«ԱԿԱՆատեսը». պատերազմի սառած հույզերը` Գայ Ղազանչյանի կտավներում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«ԱԿԱՆատեսը». պատերազմի սառած հույզերը` Գայ Ղազանչյանի կտավներում




«ԱԿԱՆատեսը»` այսպես է կոչվում նկարիչ Գայ Ղազանչյանի կտավների ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 20-ը Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում։ Անվանումը խորհրդանշական է՝ յուրատեսակ բառախաղ, որի նպատակն է բացահայտել մարդկային ապրումների խորությունն ու ողբերգությունը պատերազմի ընթացքում: Պատերազմ, որից մենք դեռ չենք վերականգնվել. մեկ տարի անց դրա մասին հիշողությունները սուր ցավ են առաջացնում…

Համաշխարհային գրականության մեջ եւ կյանքում կան բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են ստեղծագործ մարդիկ, իրենց նուրբ մտավոր կառուցվածքի շնորհիվ, նման իրադարձություններն ավելի դժվար տանում, քան սովորական մահկանացուները։ Նայելով Գայ Ղազանչյանի ստեղծագործություններին` ավելի ես համոզվում դրանում: Սպանության ականատեսների սառած հույզերը սարսափելի են, ցավոտ…

Գայն այն հեղինակներից է, ովքեր չեն վախենում փորձարկումներից. սոլիդ կրթական եւ ստեղծագործական փորձը թույլ են տալիս չսահմանափակվել ինչ-որ մի ուղղությամբ, ոճով։ Սակայն ինքը՝ արվեստագետը, կտրականապես դեմ է բոլոր տեսակի «իզմերին» ու սահմանումներին։ «Ես սիրում եմ ավելի լայն մտածել եւ դուրս լինել ցանկացած շրջանակներից»:

NEWS.am STYLE-ը հանդիպել է Գայ Ղազանչյանին. զրուցել է «ԱԿԱՆատեսը» ցուցահանդեսի կոնցեպտի, հասարակական եւ քաղաքական գործընթացներում արվեստագետի դերի եւ շատ այլ թեմաների շուրջ…

Ինչպե՞ս եւ ե՞րբ ծնվեց այս ցուցահանդեսի գաղափարը

Հենց պատերազմի ժամանակ։ Ես ինքս բանակում չեմ ծառայել, բայց «Երկրապահի» հատուկ պատրաստություն եմ անցել։ Հետո հասկացա, որ մեծ հաշվով ժամանակ եմ կորցնում. անհնար է մեկ օրում սովորել անհրաժեշտ ամեն ինչ: Այնտեղի տղաներին զգուշացրեցի, որ եթե պետք լինեմ, պատրաստ եմ եւ նրանցից նորությունների կսպասեմ։ Այդ ժամանակ Երեւանում նույնպես շատ աշխատանք ու սթրես կար:

Լարվածությունը մեծանում էր, իսկ այնտեղից եկած տղաների հետ զրուցելուց հետո զգացի, որ պետք է վիզուալիզացնել այդ բոլոր տպավորությունները։ Բազմաթիվ տեսանյութեր նայեցի: Յուրաքանչյուրի աչքերում, ով տեսել է այդ մղձավանջը, նրանց դեմքերի վրա զգացմունքներ են դրոշմվել, որոնք դժվար է նկարագրել մեկ-երկու բառով. ե՛ւ հարց է, ե՛ւ սարսափ, ե՛ւ վախ, ե՛ւ ատելություն, ե՛ւ անօգնականություն... Ես ուզում էի վիճակներ ցույց տալ, որոնք անզեն աչքով դժվար է նկատել:


Կարո՞ղ ենք ասել, որ կտավների վրա աշխատելն օգնեց Ձեզ դուրս հանել բոլոր բացասական հույզերը, խաղաղվել:

Հավանաբար, հաջողվեց ինչ-որ չափով ազատվել դրանցից... Չնայած այդ ամբողջ սարսափը դեռ երկար ոչ մի տեղ չի կորչի... Ինչեւէ, երբ բավարար քանակությամբ գործեր հավաքվեցին, ես հասկացա, որ մարդիկ պետք է տեսնեն դրանք:

Նկարներում կոնկրետ մարդկանց դեմքեր կա՞ն

Ոչ, մաքուր հույզեր են: Սա սովորական ցուցահանդես չէ, այլ` ակցիա, ինչպես ջահերով երթը, որն անցկացվում է ամեն տարի ապրիլի 24-ին... Հուսով եմ, որ ռեզոնանսը բավական ուժեղ կլինի, որպեսզի այլ երկրներում մարդիկ դա եւս տեսնեն:

Պատերազմն անխուսափելիորեն քաղաքականության մեջ ներքաշեց նույնիսկ նրանց, ովքեր փորձում էին հեռու մնալ դրանից: Կոնյուկտուրային նկատառումներից ելնելով կամ սրտի կանչով` պատերազմական գործողությունների ժամանակ բազմաթիվ արվեստագետներ երիտասարդներին հորդորում էին գնալ առաջնագիծ։ Այսօր մարդկային լուրջ կորուստների պայմաններում ագիտատորների նկատմամբ վերաբերմունքը, մեղմ ասած, հակասական է։ Այ Ձեզ` որպես արվեստի մարդու, ճի՞շտ է թվում ստեղծագործ մտավորականության մասնակցությունը նման գործընթացներին։

Արվեստը չպետք է հատվի քաղաքականության հետ: Եթե ​​իսկապես ուզում է, արվեստագետը կարող է ստեղծագործության միջոցով ցույց տալ իր վերաբերմունքը տեղի ունեցողի նկատմամբ։ Մյուս կողմից, յուրաքանչյուր ոք ազատ է արտահայտելու իր դիրքորոշումն այնպես, ինչպես իրեն հարմարավետ է զգում: Հարցն այստեղ ավելի շուտ քարոզչության զենք չդառնալու մեջ է։ Ես անձամբ փորձում եմ դուրս լինել այդ ամենից: Բա՛յց: Անհնար է լավ եւ հանգիստ զգալ, եթե քո երկիրը, քո ժողովուրդը վատ է զգում. բարենպաստ մթնոլորտն ազդում է ստեղծագործության վրա, ինչպես եւ` ողբերգությունը: Դատելով արձագանքներից՝ ես կարողացա իմ ուղերձը փոխանցել մարդկանց, կարողացա նրանց մոտ ուժեղ հույզեր առաջացնել...

Գուցե այս նկարները մեր խորհրդարանո՞ւմ ցուցադրեք։ Թող նայեն, գուցե մարդկային ինչ-որ բան շարժվի նրանց մեջ...

Նրանց շատ կլինի։ Սա արվեստ է ադեկվատ մարդկանց համար...


Ստեղծագործ եւ տաղանդավոր մարդկանց այժմ իսկապես շատ դժվար է: Եվ, ըստ երեւույթին, այս հորից դուրս գալու համար երկար ժամանակ կպահանջվի... Ի՞նչ կարծիքի եք այս մասով:

Երկրում շատ տաղանդավոր մարդիկ կան, բայց նրանք իրականում ոչ մեկին պետք չեն։ Ստիպված գնում են կոմերցիոն արվեստ, նկարում են մասաների համար... Բայց նկարիչը չի ստեղծագործում, որպեսզի իր գործերը զարդարեն այս կամ այն ​​տան պատը։ Նրա նկարներում պետք է ուղերձ լինի, դրանք պետք է ցուցադրվեն թանգարաններում…

Դե, դժվար է սկզբունքային լինել, եթե ուտելու բան չունես, չես կարողանում արվեստանոցդ տաքացնել... Մյուս կողմից, կուշտ արվեստագետը հագեցած է, եւ դա եւս արտահայտվում է նրա ստեղծագործություններում, թե՞` ոչ:

Ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ սկզբունքները փողի հետ կապված չեն... Ես էլ եմ պատվերով աշխատել, բայց չեմ պարզունակության չեմ հասել, այլ փորձել եմ ստիպել մարդկանց նկարների միջոցով ինձ տեսնել, հասկանալ, թե ինչ եմ ես ինձնից ներկայացնում...

Ինչպե՞ս է ծագում նկարի գաղափարը: Երկա՞ր եք մտածում։


Հիմնականում նկարի վրա աշխատելու ընթացքում է առաջանում նորը ստեղծելու գաղափարը... Դա ինձ շատ է մոտիվացնում։


Խորհուրդ կտա՞ք երիտասարդներին արվեստով զբաղվել մի երկրում, որտեղ այն, ըստ էության, այդքան էլ պետք չէ։

Խորհուրդ կտամ: Եթե ​​իսկապես սիրում են իրենց մասնագիտությունը, ապա պետք է զբաղվել դրանով: Սիրած գործով զբաղվելու համար մեզ միայն մի հնարավորություն է տրվում կյանքում։ Հայաստանում հեռանկար չեք տեսնում, փորձեք ձեզ այլ երկրում։ Մի՛ ներփակվեք: Գնացեք այնտեղ, որտեղ հնարավորություններ կան, բայց խաչ մի քաշեք Ձեզ վրա:

Իսկ Դուք գնալու ցանկություն չե՞ք ունեցել։

Դեռ` ոչ: Բայց չգիտես` ինչ կլինի վաղը: Ես սիրում եմ իմ երկիրը, իմ քաղաքը. այդ կապվածությունն է ինձ մինչ օրս այստեղ պահում: Այո, այստեղ դժվար է։ Դու կարող ես իսկապես ինչ-որ արժեքավոր բան ստեղծել, բայց դա կգնահատեն Փարիզում կամ Լոնդոնում, ոչ` այստեղ: Այնուամենայնիվ, կան նաեւ առավելություններ: Ժամանակակից իրողություններն ու տեխնոլոգիաները թույլ են տալիս ցուցադրել ձեր աշխատանքը մոլորակի ամենահեռավոր անկյուններում: Այնպես որ, հեռանկարներ, ամեն դեպքում, կան...