Էմմա Սապունջյանը՝ ծանոթով դեր ստանալու, համբույրի և բաց տեսարաներում չնկարահանվելու պատճառների և ընտրյալի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էմմա Սապունջյանը՝ ծանոթով դեր ստանալու, համբույրի և բաց տեսարաներում չնկարահանվելու պատճառների և ընտրյալի մասին




Դերասանուհի Էմմա Սապունջյանի վերջին դերը «Արյունոտ խաղեր» հեռուստանախագծում էր,որտեղ մարմնավորում էր գլխավոր հերոսուհուն՝ Լուիզային: Հեռուստադիտողները նկատած կլինեն, որ Էմման հազվադեպ նախագծերում է նկարահանվում, և տպավորություն է ստեղծվում, որ կամ չկան առաջարկներ, կամ էլ դերասանուհին է մերժում.

«Մենք ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ քիչ են սերիալներ նկարվում, իսկ բոլոր ռեժիսորները հիմնականում ունեն իրենց նախընտրած դերասաններին, որոնց հետ անընդհատ աշխատում են: Դրա համար լինում է կյանքումս շրջան, որ առաջարկներ չեմ ունենում, բայց լինում է այնպիսի շրջան, որ միանգամից հինգ առաջարկ եմ ունենում ու դժվար է լինում կողմնորոշվել՝ որը ընտրել»,-Armlady.am-ի հետ զրույցում անկեղծացավ Էմման:

Վերջինիս համար կարևոր է, որ մարմնավորած կերպարը իր սկզբունքերին դեմ չլինի, իսկ դրանցից մեկը մերկ նկարահանվելն է, կամ էլ շատ բաց տեսարանները. «Մնացած բոլոր դեպքերում ես կհամաձայնվեմ նկարահանվել, եթե լինեն մաքսիմալ կոմֆորտ պայմաններ նկարահանման հրապարակում: Մինչև հիմա չեմ ունեցել այնպիսի կերպար, որը մարմնավորեմ միայն բարձր հոնորարի համար և հույս ունեմ՝ չեմ էլ ունենա, որովհետև ես շատ լուրջ եմ վերաբերվում իմ մասնագիտությանը և երբեք վատ կերպար չեմ մարմնավորի միայն բարձր հոնորարի համար»:

Վերջին շրջանում խոսակցություններ էին պտտվում, որ «Արյունոտ խաղեր» հեռուստասերիալի ռեժիսոր Հարութ Շատյանն Էմմայի մտերիմ ընկերն է, ում թեթև ձեռքով էլ դերասանուհին ստացել է գլխավոր հերոսուհու կերպարը. «Մեր շփումը սկսում է սերիալի նկարահանումից և ավարտվում նկարահանումից հետո: Դրա համար սուտ կլինի, որ դա ընդունենք որպես պատճառ, թե ինչու ինձ տվեցին գլխավոր հերոսուհու կերպարը: Ինչպես յուրաքանչուր դերասան, ես էլ գնացի և մասնակցեցի քասթինգին, որից հետո ինձ հաստատեցին Լուիզայի կերպարում: Ավելին ասեմ, երբեք չի եղել, որ ինչ-որ մեկը ինձ համար զանգի, բարեխոսի, անգամ համալսարանի տարիներին գնահատականներս ինքնուրույն եմ ստացել, բայց եղել է, որ ասել են` այս դերասանուհին հիմա ազատ է և չի նկարահանվում, եթե քասթինգ լինի, կանչեք նրան, ինչը մեր մասնագիտության դեպքում նորմալ է»:
Դերասանուհու վերջին հրապարակումները հանգստից էին, պարզվում է՝ ընտանիքի հետ չէր հանգստանում, ավելին՝ անգամ կատակում է՝ գնացել էր, որ ընտանիքն իրենից հանգստանար: «Ես ակտիվ հանգստի սիրահար եմ, ինձ համար հետաքրքիր է միշտ նոր բաներ բացահայտելը, նոր տեղեր գնալ»:

Էմման այն դերասանուհիներից է, որ հիմնականում մարմնավորում է լուրջ, հոգեբանական դերեր, բայց ինչ վերաբերվում է նրա սոցիալական էջերին, այնտեղ հումորի պակաս չեք տեսնի. «Ավելի շատ պայմանավորված է նրանով, որ ես ավելի շատ նման կոնտենտ եմ սիրում, այսինքն՝ եթե մտնում եմ ուրիշի էջ, ես սիրում եմ ավելի հումորային տեսանյութեր նայել, քան ինչպես է մարդը հայելու առաջ դրել տեսախցիկը և պարում: Դրա համար նույնը ես եմ անում»:

Չնայած դեմ չի խոսել ընտրյալի մասին, բայց առանձնապես չի սիրում ծավալվել այդ թեմայով և չի էլ հրապարակում նրա լուսանկարը: «Ընտրյալս ինձ երբեք մասնագիտական հարցում չի սահմանափակում և, առհասարակ, նա անընդհատ իմ կողքին է ցանկացած հարցում: Ավելին՝ անգամ ասում է՝ ինչի՞ հաճախ ֆոտոսեսիաներ չես անում, ինչո՞ւ ես պասիվ Ինստագրամում: Պարզապես ես ունեմ ինքս իմ առաջ դրած սահմանափակումներ, որ չեմ խաղա համբույրի և բաց տեսարաններում»: