Քառօրյա պատերազմի մասնակից, մարզիկ Սմբատ Սահակյանը ամուսնացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քառօրյա պատերազմի մասնակից, մարզիկ Սմբատ Սահակյանը ամուսնացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ



Հունահռոմեական ոճի ըմբիշ, մարզիկ, մարզիչ, դերասան Սմբատ Սահակյանը ամուսնացել է։ Սահակյանի ընտրյալը «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթի մասնակից՝ Մելինե Թադևոսյանն է։ 

EXCLUSIVElife.am-ի հետ զրույցում Սմբատը ասաց, որ պսակադրությունը տեղի է ունեցել Էջմիածնի «Սուրբ Հռիփսիմե» եկեղեցում։ Մելինեն, հայտնի պրոֆեսիոնալ մարզիկ, մարզիչ,  դերասան Սարգիս Վարդանյանի կնոջ՝ Օվսաննայի քույրն է։


Սմբատ Սահակյանը Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղից է։ Սովորելով Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցում՝ միաժամանակ երկար տարիներ զբաղվել է հունահռոմեական ըմբշամարտով։ Մասնակցել է տարբեր մրցաշարերի և զբաղեցրել պատվավոր մրցանակային տեղեր․ ընդ որում Հայաստանի պատանիների առաջնության 3-րդ մրցանակային տեղն է գրավել։ 

2013-ին ավարտել է դպրոցը և ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտ, ապա 2015-ին զորակոչվել է ՀՀ ԶՈԻ։ Ծառայել է ԼՂՀ հյուսիսարևելյան հատվածում՝ որպես հրետանավոր։

Ծառայությանս ընթացքում զորամասի սպորտկազմակերպիչից առաջարկ ստացա ըմբշամարտով մարզել գյուղի դպրոցականներին, որոնք մեծամասամբ սպաների երեխաներ էին և զուգահեռ սկսեցի մարզել երեխաներին։ Երեխաներն էլ իրենց հերթին բավականին լավ մասնակցություններ էին ունենում Մարտակերտում և Ստեփանակերտում անցկացվող մրցաշարերում, վերադառնում պատվոգրերով, մեդալներով և գավաթներով։ Ես ինքս էլ մասնակցել եմ սպորտային բազմաթիվ միջզորամասային և համաբանակային մրցաշարերի, մեծամասամբ զբաղեցրել առաջին պատվավոր տեղը, 10-րդ Լեռնահրաձգային դիվիզիայում՝ 1-ին, իսկ Համաբանակային Սպարտակիադայում 2-րդ տեղը գրավել․ մեզ հետ զրույցում ասաց Սմբատը։

Սմբատը մասնակցել է Ապրիլյան Քառօրյա պատերազմին։ Պատերազմի օրերին անգամ հասցրել է գրել մի շարք բանաստեղծություններ։ 2017-ին զորացրվել է և այժմ շարունակում է աշխատանքը։




Նյութը՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ