Արոնյանը երկրորդն է «Գրան պրիի» շախմատային սերիայի մրցաշարում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արոնյանը երկրորդն է «Գրան պրիի» շախմատային սերիայի մրցաշարում




Անցած տարվա դեկտեմբերից ամերիկյան դրոշի ներքո հանդես եկող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ՖԻԴԵ–ի «Գրան պրիի» սերիայի առաջին մրցաշարում զբաղեցրեց երկրորդ տեղը։
Եզրափակչում Արոնյանը հանդիպել էր ԱՄՆ մեկ այլ ներկայացուցիչ` Հիկարու Նակամուրայի հետ։ Երկու պարտիաներն էլ ժամանակի սովորական հաշվարկով (90 րոպե) ավարտվեցին ոչ–ոքի։

 Այսօր գրոսմայստերները թայ–բրեյքի ժամանակ որոշեցին սերիայի առաջին մրցաշարի հաղթողին։ Երկու արագ պարտիաներում էլ հաղթանակ տարավ Հիկարու Նակամուրան։

Բեռլինում անցկացվող մրցաշարի 16 մասնակիցները բաժանվել են 4 խմբի։ Արոնյանը С խմբում էր, որտեղ նրա մրցակիցներն էին գերմանացի Վինսենտ Կեյմերը, հնդիկ Սանտոշ Վիդիտը և ռուսաստանցի Դանիիլ Դուբովը։ Արոնյանը վաղաժամ զբաղեցրեց խմբում առաջին տեղը և կիսաեզրափակիչ դուրս եկավ, որտեղ հաղթանակ տարավ ամերիկացի գրոսմայստեր Լենյեր Դոմինգեսի նկատմամբ (1,5:0,5)։ Խմբային փուլում շախմատիստները 6 տուր խաղացին։

Հիշեցնենք, որ սա «Գրան պրիի» սերիայի երեք մրցաշարերից առաջինն է։ Սերիայի երկու հաղթողները կմասնակցեն հավակնորդների մրցաշարին։