«Սարերը հով արեցին, բայց տուն տանելու փոխարեն եղածն էլ ձեռքիցս տարան»․ արցախցի ռեփերը՝ պատերազմի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Սարերը հով արեցին, բայց տուն տանելու փոխարեն եղածն էլ ձեռքիցս տարան»․ արցախցի ռեփերը՝ պատերազմի մասին


Արցախցի ռեփեր Վալերի Ղազարյանը, որն առավել հայտնի է Լյոկա կեղծանվամբ, արցախյան առաջին պատերազմում կորցրել էր Մարտակերտի շրջանում գտնվող Լենինավան գյուղի իրենց տունը։ 44-օրյա պատերազմում Լյոկան կորցրեց նաեւ իր երկրորդ տունը՝ արդեն Նոր Մարաղայում։

Լյոկային կհիշեք Արտեմ Վալտերի հետ կատարած «Տուն տարեք» երգով, որի պրեմիերան 2019 թվականին էր։

Լենինավանից հետո Լյոկայի ընտանիքը մինչ Նոր Մարաղա տեղափոխվելն ապրել է տարբեր տեղեր, օրինակ՝ անտառներում, դպրոցում։

«Ինձ համար երազանքի նման մի բան էր տուն ունենալը ու էդ գաղափարից էլ ծնվեց «Տուն տարեք» երգը, որ երազում եմ ունենալ սեփական անկյուն, որտեղ քնեմ հանգիստ, անունը դնեմ տուն։ Երգում ասվում է՝ սարեր հով արեք, հոգուս ճար արեք, ինձ իմ տուն տարեք։ Սարերը հով արեցին, բայց տուն տանելու փոխարեն եղածն էլ ձեռքիցս տարան…. Անկեղծ ասած՝ հիմա էդ երգն էդքան էլ չեմ սիրում, պահ կար, որ նույնիսկ ուզում էի էդ երգը ջնջել, որովհետեւ ոնց որ ամեն անգամ մարդկանց ցավացնեի։ Էն ժամանակ ես երբեք չէի պատկերացնի, որ սենց օր կգա։ Գիտեինք, որ մի օր պատերազմ է լինելու, բայց որ սենց՝ չէինք պատկերացնում, հիմա ժողովրդից շատերը էդ կարգավիճակում են, տուն չունեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է Լյոկան։

Պատերազմից ամիսներ անց՝ 2021 թվականի ամռանը, տեղի է ունեցել Լյոկայի՝ «Ես դեռ կամ» երգի պրեմիերան։ Իր նման տուն կորցրած մարդկանց համար նա եւ Արտեմ Վալտերը հեղինակել են «Ես դեռ կամ» երգը, որը չհանձնվելու մասին է։

«Եթե ողջ ես, ուրեմն կարող ես ունենալ ամեն ինչ։ Եթե մարդու մտքին տեղ լինի, ցանկացած բան կարող է անել։ «Ես դեռ կամը» ուղերձ է ինձ լսողներին, հարազատներին, ընկերներին, հայրենակիցներին, որ մենք դեռ կանք։ Այո, մենք հայրենիք ենք կորցրել, բայց քանի դեռ մենք կանք, կարող ենք հետ բերել կորցրածը.… «Ես դեռ կամը» Արցախի, հայի, չկոտրվող, պայքարող մարդու մասին է»,- նշում է Լյոկան։

Լյոկան հարցազրույցում պատմում է, թե ինչպես արցախյան առաջին պատերազմից մի քանի տարի անց բնակություն հաստատեցին Նոր Մարաղա գյուղում։ Այստեղ են մնացել նրա մոր եւ եղբոր գերեզմանները։ Նա անդրադառնում է նաեւ 2018 թ․-ի գարնանը տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին, 44-օրյա պատերազմին, որոշ մանրամասներ պատմում պատերազմից հետո Խծաբերդի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելու վերաբերյալ։

Լյոկայի ընտանիքի մի մասն այժմ ապրում է Արցախում, մյուսն էլ՝ Հայաստանում։ Ինքը հաճախ է լինում Արցախում, բայց պատերազմից հետո տեղափոխվել է Երեւան, որտեղ ընկերների խորհրդով սկսել է սպորտային հագուստ արտադրել՝ Արցախի թեմատիկայով։

Հագուստի արտադրությունից ամիսներ անց, երբ նկատել են, որ հասույթը մեծ է, որոշել են արտադրություն բացել նաեւ Արցախում։ Արտադրամասի բացումը նախատեսվում է փետրվարին։

Լյոկան իր երկրպագուներին շատ սպասեցնել չի տա, նրանց համար եւս անակնկալ ունի։

Մանրամասները՝ տեսանյութում։