Գեւորգ Գրիգորյանը՝ «Ամեն տարի գարնանը» սերիալում իր կերպարի, կրկին նկարահանվելու որոշման ու ծառայության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գեւորգ Գրիգորյանը՝ «Ամեն տարի գարնանը» սերիալում իր կերպարի, կրկին նկարահանվելու որոշման ու ծառայության մասին




Հունվարի 31-ից «Արմենիա» հեռուստաընկերության եթերում մեկնարկել է Ելենա Արշակյանի նոր՝ «Ամեն տարի գարնանը» բազմասերիանոց ֆիլմը, որում հեռուստադիտողը կտեսնի մի շարք հայտնի դերասանների, այդ թվում՝ Գեւորգ Գրիգորյանին. նրան կրկին բաժին է հասել ֆիլմի գլխավոր դերերից մեկը:

NEWS.am STYLE-ը դերասանի հետ զրուցել է նոր կերպարի, նախորդ աշխատանքի հաջողության ու ծառայության մասին:

«Այս նախագծում մարմնավորում եմ մի երիտասարդի, որն ԱՄՆ-ից վերադարձել է հայրենիք, ուղղակի ընկերներին եւ բարեկամներին տեսնելու, բայց հայտնվում է շատ անհասկանալի, խառը եւ ցավալի իրադարձությունների կիզակետում, որտեղ ինձ թվում է՝ նա պիտի զարգացում ապրի եւ երիտասարդ տղայից դառնա տղամարդ, սովորի անել ընտրություն, կրի պատասխանատվություն ոչ միայն իր համար»,-անդրադառնալով իր դերին՝ պատմեց դերասանը:

Իր հերոսին համապատասխանելու համար Գեւորգը սափրվել է ու փոխել սանրվածքը, սակայն այս կերպարն էլ դերասանին խորթ չէ.



«Չէի ասի, թե իմիջային փոփոխություն եղել է, պարզապես արտաքինս հարմարեցրած է եղել բանակի պահանջին, բայց, առհասարակ, ես ծանր չեմ տանում արտաքին փոփոխությունները, ինձ թվում է՝ դա ավելի հատուկ է գեղեցիկ սեռին։ Արտաքինս, սովորաբար, կբնութագրեի՝ «ոնց պատահի», եթե որեւէ այլ գործոնի պահանջ չկա»,-ժպիտով հավելեց նա:

Նախորդ՝ «Արյունոտ խաղադրույք» ֆիլմի նկարահանումների շրջանում Գեւորգն իր սոցցանցային էջերում տեղեկացրել էր, որ այն լինելու էր իր մասնակցությամբ վերջին նախագիծը, քանի որ ինքն անցնելու է ծառայության, սակայն ի ուրախություն երկրպագուների՝ դերասանը վերադարձավ նոր նախագծով. մեկնաբանելով իր որոշումը՝ Գեւորգը նշեց.



«Բանակը մնում է կարեւորությամբ առաջնայինը եւ նրա հետ կապը, աշխատանքը, պարապմունքները, իհարկե, չեն դադարել ու չեն դադարի, բայց դարձել են ավելի նեղ մասնագիտական, որի մասին ծավալվել չեմ կարող, իսկ նորից նկարահանվում եմ, որովհետեւ ավելի հեշտ էր դա կրկին անել, քան բոլորին բացատրել, թե ինչու այլեւս չեմ ուզում։ Մանավանդ, երբ զբաղմունքներս համատեղելի են, քանի մենք համեմատական խաղաղության մեջ ենք ապրում»։

Բոլորովին վերջերս դերասանի երկրպագուները անհամբերությամբ սպասում էին «Արյունոտ խաղադրույքի» ընթացքին ու քննարկում ֆիլմի հետագա զարգացումները, իսկ Գեւորգի կերպարը՝ Հայկը, հասցրել էր վայելել ֆիլմի երկրպագուների համակրանքը: Խոսելով նախորդ աշխատանքի մասին՝ դերասանը նշեց.

«Իմ մասնակցությամբ ոչ մի նախագծի հետագա կյանքին չեմ հետեւել, ինձ հետաքրքրող հատվածը հենց նկարահանման հրապարակն է եւ այնտեղ տարած աշխատանքը։ Նկարահանման ավարտից հետո ես անցնում եմ իմ մնացած զբաղմունքներին։ Ես միայն ուրախ եմ, եթե նախագիծը դրական է ընդունվել, բոլորը դրա համար արել են ամեն հնարավոր բան, բայց կրկնվեմ՝ ինձ հետաքրքրող հատվածը հենց աշխատանքային պրոցեսն է»:

Ինչ վերաբերում է «Ամեն տարի գարնանը» հեռուստասերիալին՝ այն արտագաղթի մասին է: Նախագոում նկարահանվում են նաեւ Լիկա Մեսրոպյանը, Ռոմելա Սարգսյանը, Մերի Հակոբյանը, Ագնեսա Շահնազարյանը եւ այլք: