Անպտղություն. ինչպե՞ս հաղթահարել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անպտղություն. ինչպե՞ս հաղթահարել




Անպտղությունը համաշխարհային առողջապահական խնդիր է, որն արդիական է նաեւ Հայաստանում: Ներկայում մեզ մոտ կանանց գործոնով պայմանավորված անպտղության ցուցանիշը 14.9 % է, իսկ տղամարդկային գործոնով պայմանավորված՝ 9.5 %: Անպտղության պատճառների, ախտորոշման եւ բուժման տարբերակների մասին BRAVO.am-ը զրուցել է գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Հռիփսիմե Գրիգորյանի հետ:

- Բժշկուհի՛ Գրիգորյան, երբ զույգը պլանավորում է երեխա ունենալ, սակայն հղիանալ չի ստացվում, որքա՞ն ժամանակ հետո կարելի է խոսել անպտղության մասին:

- Անպտղության մասին խոսում ենք այն դեպքում, երբ կինը փորձում է հղիանալ մեկ տարվա ընթացքում կանոնավոր սեռական կյանքով ապրելու պարագայում, այսինքն՝ հակաբեղմնավորիչների բացակայությամբ, բայց չի ստացվում։ Եթե կինը մինչեւ 35 տարեկան է, խորհուրդ ենք տալիս այդ մեկ տարին սպասել եւ սթրեսի չենթարկվել։ Եթե զույգն այդ տարիքից բարձր է, հատկապես կինը, խորհուրդ է տրվում սպասել վեց ամիս, հետո դիմել նեղ մասնագետի՝ գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգի օգնությանը։ 40-ից հետո խորհուրդ է տրվում հղիությունը միանգամից պլանավորել մասնագետի հետ, քանի որ այս պարագայում ամեն ամիսը կարեւոր է զույգի համար։

- Որո՞նք են անպտղության ամենատարածված պատճառները։

- Պատճառները կարելի է բաժանել երեք մեծ խմբի՝ միայն կնոջ հետ կապված գործոններ, միայն տղամարդու հետ կապված գործոններ եւ համակցված՝ երբ երկուսի դեպքում էլ խնդիր կա։ Սրանից բացի, կա նաեւ փոքր խումբ՝ անհայտ ծագման անպտղությունը։ Սա այն դեպքն է, երբ զույգը հետազոտվում է, ամեն բան կարգին է լինում, սակայն հղիանալ չի ստացվում։

Կնոջ մոտ հաճախ հանդիպող անպտղության պատճառներն են հորմոնալ խանգարումները (մեզ մոտ հատկապես տարածված են պրոլակտին հորմոնի, վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրները), ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը, արգանդափողերի անանցանելիությունը կամ վատ անցանելիությունը, էնդոմետրիոզը:

Տղամարդկանց դեպքում ավելի հաճախ հանդիպող պատճառներն ինֆեկցիոն հիվանդություններն են, օրինակ՝ սեռավարակների առկայությունը:

Կարեւոր է նշել, որ դեռահասության տարիքում թե՛ տղաների, թե՛ աղջիկների ճիշտ սեռական դաստիարակության կարիք կա, ինչը թույլ կտա խուսափել հիմնականում անկանոն սեռական կյանքի արդյունքում ձեռք բերված հիվանդություններից եւ հետագայում չունենալ խնդիրներ վերարտադրողական առողջության հետ։

Տղամարդու պտղաբերության վրա եւս կարող են ազդել հորմոնալ գործոնները։
Այս բոլոր խնդիրները հանգեցնում են սերմի որակի վատացմանը եւ քանակի քչացմանը։



- Երբ արդեն կա անպտղություն ախտորոշումը, սովորաբար ի՞նչ հետազոտությունների կարիք է լինում։

- Անպայման հետազոտվում է հորմոնալ խնդիրների, սեռավարակների առկայությունը կամ բացակայությունը, մի շարք իմունոլոգիական հարցեր, գենետիկական խնդիրների առկայությունը, կանանց պարագայում արգանդափողերի անցանելիությունը եւ այլն՝ կախված տվյալ դեպքից:
Նշեմ, որ կանանց դեպքում մեկ դաշտանային ցիկլը բավական է լինում հասկանալու համար, թե ինչ խնդիրներ կան։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում