Հայ արտիստներ, որոնք 2021-ին հաղթեցին միջազգային կարեւորագույն մրցույթներում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայ արտիստներ, որոնք 2021-ին հաղթեցին միջազգային կարեւորագույն մրցույթներում




Հայաստանի ցանկացած հաղթանակ մեծ հպարտություն է մի ամբողջ ազգի համար, որը հաղթանակների կարիք շատ ունի: Նախորդ՝ 2021 թվականի ընթացքում մեր արտիստներից շատերը հավաքվեցին ու պայքարեցին միջազգային հարթակներում՝ Հայաստանի ու հայերի մասին պատմելով աշխարհին: Նրանցից երեքին հաջողվեց ոչ միայն պատվով ներկայացնել մեր երկիրը, այլեւ սպասված հաղթանակներ բերել Հայաստանին:

Սյուզաննա Մելքոնյան

Երաժշտական հաղթանակների շղթան սկսվեց Սյուզաննա Մելքոնյանի՝ ռուսական «Ну-ка, все вместе!» շոուում տարած փայլուն հաղթանակից: Սյուզաննան մրցույթի ընթացքում երկու երգ է ներկայացրել՝ Roxette խմբի «It Must Have Been Love»-ը եւ Սելին Դիոնի «I Surrender»-ը՝ երկու դեպքում էլ արժանանալով մրցույթի ժյուրիի հիացմունքին: Ժյուրիի 100 մասնագետներից 99-ը՝ այդ թվում նրանց գլխավորող Սերգեյ Լազարեւը, ոտքի են կանգնել հայ երգչուհու ելույթների ժամանակ:

Բացի գումարային մրցանակից՝ Սյուզաննան ռուսական «Նոր Ռադիո»-ի կողմից ստացել է նոր երգ, իսկ հաջորդ եթերաշրջանում երգչուհին կլինի 100 հոգուց բաղկացած ժյուրիի կազմում:

 
 Սարո Գեւորգյան

Հաջորդիվ իր հաղթանակով հայրենակիցներն ոգեւորեց երիտասարդ երգիչ Սարո Գեւորգյանը՝ մասնակցելով «Նոր Ալիք 2021» մրցույթին: Հայաստանի ներկայացուցիչը դարձավ բոլոր երեք մրցութային օրերի առաջատարը՝ ընդհանուր առմամբ հավաքելով 267 միավոր:

Առաջին մրցութային օրվա համար Սարոն ընտրել էր Բեյոնսեի «Listen» երգը, երկրորդի համար՝ Արամ mp3-ի «Կուզես»-ը, իսկ վերջին մրցութային համերգին, որին մասնակիցները կատարում էին պրեմիերաներ, ներկայացրեց իր պրոդյուսեր Դավիթ Բադալյանի հեղինակած՝ «Биполярная любовь» երգը:

 
 Մալենա

Հայաստանի վերջին շրջանի ամենախոշոր հաղթանակը, թերեւս, «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի շրջանակում էր: Հայաստանի ներկայացուցիչ Մալենան մինչ մրցույթի մեկնարկն արդեն գերել էր Եվրոպային իր «Քամի, քամի» երգով ու տեսահոլովակով: Շատերն էին կանխատեսում 14-ամյա երգչուհու հաղթանակը, ինչը ոչ միայն իրականություն դարձավ, այլեւ մեր երկրին հնարավորություն տվեց կրկին հյուրընկալելու մրցույթը 2022 թ-ին:

«Քամի, քամի» երգի հեղինակը երգչուհու պրոդյուսեր Դավիթ Բադալյանն է, համահեղինակներն են՝ Դավիթ Ծերունյանը, Վահրամ Պետրոսյանն ու ինքը՝ Մալենան: Տեսահոլովակի ռեժիսորն ու Մալենայի բեմադրության հեղինակն Արթուր Մանուկյանն է, իսկ բեմում Մալենայի ելույթն ամբողջացրել են «Ամարաս» համույթի պարուհիները:

 
 Սա Հայաստանի երկրորդ հաղթանակն է «Մանկական Եվրատեսիլ»-ում: Առաջին անգամ նման բերկրանք մեզ պարգեւել էր «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով: