«Ազգային երգիչ» Հարություն Մկրտչյանի հերթական հաղթանակը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ազգային երգիչ» Հարություն Մկրտչյանի հերթական հաղթանակը




«Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագծի հաղթող Հարություն Մկրտչյանը եւս մեկ հաղթանակ է գրանցել՝ այս անգամ՝ միջազգային հարթակում: Երգիչը մասնակցել է Մոլդովայում կայացած «Созвездие талантов» մրցույթին, որն անցկացվել է հոկտեմբերի 28-ից 30-ը՝ երկու մրցութային փուլերում արժանանալով «Super Grand Prix» մրցանակի՝ դառնալով մրցույթի բացարձակ հաղթողը:

Հարությունը NEWS.am STYLE-ին պատմել է, որ «Созвездие талантов»-ին մասնակցելու առաջարկը ստացել է Բեդրոս Կիրկորովից, որը մրցույթի ժյուրիի նախագահն էր:

«Նրա հետ ծանոթացել եմ այս տարի՝ օգոստոսի 23-ին, Մոսկվայում: Ուզում եմ նաեւ շեշտել, որ Բեդրոս Կիրկորովը ոչ միայն ինձ հրավիրել էր մասնակցելու այդ մրցույթին, այլեւ՝ հոգացել իմ բոլոր ընթացիկ ծախսերը»:



Հայ երգչի հետ մրցում էր 24 երկրից 260 մասնակից: Մրցութային առաջին օրը յուրաքանչյուրը ներկայացրել է իր ազգային հիթը, Հարությունը կատարել է «Իմ Անի» ստեղծագործությունը, իսկ երկրորդ օրվա համար ներկայացրել Առնո Բաբաջանյանի «Верни мне музыку» երգը:

«Կատարելով «Իմ Անի» երգը՝ ցանկացա, որ եւս մեկ անգամ աշխարհը լսի մեր հրաշք ու գեղեցիկ մայրաքաղաքի մասին, որը մերն է եղել ու կլինի: Այդ կատարումս նվիրել եմ նաեւ այն զինվորներին, որոնք, ցավոք, տուն չվերադարձան...»:

Հարությունը չի ժխտում՝ սպասում էր, որ կհաղթի.



«Պատասխանատվությունը շատ մեծ էր, քանի որ բացի այն, որ ուզում էի լավ ելույթ ունենալ, նաեւ պիտի լավագույնս ներկայացնեի Հայաստանը: Այս մրցույթը հնարավորություն է տալիս հազարավոր երիտասարդ կատարողներին հաջողության հասնել իրենց ընտրած մասնագիտության մեջ, ու կուզենայի, որ նման նախագծերը շատ լինեին: Կոնկրետ ինձ այս մրցույթը նաեւ հնարավորություն տվեց բարձր պահել Հայաստանի դրոշն ու եւս մեկ անգամ աշխարհին ցույց տալ, որ մենք, ինչպես Պարույր Սեւակի բանաստեղծության մեջ է ասվում, կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք»:

Իր հետագա քայլերի մասին երգիչը դեռեւս չի բարձրաձայնում, ասում է՝ «Աստծուց հիմա միայն մի բան եմ խնդրում՝ խաղաղություն մեր երկրում»: