«Կլոն» սերիալում հնչած Luna հիթի հաջողությունից մինչեւ հայաստանյան հուշեր. իտալացի հայտնի երգիչ Ալեսանդրո Սաֆինան Երեւանում է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Կլոն» սերիալում հնչած Luna հիթի հաջողությունից մինչեւ հայաստանյան հուշեր. իտալացի հայտնի երգիչ Ալեսանդրո Սաֆինան Երեւանում է




Աշխարհահռչակ իտալացի երգիչ եւ դերասան Ալեսանդրո Սաֆինան Հայաստանում է. երգիչը փետրվարի 13-ին եւ 15-ին Երեւանում հանդես կգա «Սիրո երգեր» խորագիրը կրող համերգային ծրագրով, որի շրջանակում կլինեն պրեմիերաներ ու կհնչեն Սաֆինայի բոլոր հայտնի հիթերը, այդ թվում՝ Luna-ն, որին հայ լսարանը ծանոթ է բրազիլական «Կլոն» հեռուստասերիալից:

«Ուրախ եմ այստեղ գտնվելուս համար, ինձ համար պատիվ է Հայաստանում ելույթ ունենալ»,-այսօր՝ փետրվարի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Սաֆինան:

«Համերգներին ներկայացնելու եմ իմ սովորական ծրագիրը. երգերի մեծամասնությունն իմն են, բացի այդ կփորձեմ կատարել միջազգային ճանաչում ունեցող հիթեր, կլինեն երգեր նաեւ Ազնավուրից, կներկայացնեմ այն, ինչ ինքս անձամբ սիրում եմ»:

Սա իտալացի երգչի երկրորդ այցն է Հայաստան. առաջինը եղել է 2011-ին: 

«Հիշում եմ՝ հայտնի երգչուհի պիտի գար՝ Սեզարիա Էվորան, որի համերգը չեղարկվեց, եւ հիշում եմ՝ մամուլի ասուլիսի ժամանակ միջադեպ եղավ լրագրողների միջեւ, թե ինչու եմ ես եկել, չէ՞ որ այլ արտիստ պիտի գար: Ի՞նչ կարող էի ասել. ինձ հրավիրել էին, ես էլ սիրով եկել էի։ Համերգը հիանալի էր կազմակերպված, մենք հրաշալի ելույթ ունեցանք, հանդիսատսեսն էլ գոհ էր, ու ես շատ ջերմ արձագանքներ ստացա, նվերներ, «Արարատ» կոնյակ… Ինձ համար, իսկապես, պատիվ էր»:

Սաֆինան չշրջանցեց նաեւ իրեն մեծ ճանաչում բերած Luna ստեղծագործությանը՝ չժխտելով, որ այն ժամանակին նոր դռներ բացեց իր առաջ.

«Luna-ն շատ հաջող երգ էր, որը շատ բան փոխեց իմ կարիերայում, մինչ այդ ես երգում էի միայն օպերայում, իսկ տվյալ երգից հետո փոխեցի նաեւ համերգներիս ձեւաչափը»:

Ալեսանդրո Սաֆինան նշեց, որ Հայաստանում պատրաստվում է անցկացնել 5 օր:

Երգչի երեւանյան համերգները տեղի կունենան Արամ Խաչատրյան համերգասրահում եւ «Դվին մյուզիք հոլ»-ում: Սաֆինան հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ՝ դիրիժոր Նիկոլա Սիմոնիի գլխավորությամբ: