Աստղիկ Սաֆարյանը՝ 2021-ի ձեռքբերումների ու 2022-ից իր սպասումների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղիկ Սաֆարյանը՝ 2021-ի ձեռքբերումների ու 2022-ից իր սպասումների մասին




Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն Ամանորը դիմավորելու է տանը՝ ընտանիքի հետ միասին: Մեր զրույցից առաջ երգչուհին ինքն էլ նախապատրաստական աշխատանքների մեջ էր, բայց չնայած զբաղվածությանը՝ սիրով համաձայնվեց NEWS.am STYLE-ի հետ միասին ամփոփել տարին ու պատմել 2022-ից իր սպասումների մասին:

«Աշխատանքային առումով շատ լեցուն, շատ բուռն ու շատ զբաղված տարի էր»,-այսպես է Աստղիկը բնորոշում 2021-ն ու ուրախությամբ հավելում, որ այս տարի ձեռքբերումներն ավելի շատ են եղել.

«Այս տարի ձեռքբերումներս նժարի վրա ավելի ծանր կողմն են զբաղեցնում, քան կորուստներս։ Բայց ցավոք՝ հաճախ ձեռքբերումներն ուղիղ համեմատական են լինում որոշ մարդկանց կորստին, քանի որ ամեն ձեռքբերումովդ վերաճանաչում ես քեզ շրջապատող մարդկանց ու հասկանում, թե նրանցից ով է արժանի «ընկեր» որակավորմանը եւ ով՝ ոչ»։


2021-ի ընթացքում Աստղիկի երաժշտական նորությունները հագեցած էին՝ հասցրեց թողարկել իր 4-րդ՝ «Դու ուժեղ ես» ձայնասկավառակը, ունեցավ շատ համերգներ՝ ոչ միայն Երեւանում, այլեւ որոշ մարզերում, ներկայացրեց նոր՝ «Հայաստան» տեսահոլովակն ու եւս մեկը նկարահանեց, որը իր իսկ խոսքով՝ կներկայացնի 2022-ի ընթացքում:

Ինչ վերաբերում է ամանորյա պատրաստություններին՝ Աստղիկը եւս դրանցից անմասն չի մնում. նրա հյուրերը կկարողանան համտեսել մի քանի ուտեստ, որոնք հենց երգչուհին է պատրաստել.

«Ավելորդ համեստություն չանեմ եւ անկեղծ ասեմ, որ ես, գրեթե, ամեն ինչ պատրաստում եմ ու այն էլ՝ համեղ. թե´ նրբաբլիթները, եւ թե´ տարատեսակ աղցանները միշտ ինքս եմ պատրաստել Ամանորին, բացի դոլմայից, քանի որ մեր տանը դոլմայի «մենաշնորհը» պատկանում է քրոջս»,-կատակեց նա:

Աստղիկը հավելեց, որ ամեն Նոր տարուն փորձում է այնպես անել, որ աշխատանքը չխանգարի տոնն ընտանիքի հետ դիմավորելուն.

«Գերադասում եմ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ, քանի որ ըստ իս՝ Ամանորն ամենաընտանեկան տոնն է, եւ այդ պատճառով, երբ ընդունում եմ Ամանորի գիշերն աշխատելու առաջարկներ, փորձում եմ դա հարմարեցնել գոնե 00:30-ից հետո, որպեսզի բուն տարեմուտը դիմավորեմ ընտանեկան միջավայրում, իսկ հետո աշխատեմ»։


Երգուհին վստահեցրեց, որ 2021-ին հասցրել է իրականացնել, նույնիսկ, ավելին, քան ծրագրել էր, իսկ 2022-ից սպասելիքներն ավելի շատ են.

«2022-ը Վագրի տարի է՝ իմ տարին, եւ սպասելիքներս մի քիչ ավելին են, քան որեւէ այլ տարուց։ Գործնական առումով ակնկալում եմ էլ ավելի շատ աշխատանքների իրականացում, իսկ անձնականիցս սպասում եմ, որ վերջապես հանդիպեմ այն մեկին, ում կսիրեմ եւ ում հետ կցանկանամ կազմել ընտանիք։ Ես լավ գիտեմ, որ իմ լսարանը, ինձ հետեւողներն ինձանից շատ են դա կամենում ինձ եւ սրտանց մաղթում են, որ վերջապես գտնեմ իմ երկրորդ կեսին, ինչի համար շնորհակալ եմ: Հուսամ՝ այդ առումով եւս կկարողանամ էլ ավելի ուրախացնել նրանց։ Կարծում եմ՝ սա գեղեցիկ օրինակ պետք է ծառայի բոլորիս, որպեսզի մեկս մյուսի համար միայն լավը կամենանք եւ ուրախ լինենք միմյանց երջանկությամբ ու հաջողությամբ»,-նշեց նա, իսկ վերջում կիսվեց իր ամանորյա բարեմաղթանաքով.

«Այս տարվա ամանորյա մաղթանքս հստակ է՝ մեր երկրին՝ Խաղաղություն, մեր զինվորին՝ ուժ, իսկ մեզ՝ հանդուրժողականություն, սեր ու համերաշխություն։ Եկեք այս տարի փորձենք մեկս մյուսին մի քիչ ավելի լավ վերաբերվել եւ մի քիչ ավելի շատ սիրել միմյանց։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։


Լուսանկարները ` Հայկ Ալեքսանյանի