«Մի ամբողջ էպոխա է մեր ձեռքից գնում». Հրաչ Քեշիշյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մի ամբողջ էպոխա է մեր ձեռքից գնում». Հրաչ Քեշիշյան




Տպավորություն է, որ մի ամբողջ էպոխա է մեր ձեռքից գնում, տպավորություն է, որ մարդիկ հեռանալով՝ մեծ պատասխանատվություն են թողնում մեզ: Տա Աստված, որ ունենանք այնքան իմաստություն, որ կարողանանք այդ մարդկանց գործը մի փոքր շարունակել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր, ՀՀ վաստակավոր գործիչ Հրաչ Քեշիշյանը՝ անդրադառնալով ՀՀ ժողովրդական արտիստ, երգահան Արթուր Գրիգորյանի մահվանը:

«Չգիտեմ՝ մենք ինչքանով ենք պատասխանատու բոլոր այն մեծերի հանդեպ, ում չենք գնահատում կենդանության օրոք կամ այնքան չենք գնահատում, ինչքան արժանի են նրանք, բայց քանի կենդանի են մարդիկ, դեռ հույս կա, որ կա կառչելու տեղ, որ կարող ես առաջ գնալ, երբ մարդիկ հեռանում են, պակասում է նաև այդ հույսը»,- նշեց Քեշիշյանը՝ հավելելով, որ ստեղծագործական ահռելի ավանդը, որն ունի Արթուր Գրիգորյանը՝ անխոս է, միակ սփոփանքը և միակ հնարավորությունը վառ պահելու Արթուր Գրիգորյանի հիշատակը, սերունդները, որոնց կրթել և դաստիարակել է Արթուր Գրիգորյանը, փորձեն շարունակել իր գործը:

Քեշիշյանը պատմեց, որ վերջին անգամ Արթուր Գրիգորյանին հանդիպել է դեկտեմբեր ամսին՝ միջոցառման ժամանակ, երգը Գրիգորյանն էր գրել, նկարահանվել է տեսահոլովակ և շատ լավ է, որ վարպետը ներկա էր հավաքին, նրա առողջական վիճակն էլ էր լավ: Քեշիշյանը նշեց, որ Ամանորին վարպետը մեկնել էր հանգստանալու, կարծել են՝ ամեն ինչ լավ է լինելու, մինչդեռ, հունվարից վիճակը վատացել է, Գրիգորյանը հիվանդանոցում էր:

Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանը մահացել է փետրվարի 4-ին՝ 63 տարեկան հասակում, հիվանդության դեմ տևական պայքարից հետո:

ՀՀ Ժողովրդական արտիստը հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։

Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։