ԱԱ. Մրցումային 8-րդ օրը՝ Հակոբ Մկրտչյանի եւ Դավիթ Հովհաննիսյանի մասնակցությամբ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԱԱ. Մրցումային 8-րդ օրը՝ Հակոբ Մկրտչյանի եւ Դավիթ Հովհաննիսյանի մասնակցությամբ




Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային 8-րդ օրը Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Տղամարդկանց 96 կգ քաշայինների պայքարում հանդես կգան աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը (լուսանկարում) եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը:

Առաջինը մրցահարթակ դուրս կգա Դավիթ Հովհաննիսյան 96 կգ քաշայինների B խմբում:

Դավիթ Հովհաննիսյանը 2016 թվականի Եվրոպայի երիտասարդական չեմպիոնն է: Մեծահասակների Եվրոպայի առաջնության առաջին փորձը եղել է Բաթումի-2019-ը, որտեղ երկամարտի 360 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ 89 կգ քաշային կարգում: Նույն տարում աշխարհի առաջնությունն անհաջող ստացվեց Հովհաննիսյանի համար եւ երկամարտի 355 կգ արդյունքով զբաղեցրեց 12-րդ տեղը: Աշխարհի առաջնության անհաջող փորձից հետո Հովհաննիսյանը բրոնզե մեդալ նվաճեց մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

2021 թվականի ապրիլին Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությունը եւս անհաջող ստացվեց Հովհաննիսյանի համար. Հայաստանի ներկայացուցիչը ձախողեց հրում վարժության երեք մոտեցումները եւ զրո ստացավ:

Տղամարդկանց 96 կգ քաշայինների B խմբի պայքարը կսկսի Երեւանի ժամանակով 12:00-ին:

Մրցումային օրվա երկրորդ մրցահերթում 96 կգ քաշայինների A խմբում մրցահարթակ դուրս կգա աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը:

Հակոբ Մկրտչյանի առաջին մեծ հաջողությունը եղել է Նանջինգ-2014-ի պատանեկան Օլիմպիական խաղերում, որտեղ 77 կգ քաշայինների պայքարում ծանրորդը նվաճել է ոսկե մեդալ: Նույն տարվա աշխարհի առաջնությունում Հակոբ Մկրտչյանը 14-րդն էր: Աշխարհի առաջնության անհաջող ելույթից հետո Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի Մ-21 առաջնությունում: Ապա 7-րդ տեղը զբաղեցրել 2017 թվականի Տոկիոյում տեղի ունեցած աշխարհի երիտասարդական առաջնությունում: 2018 թվականին Լեհաստանում անցկացված մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում գյումրեցի ծանրորդը ոսկե մեդալ է նվաճել 94 կգ քաշայինների պայքարում երկամարտի 368 կգ արդյունքով: 2018 թվականի աշխարհի առաջնությունում 7-րդն էր:

2019 թվականին Բաթումիում անցկացված Եվրոպայի առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո (371 կգ, Եվրոպայի ռեկորդ), Թաիլանդում անցկացված աշխարհի առաջնության 89 կգ քաշայինների պայքարում Հակոբ Մկրտչյանը, երկամարտում գրանցելով 375 կգ արդյունք, հռչակվեց աշխարհի չեմպիոն (167+208):

2019-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած ծանրամարտի տղամարդկանց Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Մկրտչյանը հռչակվեց չեմպիոն՝ երկամարտի 375 կգ արդյունքով եւ սահմանեց Եվրոպայի ռեկորդ հրում վարժությունում՝ 210 կգ:

2020 փետրվարից Մկրտչյանը հանդես է գալիս 96 կգ քաշային կարգում: Նոր քաշում աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը արծաթե մեդալ նվաճեց Իրանի Ռաշտ քաղաքում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում գյումրեցի ծանրորդը երկամարտի 372 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ: Հրում վարժությունում 212 կգ արդյունքով Մկրտչյանն արժանացավ նաեւ փոքր արծաթե մեդալի:

96 կգ քաշայինների A խմբի պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին:

Դեկտեմբերի 7-ից Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմը դեռեւս մեկ փոքր ոսկե մեդալ է նվաճել: 89 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում 175 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ, բայց երկամարտում զրո ստացավ, քանի որ ոտքի մկանի պատճառով ձախողել էր հրում վարժության երեք մոտեցումները:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից մրցահարթակ էր դուրս եկել նաեւ 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը, որը երկամարտի 349 կգ (158+191) արդյունքով զբաղեցրեց 8-րդ տեղը:

Հայաստանն աշխարհի առաջնությանը ներկայացել է 10 ծանրորդով:

Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցեն նաեւ Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը, Եվրոպայի փոխչեմպիոն Արսեն Մարտիրոսյան (102 կգ), Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, կրկնակի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը (+109 կգ): Կանանց հավաքականից աշխարհի առաջնությանը կմասնակցի միայն 81 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը: Աշխարհի առաջնությունը վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոպայի չեմպիոն Կարեն Ավագյանը: