշեցի ունենալ հստակ մասնագիտություն, իսկ ծրագրավորումն էլ կարող եմ համատեղել»։

Պատմում է, որ համալսարանական կյանքը շատ հետաքրքրիր է անցել, ուսանողական խորհրդի անդամ է եղել, որի շրջանակներում հաճախ ճամբարներ ու տարբեր հավաքներ են կազմակերպել։

«Հանքավանում ճամբար էինք կազմակերպել, և տարբեր համալսարաններից, ինչպես նաև Արցախից պատվիրակություններ էինք հրավիրել։ Այդ ժամանակ ձեռք բերեցի շատ լավ ընկեր, ում անունն Արթուր է, և նա դարձավ արցախցի իմ առաջին ընկերը։ Հետագայում, երբ գնացի ծառայության, արցախյան շրջապատս ընդլայնվեց»։

Բակալավրից հետո անվճար հիմունքներով Էդգարն ընդունվել է մագիստրատուրա։ Այդ ժամանակ տարկետման հնարավորություն է ունեցել, սակայն որոշել է սկզբում հայրենիքի հանդեպ պարտքը կատարել՝ գնալ ծառայության։



Էդգարը հետաքրքրությունների մեծ շրջանակ ունի

Էդգարը հետաքրքրությունների մեծ շրջանակ ունի՝ սպորտ, ծրագրավորում, հատուկ էֆեկտներով միջոցառումների իրականացում և այլն։

«Լողով եմ զբաղվել, առողջությունս էլ ավելի ամրապնդելու համար հաճախել եմ նաև մարզասրահ։ Սպորտից բացի, շատ այլ բաներով եմ զբաղվել՝ աշխատել եմ շինարարական ընկերությունում՝ էլեկտրոնային հաշիվների վրա՝ ծրագրերի ուղղությամբ, ավելի շատ հաշվետար էի։ Հատուկ էֆեկտներով տարբեր միջոցառումեր էինք իրականացնում։ Ընկերոջս հետ հարսանիքների, ծնունդների ու կնունքների վիդեոներ էինք սարքում»,-պատմում է Էդգարը. նա սիրում է մշտապես զբաղված լինել, փառք է տալիս Աստծուն, որ երբեք ոչնչի կարիք չի ունեցել, սակայն սիրել է, որ իր գումարն ինքը վաստակի։



Երազանքները մեկ նպատակի համար են

Էդգարն այսօր երազում է, որպեսզի երկրում այլևս պատերազմ չլինի, խաղաղություն տիրի.

«Երազում եմ, որ մեր սերունդներ այլևս չտեսնեն այն ամենն ինչ մենք տեսանք ու չունենանք զոհ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված: Այդ ամենին կարող ենք հասնել շատ պարզ ձևով, ուղղակի անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր ոք զբաղվի իր գործով, օրինակ՝ վարսավիրը հենց վարսավիրությամբ զբաղվի, հաշվապահը՝ հաշվապահությամբ, քաղաքական գործիչն էլ իր գործի մասնագետը լինի և այլն։ Այդպիսով, ամեն ինչ իր հունով կընթանա, բոլորն իրենց ոլորտներում համապատասխան հարկերը կմուծեն, ինչի արդյունքում էլ բյուջեում գոյացած այդ գումարները հնարավոր կլինի ուղղել մեր բանակի հզորացմանը։ Այս ամենից էլ կբխի այն, որ ազգ-բանակ բանաձևով շատ հարցեր ճիշտ ու անվտանգ լուծում կստանան»:

Ինքն անձամբ զբաղված է իր մասնագիտության շրջանակներում աշխատանքներ կատարելով, ասում է, որ բանակում էլ հմտացել է մեկ զինատեսակի վրա և դրա շնորհիվ Արցախյան 44-րդ պատերազմի ժամանակ կարողացել է հասնել լավ արդյունքի՝ խոցելով հակառակորդի 10 տանկ։



1.5 տարվա ժամկետային զինծառայող Էդգարը Կոռնետ մարտկոցի դասակի հրամանատարի տեղակալն է

Նա այս պահին էլ ծառայության մեջ է՝ հրետանային գնդում, Կոռնետ մարտկոցի դասակի հրամանատարի տեղակալն է և առաջին հաշվարկի հրամանատար. «Այս պահին ծառայության մեջ եմ, ուղղակի պատերազմի ընթացքում բավականին լուրջ խնդիր եմ ձեռք բերել՝ ողնաշարի ճաք, պետք է վիրահատվեմ։ Բավականին ագրեսիվ ճաք է, մոտ 50 տոկոսը պետք է լցվի»։

Վեց ամիս Էդգարը ծառայել է Գյումրու հակատանկային ուսումնական զորամասում, որտեղ անցել է ուսումնական փուլը, ինչից հետո տեղափոխվել է Արցախ՝ Մարտակերտի շրջան, իր հիմնական զորամաս։ Այնտեղ, արդեն, սերժանտի կոչումով զենքի հաշվարկի հրամանատար է եղել։

«Գյումրիում, երբ սովորում էինք զենքից օգտվել շատ ակտիվ են անցել այդ ամիսները, հետո էլ Արցախում մեր գիտելիքները փոխանցում էինք մեր մարտկոցի ընկերներին։ Բավականին հետաքրքիր է անցել ծառայությունս, սակայն այդքան էլ չեմ մտածել, որ կարող է նման պատերազմ լինել, կարծում էի` եթե ռազմական, հակառակորդի սադրիչ գործողություններ լինեն, ապա գուցե Ապրիլյան պատերազմի նման կարճատև»։

Հակառակորդի տանկերը շարքից դուրս են եկել մեկը մյուսի հետևից

Պատերազմի սկսվելուց մոտ 2-3 օր առաջվանից կենտրոնացման շրջանում տեղակայված հերոս-զինվորն առաջին ժամերից ստացել է իր խնդիրը՝ Դիմա Հուսիկյանի և Համլետ Հունանյանի հետ ու սկսել մեկը մյուսի հետևից խոցել Ադրբեջանի զինուժի տանկերը՝ ընդհանուր առմամբ 10 միավոր։ Միայն թե մորն ասել է, թե պատերազմական գոտուց հեռու են, իրենց տանում են բունկեր, որպեսզի ապահով լինի և, երբ կարիքը զգացվի, այդ ժամանակ էլ գործի կանցնեն, և դեռ անհրաժեշտություն չկա։ Զգուշացրել էր, որ ուշ-ուշ է զանգելու՝ մոտ 2-3 օրը մեկ անգամ, բայց նաև հավաստիացրել, որ իրենց հետ ամեն ինչ լավ է և լավ է լինելու։

Տիկին Անահիտը, միանալով զրույցին, պատմում է իրենց ապրումների մասին։ «Սկզբից ասեմ, թե ինչպես եմ իմացել, որ պատերազմ է սկսվել։ Կիրակի առավոտյան ես արթնացել եմ Ամերիկայում բնակվող ընկերուհուս զանգից: Նա ինձ հարցրեց՝ ինչ տեղեկություն ունեմ տղայիցս, ասացի, ինչ է եղել, վերջինս էլ թե «ոնց չգիտե՞ս, պատերազմ է սկսվել»: Այդ ժամանակ ասացի, որ 3 օր առաջ եմ խոսել ու ամեն ինչ նորմալ էր: Ինքը զանգել էր պատերազմից առաջ՝ ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 25-ին, պատերազմը սկսեց կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, և դրանից հետո, մինչև երեքշաբթի լուր չունեինք նրանից: Պատերազմի սկսվելու օրն առավոտյան աղջիկս՝ Լյուսին (ամուսնացած է – հեղ.), մեր տուն եկավ ու փորձում էինք իրականում հասկանալ ինչ է կատարվում, ինչ է պատահել: Սեպտեմբերի 27-ին, ընդամենը մի քանի վայրկյան քրոջ հետ խոսել էր, բայց ինձ ոչինչ չէին ասել»,- պատմում է մայրը:

Էդգարի զանգերն ընտանիքի համար նորից շնչելու հնարավորություն են եղել

Երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 29-ին, աղջկա հետ գնացել է նրանց տուն: Ասում է՝ շենքի կողքին մի փոքրիկ մատուռ կա, որտեղ այդ օրերին պարբերաբար մտել են Աստծուց խաղաղություն խնդրելու։

«Անընդհատ լսում էինք, որ մարտական գործողություններ են, սակայն ինքն էլ մեզ մի քանի օր առաջ հանգստացրել էի, թե 2-րդ գծում է, դեռ բունկերում են, մարտերին չեն մասնակցում: 3-4 օր Էդգարից զանգ չունենալուց հետո, այլևս չէի համբերում, աղջկաս ասացի, որպեսզի գնանք նրանց տան մոտ գտնվող մատուռ։ Մտանք եկեղեցի, մի փոքր նստեցինք ու հենց այդ ժամանակ զանգ եկավ, Էդգարս էր: Հրաշքի էր նման։ Խոսեցինք, ձայնը լսեցինք, մի փոքր հանգստացանք, որ անվնաս է։ Նա կրկին ասաց, որ ամեն ինչ նորմալ է, ինչից հետո կրկին մոտ 3 օր զանգ չկար, հոկտեմբերի 4-ին նա զանգեց, ցանկանում էր իմանալ` տեղյակ ենք, որ Արցախի նախագահն իրեն պարգևատրել է Արցախի հերոսի կոչումով»,- հուզմունքն աչքերին պատմում է տիկին Անահիտը:



Ընտանիքում որդու Ազգային հերոսի բարձրագույն կոչմանն արժանանալու մասին իմացել են միաժամանակ հեռուստացույցով և Էդգարի ընկերներից մեկից, ով աշխատում է Արցախի հանքերից մեկում։ Այդ օրը՝ հոկտեմբերի 4-ին, տիկին Անահիտն իր մոր հետ է խոսելիս եղել, տեղեկացրել է, որ Էդգարի հետ ամեն ինչ նորմալ է, անհանգստանալու կարիք չկա։


Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը
Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, 2021,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: