20 փաստ դերասանուհի Աիդա Կարապետյանի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

20 փաստ դերասանուհի Աիդա Կարապետյանի մասին




Երիտասարդ դերասանուհի Աիդա Կարապետյանը հեռուստադիողին հայտնի է «Սարի աղջիկ» եւ «Բեկորներ» հեռուստասերիալներից: Նկարահանման ոլորտում իր քայլերը Աիդան սկսել է միանգաից գլխավոր դերով` «Սարի աղջիկ» նախագծում մարմնավորելով Լուսեին:

Այն, որ Աիդան ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսույց Գագիկ Կարապետյանի թոռնուհին է, ու որ բացի դերասանուհի լինելուց` նաեւ պարուհի է, հայտնի է շատերին. NEWS.am STYLE-ը «20 փաստ» խորագրի հարցաշարի միջոցով 19-ամյա դերասանուհու մասին փորձել է պարզել իր առօրյային ու նախասիրություններին վերաբերող փաստեր, որոնք կհետաքրքրեն դերասանուհու երկրպագուներին:

Աիդա, ինչպե՞ս ես սկսում առավոտներդ:

Առավոտյան շատ դժվար եմ արթնանում, մի լավ փնթփնթում եմ, որ այդքան վաղ եմ արթնացել, ու առանց նախաճաշելու գնում եմ համալսարան (այդ ժամին, պարզապես, ունակ չեմ նախաճաշելու (ծիծաղում է)): Դրանից հետո անցնում եմ նկարահանումներիս:

Ամեն օր դու պարտադիր...

Ամեն օր պարտադիր ուտում եմ քաղցր:

Քո մասին մի փաստ, որը հայտնի է քչերին:

Չեմ սիրում, երբ դիպչում են քթիս. անգամ կարող եմ բղավել, որովհետեւ փոքր տարիքում հարված եմ ստացել, որից հետո այն ցավում է, երբ դիպչում են:

Բնավորությանդ ամենատարօրինակ գիծն՝ ըստ քեզ:

Բնավորությանս ամենատարօրինակ գիծը, երեւի, այն է, որ կարող եմ արթնանալ ու տրամադրություն չունենամ, կամ` հակառակը` շատ բարձր տրամադրությամբ արթնանալ: Առհասարակ, օրվա մեջ տարբեր ժամերի տրամադրությունս կարող է փոխվել:

Ունե՞ս մտածելակերպումդ հնաոճ գծեր. որո՞նք են դրանք:

Կան, բայց չգիտեմ` դա հնաո՞ճ է համարվում, թե ոչ: Օրինակ, եթե ինձ տան տեսարան, որտեղ ես պետք է ներկայանամ լողազգեստով, կամ` համբուրվեմ, ես դա չեմ անի:

Ի՞նչ ֆոբիաներ ունես:

Սարսափում եմ միջատներից:

Բաներ, որոնք չանելու համար փոշմանել ես:

Հստակ չեմ կարող հիշել, բայց երեւի` չի եղել մի բան, որը չեմ արել ու փոշմանում եմ:

Ամենասիրելի ֆիլմդ, որը կարող ես անդադար դիտել:

Վստահորեն կարող եմ ասել, որ մի քանի անգամ կարող եմ դիտել «Ճերմակ անուրջներ»-ն ու «Տանը միայնակ»-ը:

Ավագ գործընկեր, ումից ամենից շատ ես սովորել:

Անկեղծ ասած` չեմ ուզում առանձնացնել ավագ գործընկերներիս, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրի հետ աշխատելը մեծ ուրախություն է ինձ համար. անխտիր բոլորից շատ-շատ բան եմ սովորել:

Եթե կարողանայիր ստեղծել մի օրենք, որը մինչ օրս չկա, ո՞րը կլիներ դա:

Օրենքը կլիներ` չստել ու չդավաճանել:

Ամենասիրելի կերպարդ քո դերերից:

Կերտել եմ դեռեւս երկու կերպար` Լուսեին ու Էլլային: Երկուսին էլ շատ սիրում եմ, որովհետեւ շատ հետաքրքիր են ու միմյանցից տարբեր, ինչը եւս շատ կարեւոր է:

Ի՞նչն ես ամենից շատ կարոտում քո մանկությունից:

Մանկությունս շատ եմ կարոտում. այն շատ հետաքրքիր ու լավն է եղել, բայց հատուկ օրեր չեմ կարող առանձնացնել:

Մանկությանդ ամենասարսափելի հուշը:

Ամենասարսափելի հուշը ավտովթարն է... Վրաստանից հետ գալու ճանապարհին է եղել: Լուրջ կոտրվածքներ չեմ ստացել, բայց հոգեբանական ծանր վիճակում էի հայտնվել: Այդ վթարից հետո երկար ժամանակ վախեր ունեի մեծ ավտոմեքենաներից ու արագությունից, բայց հիմա, բարեբախտաբար, այդ ամենն անցել է:

Ունակություն, որը կցանկանայիր ունենալ:

Կուզեի թռչել ու օգնել այն մարդկան, որոնք դրա կարիքն ունեն: Նաեւ կուզեի մտքեր կարդալ (ծիծաղում է):

3 բան, որ կփոխեիր հայ հասարակության մեջ:

Շատ եմ ուզում, որ մենք լինենք բարի, չփորձենք նմանվել այլ ազգերի. մենք ունենք մեր ավանդույթներն ու արժեքները, որոնք պետք է պահպանենք ու չկորցնենք: Սովորենք գնահատել այն, ինչ ունենք:

Կյանքիդ ամենաազդեցիկ մարդը:

Ամենաազդեցիկ մարդիկ ծնողներս են:

Ինչի՞ մասին նորություններին ես ամենից հաճախ հետեւում:

Նորությունների շատ չեմ հետեւում, միայն կարդում ու հետաքրքրվում եմ մեր երկրի, զինվորների ու բանակի մասին լուրերով:

Ամենածիծաղելի բամբասանքը, որը քո մասին լսել ես:

Ամենազավեշտալի բամբասանքը եղել է իմ եւ հայրիկիս «սիրավեպի» մասին (ծիծաղում է):

Ո՞ր մեկ բառով կնկարագրես քեզ:


Երեւի` էներգիա:

Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:

«Հիմա դու դերասանուհի՞ ես, թե՞ պարուհի»։