Լուսին վերադառնում է. երգչուհին՝ 4 տարվա լռության պատճառի, ամուսնու հետ աշխատելու ու նորությունների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լուսին վերադառնում է. երգչուհին՝ 4 տարվա լռության պատճառի, ամուսնու հետ աշխատելու ու նորությունների մասին




Երգչուհի Լուսին (Լուսինե Աղաբեկյան) 4 տարվա դադարից հետո օրերս վերադարձել է նոր երգով ու տեսահոլովակով: Իր «բացակայությունը» երաժշտական ասպարեզից երգչուհին բացատրում է որդու՝ Նոյի ծնունդով, որն արդեն 3 տարեկան է, այնուհետեւ՝ կորոնավիրուսի եւ պատերազմի բռնկումներով: «Ես ինձ խաբել եմ» երգի շուրջ Լուսին սկսել է աշխատել դեռեւս մեկ ու կես տարի առաջ, եւ որոշել իր երաժշտական «վերադարձն» ազդարարել հենց այդ ստեղծագործությամբ:

«Այս երգի հեղինակն Արտեմ Վալտերն է: Երգի հրապարակումը հետաձգվեց, քանի որ Հայաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հոգեպես պատրաստ չէինք որեւէ բան անելու: Բայց անկեղծ պետք է ասեմ, որ հանրության կողմից չէի սպասում նման մեծ արձագանքի, քանի որ դադարից հետո վերադառնալը շատ ավելի դժվար է, քան ասպարեզում նոր-նոր քայլեր սկսելը: Ուրախ եմ, որ վերադարձս արդարացվեց: Կարծում եմ՝ սա այն ստեղծագործությունն է, որի մեջ շատ երիտասարդներ իրենց կտեսնեն. այն իրական պատմություն է, որը, միգուցե, ապրել են շատերը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց երգչուհին՝ վստահեցնելով, որ այս երգին հաջորդելու են եւս մի քանիսը, որոնք արդեն պատրաստման փուլում են:



«Այսուհետ ավելի հաճախակի կներկայացնեմ նորություններ ու հուսով եմ, որ ինչպես «Ես քեզ խաբել եմ» երգը, մյուսներն էլ նույնքան կսիրվեն»:

Լուսիի տեսահոլովակների ռեժիսորը ամուսինն է՝ Արամայիս Հայրապետյանը: Նոր աշխատանքը եւս բացառություն չէ, եւ ինչպես փաստում է երգչուհին՝ համատեղ նկարահանումները շատ հեշտ են անցնում:



«Նկարահանման հրապարակում բացարձակ չեն լինում վեճեր կամ խնդիրներ, քանի որ ես լիարժեք վստահում եմ ամուսնուս: Բացի իմ ամուսինը լինելուց, նա ինձ համար, առհասարակ, Հայաստանի լավագույն ռեժիսորներից է, ու կարծում եմ՝ շատերն են գնահատում նրա կատարած աշխատանքը»:



Տարիներ առաջ Լուսինե Աղաբեկյանը հանրության համար բացահատում դարձավ երաժշտական մրցույթներից. հարցին՝ արդյոք չի՞ ծրագրում վերադառնալ նաեւ միջազգային մրցույթների ասպարեզ, երգչուհին պատասխանեց.



«Իրականում շատ-շատ մտքեր եմ ունենում, որոնց մասին առայժմ չեմ ցանկանում խոսել: Կարծում եմ՝ ընթացքում ամեն բան ավելի պարզ կդառնա»: