Աշխարհի 7 չեմպիոնին էլ հաղթել եմ նոկաուտով. Վիկ Դարչինյանը պատմել է իր մենամարտերի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աշխարհի 7 չեմպիոնին էլ հաղթել եմ նոկաուտով. Վիկ Դարչինյանը պատմել է իր մենամարտերի մասին




Պրոֆեսիոնալ բռնցքամարտում նվաճել աշխարհի չեմպիոնի գոտին երեք քաշային կարգերում ու 10 անգամ` սա ֆենոմենալ արդյունք է, որին հասել է Վախթանգ (Վիկ)Դարչինյանը։ Անվանի բռնցքամարտիկը Sputnik Արմենիային պատմել է իր հաղթանակների և ծրագրերի մասին։
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBA, WBC, WBO և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանն իր բազմաթիվ հաղթանակների գաղտնիքն է բացահայտել, նաև խոսել է կրած մեկ պարտության մասին։ Զրուցել է Խաչիկ Չախոյանը։

-Վիկ, շատ հաճախ լսում ենք, որ պրոֆեսիոնալ ռինգում ավելի հեշտ հաջողության են հասնում սիրողական բռնցքամարտում մեծ փորձ կուտակած բռնցքամարտիկները։ Ըստ քեզ, դա այնպե՞ս է։

-Չէի ասի, որ այդպես է։ Սիրողական բռնցքամարտում մարզիկն ավելի շատ մենամարտեր է անցկացնում։ Յուրաքանչյուր մրցաշարում մի քանի օրվա տարբերությամբ կարող է 3-4 մենամարտ ունենալ։ Իսկ պրոֆեսիոնալ բռնցքամարտում մեկ մենամարտին կարող է նախապատրաստվես 4 ամիս։ Պրոֆեսիոնալ ռինգում անհամեմատ դժվար է արդյունքի հասնել։ Օլիմպիական չեմպիոն բռնցքամարտիկը կարող է պրոֆեսիոնալ ռինգում ընդհանրապես արդյունքի չհասնի։

-2000 թվականին դու տեղափոխվեցիր Ավստրալիա ու սկսեցիր հանդես գալ պրոֆեսիոնալ բռնցքամարտում։ Այն ժամանակ արդեն նպատակ դրե՞լ էիր հասնել բարձր արդյունքների։

-Այո, ինձ նկատեցին Ավստրալիայում, ու երկու ամիսը մեկ ես մենամարտեր էի անցկացնում։ Ընդ որում, շատ ուժեղ մրցակիցների հետ էի մենամարտում։ Երկու տարվա ընթացքում ես գերթեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում արդեն առաջին համարն էի։ Բայց այդ քաշային կարգի չեմպիոնը անընդհատ հրաժարվում էր ինձ հետ մենամարտել։
Այդ պատճառով տիտղոսային առաջին մենամարտս կայացավ 2004 թվականին (Վիկը հաղթեց մեքսիկացի Իռենե Պաչեկոյին, որը մինչև այդ մենամարտը պարտություն չուներ ու նվաճեց IBF վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը)։ Այդ մենամարտից հետո ես մարտահրավեր էի նետում բոլոր ուժեղագույններին, բայց ինձ հետ մենամարտելուց բոլորը հրաժարվում էին։

-Վիկ, գաղտնիք չէ, որ դու ձախլիկ բռնցքամարտիկ ես։ Շատերի կարծիքով ձախլիկներն անհարմար մրցակից են աջլիկների համար։ Մյուս կողմից էլ, եթե դա այդպես է, ապա բոլոր ձախլիկներն առավելություն կունենան աջլիկ բռնցքամարտիկների նկատմամբ։

-Դա այպդես չէ։ Ձախլիկ կամ աջլիկ լինելն այնքան էլ նշանակություն չունի։ Այ, եթե ձախլիկը լավ ուսումնասիրում է իր աջլիկ մրցակցին ու լավ գիտի նրա ուժեղ և թույլ կողմերը, իհարկե առավելություն ստանում է։ Պարզապես ձախլիկ բռնցքամարտիկներն ավելի քիչ են, նրանք ավելի հաճախ են մենամարտում աջլիկների հետ, դրա համար էլ փորձ են ձեռք բերում։

-Վիկ, իսկ ինչպե՞ս են կազմակերպվում աշխարհի չեմպիոնին որոշող մենամարտերը։

-Նախ դու պետք է լինես քո քաշային կարգում լավագույն տասնյակում։ Բացի այդ դու չես կարող պարտադրել աշխարհի չեմպիոնին քեզ հետ մենամարտել։ Աշխարհի չեմպիոնն է որոշում, թե ում հետ մենամարտի։ Այ, եթե դու դառնում ես թիվ մեկ հավակնորդը, ապա չեմպիոնն արդեն 9 ամսվա ընթացքում պետք է քեզ հետ մենամարտի։ Նույնիսկ այդ դեպքում էլ նա կարող է լավագույն տասնյակից իրեն ավելի հարմար մրցակից ընտրել։ Այնպես որ, հեշտ չէ չեմպիոնի հետ մենամարտ կազմակերպելը։ Չեմպիոն դառնալուց հետո ես միշտ որպես մրցակից ընտրել եմ ուժեղագույններին ու առաջատարներին։ Ես մենամարտել եմ միշտ թիվ մեկ հավակնորդների հետ։ Մենամարտել կամ կռվել եմ աշխարհի չեմպիոն բռնցքամարտիկների հետ։


Նյութի աղբյուրը այստեղ։