Ի՞նչ անակնկալ է սպասվում Նունե Եսայանից, երգչուհին ամփոփում է նախորդ տարին և բացահայտումներ է անում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ի՞նչ անակնկալ է սպասվում Նունե Եսայանից, երգչուհին ամփոփում է նախորդ տարին և բացահայտումներ է անում




ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը նշում է, որ նախորդ տարին իր համար հաջող էր՝ թե՛ նոր երգեր, թե՛ նոր տեսահոլովակ, թե՛ նոր շրջագայություններ: Այս տարվանից նա կրկնակի ակտիվություն է ակնկալում, ասում է՝ ամեն ինչ անելու է, որպեսզի իր հանդիսատեսին չձանձրացնի: Starnews.am-ի հետ զրույցում նա խոսել է ընտանիքի և առաջիկա անելիքների մասին

Զրույցը սկսենք՝ խոսելով անցած տոների մասին: Ինչպե՞ս դիմավորեցիք Նոր Տարին և արդյո՞ք համաձայն եք, որ յուրաքանչյուր տարին պետք է սկսել նոր ու մաքուր էջից՝ նախորդ տարում թողնելով բացասականը: Եթե այո, ապա ի՞նչ թողեցիք Դուք նախորդ տարում և ի՞նչ ակնկալիքներ ունեք 2022 թվականից:

Անցյալ տարին իմ ստեղծագործական կյաքում շատ բուռն էր: Երգեր ձայնագրեցի, տեսահոլովակ նկարահանվեց, տարբեր համերգներ եղան: Չհաշված համավարակի վատ հետևանքները՝ կարող եմ ասել, որ հաջողված տարի էր: Շատ նպատակներ ունեմ այս տարվա հետ կապված, որոնք կշարունակվեն, և կլինեն նոր համերգներ, միջոցառումներ:



Ամանորն ընտանկեկան տոն է, հետաքրքիր է՝ Դուք ինչպե՞ս և որտե՞ղ դիմավորեցիք այն: Այս հարցն ուղղում եմ Ձեզ, քանի որ հետևելով ձեր հրապարակումներին և, առհասարակ, Ձեր կյանքին՝ մեզ մոտ տպավորություն է, որ Ձեր ընտանիքը տիպիկ հայ ընտանիքի մոդել է:

Նոր տարին և, առհասարակ, բոլոր տոներն ինձ համար ընտանեկան են: Ես շատ կապված եմ իմ ընտանիքի հետ և այս տարի ևս կեսգիշերը միասին անցկացրինք, որից հետո ես հանդես եկա փոքրիկ մենահամերգով: Տարին հենց այդպես սկսեց:



Նունե, Ձեր տղան արդեն բավական հասուն է, արդյո՞ք նա ընտրել է, թե ինչ ուղղով է ցանկանում առաջ գնալ և արդյո՞ք մայրիկի գեներն ուժեղ են գտնվել:

Տղաս շատ լավ երաժշտական ունակություններ ունի, բայց դեռ փակ է: Ռեժիսորի աշխատանքով և համակարգչային գրաֆիկայով է հետաքրքրվում, իսկ ինչ վերաբերում է մեր ճանապարհով շարունակելուն՝ կյանքը ցույց կտա: Եթե զգանք, որ իսկապես կարողանում է, ապա մենք կաջակցենք նրան:



Հետևելով Ձեր ինստագրամյան էջին՝ նկատում ենք, որ դուք հաճախ եք հյուրախաղերով մեկնում Ռուսաստանի Դաշնություն: Մի փոքր բացեք փակագծերը, ի՞նչ համերգների մասին է խոսքը, մի փոքր պատմեք Ռուսաստանում բնակվող, Ձեր երգարվեստը սիրող ու համերգներին անհամբեր սպասող հանդիսատեսի մասին:

Ռուսաստանի հանդիսատեսը շատ ակտիվ է վերջին շրջանում, և մենք հաճախ ենք այնտեղ լինում: Վերջինն իմ մասնակցությունն էր «Հովիկ ստուդիոյի» պարային խմբի համերգին: Իսկապես հիացած եմ այնտեղի հանդիսատեսով, զգում էի՝ ինչպես են կարոտում հայ երգը և հայկական արվեստը: Պետք է ավելացնեմ նաև, որ իմ հանդիսատեսը և Երևանում, և աշխարհի ցանկացած այլ կետում ջերմ է ու աննկարագրելի մեծ էներգետիկայով:

Օրեր առաջ հրապարակեցիք տեսանյութ, որում Ռուբեն Մաթևոսյանը, խոսելով ձեր երգարվեստի մասին, նշում էր, որ Դուք՝ որպես երգչուհի, տարբերվում եք և այն զգացողությունները, որոնք ունեք, շատերը չունեն: Նունե, ի՞նչ էիք զգում այդ պահին, երբ լեգենդից նման խոսքեր էիք լսում:

Նա ինձ համար հայ երգարվեստի գագաթնակետն է: Նրա երգերով եմ ապրել, մեծացել, սովորել: Ես առիթը բաց չեմ թողնում հիանալ նրանով, նրա խոսքերն անգին են:

Հունվարի 25-ին մասնակցելու եք Ռուբեն Մաթևոսյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին: Ի՞նչ երգով եք պատրաստվում հանդես գալ և ի՞նչ զգացողություններ ունեք:

Երգելու եմ «Փնջլիկ-մնջլիկ» երգը, նա ցանկացավ, որպեսզի այդ երգը կատարեմ: Ի դեպ. այն կա իմ ձայներիզում: Հպարտ եմ, որ այդ օրը նրա կողքին եմ լինելու և ուրախ եմ, որ իմ երաժշտական պատմության մեջ դա իր տեղը կունենա:

Նունե, ի՞նչ նախաձեռնություններ ունեք՝ այս տարվա համար նախատեսված, արդյո՞ք Ձեր կատարումները հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու հայրենիքում ևս:

Տարին ինչպես կստացվի, չեմ կարող ասել: Ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի ես ինձանից գոհ լինեմ: Ուրախ եմ, որ համերգներն արդեն հաճախակի են դարձել, և միշտ լավ հանդիսատես է լինում: Այնպես որ մեր այստեղի հանդիսատեսը կարող է հետևել սոցիալական ցանցերում իմ պաշտոնական էջերին և տեղեկանալ բոլոր միջոցառումներից: