Հարց գինեկոլոգին: «Ուզում եմ գնալ գինեկոլոգի մոտ, բայց ամաչում եմ շատ: Ի՞նչ հարցնեմ, ինչպե՞ս ինձ պահեմ» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հարց գինեկոլոգին: «Ուզում եմ գնալ գինեկոլոգի մոտ, բայց ամաչում եմ շատ: Ի՞նչ հարցնեմ, ինչպե՞ս ինձ պահեմ»




ՀԱՐՑ`

Ուզում եմ գնալ գինեկոլոգի մոտ, բայց ամաչում եմ շատ, նույնիսկ կարելի է ասել՝ վախենում եմ: Արդեն 7 տարի ապրում եմ սեռական կյանքով ու ոչ մի անգամ չեմ այցելել գինեկոլոգի: Ի՞նչ հարցնեմ, ինչպե՞ս ինձ պահեմ: Բա՞ որ տղամարդ եղավ բժիշկը: Ի՞նչ են անում ընդհանրապես այդ կաբինետում:

Հարցին պատասխանում է Ի.Ի. Մեչնիկովի անվան Հյուսիս-Արևմտյան պետական բժշկական համալսարանի Մանկաբարձության, գինեկոլոգիայի, ռեպրոդուկտոլոգիայի ու պերինատոլոգիայի ամբիոնի մանկաբարձ-գինեկոլոգ Աստղիկ Մելքոնյանը:

Ամաչելու կամ վախենալու ոչ մի բան չկա: Գինեկոլոգի մոտ այցը, ինչպես ցանկացած այլ մասնագետի, անհրաժեշտ ու պարտադիր է Ձեր այսօրվա ինքնազգացողության և ապագա սեռական առողջության համար: Հիշե՛ք դրա մասին ու մի՛ առաջնորդվեք ժողովրդի մոտ ընդունված սխալ մոտեցմամբ` այցելել «երբ դանակը ոսկորին է հասել» կամ էլ միայն ծննդաբերելուց:

Կփորձեմ հնարավորինս մանրամասն ներկայացնել ողջ պրոցեսը:

Ինչ է անհրաժեշտ ունենալ մոտը.

-որպես կանոն կլինիկաների մեծ մասում տրամադրում են անհրաժեշտ պարագաներ, սակայն ոչ բոլորում, ուստի կարելի է վերցնել մաքուր, փոքր սրբիչ, գինեկոլոգիական աթոռին Ձեր տակը փռելու համար ու կիսագուլպաներ. ոտքերը լրիվ մերկացնելուց հետո ավելի էսթետիկ կլինի աթոռին պառկել զուգագուլպաներով, ոչ թե մերկ ոտնաթաթերով: Դա հաստատ Ձեր բժշկին էլ հաճելի կլինի:

-մենստրուացիոն օրացույց, իսկ թե չունեք, թղթին գրեք վերջին 6 դաշտանների օրերը. դա կօգնի արդեն տեղում, երբ գինեկոլոգը հետաքրքրվի Ձեր ցիկլով:

Ու ամենակարևորը՝ դրական տրամադրվածություն. հավատացե՛ք վախենալու ոչինչ չկա. բժիշկը բնավ չի երազում Ձեզ նեղացնել կամ ցավ պատճառել, անկեղծ եղեք նրա հետ ու մի՛ ամաչեք. նա այնքան շատ է նայել ԱՅՆՏԵՂ, որ դա նրա համար սովորական, առօրյա պրոցես է:

Ինչպես պատրաստվել այցին.

-մի՛ գնացեք, եթե Ձեր մոտ սկսվել է դաշտանը. դա կխանգարի բժշկին ստանալ ողջ անհրաժեշտ ինֆորմացիան,

-լողացե՛ք, լվացումներ կատարեք, բայց ոչ մի դեպքում չի կարելի ներհեշտոցային լվացումներ կատարել ցանկացած լուծույթով, որպեսզի բժիշկը կարողանա ճիշտ ինֆորմացիա ստանալ քսուք վերցնելիս ու տեսնի հեշտոցի «ամենօրյա պատկերը»,

-գինեկոլոգի սենյակ մտնելուց առաջ անպայման այցելե՛ք զուգարան ու դատարկե՛ք միզապարկը,

-այցից մեկ օր առաջ ու ողջ ընթացքում ոչ մի մոմիկ չդնե՛ք ու խուսափե՛ք սեռական կյանքով ապրելուց, քանի որ հեշտոցում մնացած սպերման բժիշկը կարող է արտադրության տեղ ընդունել,

Ինչ է տեղի ունենում բժշկի սենյակում.

Այսպիսով Դուք մտել եք սենյակ: Մի՛ հուզվեք, բարևե՛ք բժշկին ու նստե՛ք սեղանի դիմացի/կողքի աթոռին ու սպասե՛ք բժշկի հարցերին: Որպես կանոն բժիշկը կհարցնի, թե ինչն է Ձեզ անհանգստացնում կոնկրետ տվյալ պահին: Որպեսզի թեթևացնեք լարվածությունը, անպայման ասեք, որ դա Ձեր առաջին այցն է գինեկոլոգին և բժիշկը համապատասխան մոտեցում կցուցաբերի:

Նա կհետաքրքրվի Ձեր տարիքով, մենստրուացիոն ցիկլով, դրա տևողությամբ (ունենալով օրացույց, Դուք հեշտությամբ կպատասխանեք այդ հարցերին), սեռական կյանքով, պաշտպանվելու մեթոդով, տվյալ պահին առկա բողոքներից: ԱՆԿԵՂԾ պատասխանեք բոլոր հարցերին: Հիշե՛ք, որ Ձեր պատասխաններից է կախված բժշկի ճիշտ ախտորոշում դնելու մոտ 60%-ը:

Հետո Ձեզ կխնդրի բարձրանալ աթոռին: Ահա ժամանակակից գինեկոլոգիական աթոռի տեսքը.

Սկզբից նստեք սովորական աթոռի նման,

Ապա հենվելով աթոռին, ոտքերը դրեք հենակների վրա՝

Հետո հատուկ գործիքով բժիշկը կսկսի ներզննումը: Գործիքը կոչվում է գինեկոլոգիական հայելի ու հետևյալ տեսքի է.

Այնուհետև հատուկ «փայտիկով» կվերցնի քսուք ու, հայելիները հանելով, կսկսի ձեռքերով ներզննումը: Կարևոր է, որ Դուք հնարավորինս թուլանաք: Այդ դեպքում և՛ Ձեզ տհաճ չի լինի, և՛ բժիշկն ավելի արագ կավարտի ներզննումը:

Ինչ տեղի կունենա հետո.

Երբ բժիշկը կվերջացնի զննումը, մի՛ ամաչեք ցանկացած հարց տալուց, հետաքրքրվե՛ք Ձեզ անհանգտացնող ցանկացած հարցով. արդյո՞ք ամեն ինչ ներմալ է, ի՞նչ լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ և ինչու՞, ինչպե՞ս ճիշտ պաշտպանվել անցանկալի հղիությունից (միգուցե Դուք ինչ-որ բան այն չեք անում):

Սեռական կյանքով ապրող կինը պետք է տարին 2 անգամ այցելի գինեկոլոգին, իսկ ցանկացած բողոք, հարց ունենալու դեպքում՝ անմիջապես: Եթե ըստ Ձեզ Դուք չունեք ոչ մի խնդիր, դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ «նորմալ» է Ձեզ մոտ: Միշտ հիշե՛ք` ավելի հեշտ է կանխարգելել հիվանդությունը, քան բուժել: Ուրեմն հետևե՛ք Ձեր սեռական առողջությանը, քանզի դա կանացի գեղեցկության համար առաջին գրավականն է: