Հայ հայտնիները ողջունում են Հայաստանում Հիսուսի արձան կառուցելու նախաձեռնությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայ հայտնիները ողջունում են Հայաստանում Հիսուսի արձան կառուցելու նախաձեռնությունը




Հիսուս Քրիստոսի՝ ամենաբարձր արձանը Հայաստանում կառուցելու Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը շարունակում է արժանանալ դրական արձագանքների։

Հայտերի ստացմանը զուգահեռ հասրակական-քաղաքական գործիչները, մտավորականները, մշակույթի և մարզաշխարհի ներկայացուցիչները նշում են, որ խոշորամասշտաբ այս ծրագիրը կդառնա վերելքի խորհրդանիշ, կօգնի առավել ճանաչելի դարձնել առաջին քրիստոնյա պետությունը։

«Եթե հայ առաքելական սուրբ եկեղեցին դեմ չի, ես շատ ուրախ եմ, որ մեր երկրում էլ կլինի Հիսուս Քրիստոսի արձանը։ Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը կարող է դեմ լինել, ինչո՞ւ պետք է դեմ լինեն։ Հակառակը, այդպիսի արձան կառուցեու արդյունքում կունենանք շատ տուրիստներ, որոնց կտանենք այդ արձանը ցույց տալու», - ասել է է ՀՀ վաստակավոր արտիստ, երաժիշտ Արա Գևորգյանը։

Հոգևոր, մշակութային արժեքների կարևորությունն անվտանգությունից և բանակաշինությունից չպետք է տարանջատել, համոզված է Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։

«Պարոն Ծառուկյանը վերջին տարիներին շուրջ 20 եկեղեցու ֆինանսավորում է իրականացրել, որոնք վերականգնվել են, և 7 նոր եկեղեցի է կառուցել։ Ինչո՞ւ դրա վերաբերյալ աղմուկ չեն բարձրացրել։ Կուզենայի, որ եկեղեցին դրական վերաբերվեր այս ամենին։ Կտեսնենք, թե արձանի տեղադրումից հետո ինչպիսի արձաններ կունենանք», - ասել է Վրեժ Կիրակոսյանը։

Վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանի գնահատմամբ արձանի կառուցումը հավատքին մեկ քայլով մոտեցնելուց բացի կխթանի նաև զբոսաշրջությունը։

Դերասանուհին վստահ է, որ կոթողը տեսնելու համար աշխարհի ամենահեռավոր անկյուններից Հայաստան կժամանեն հազարավոր հավատավորներ։

«Փարիզում, երբ Էյֆելյան աշտարակը կառուցել են, մարդիկ էլի դեմ են եղել, բայց հիմա իրենց խորհրդանիշն է, և չի գտնվի մի մարդ, որը կգնա Փարիզ ու Էյֆելյան աշտարակը չտեսնի։ Ողջունում եմ Ծառուկյանի այս նախաձեռնությունը», - ասել է դերասանուհին։

Արձանի կառուցման լուրը ոգևորությամբ է ընդունել նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը։

«Շատ ուրախ եմ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնության համար։ Որպես առաջին քրիստոնյա ազգ մեր երկրում դա պետք է շուտվանից լիներ», - ասել է Արթուր Աբրահամը։