Սյուզաննա Մելքոնյանը՝ «Ну-ка, все вместе!» մրցույթի ժյուրիի կազմում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սյուզաննա Մելքոնյանը՝ «Ну-ка, все вместе!» մրցույթի ժյուրիի կազմում




Սյուզաննա Մելքոնյանն օրերս է վերադարձել Մոսկվայից, որտեղ տեղի էին ունենում «Ну-ка, все вместе!» երաժշտական մրցույթի նկարահանումները. հայ երգչուհին, որը դարձել էր մրցույթի նախորդ տարվա հաղթողը, այս տարի իրավունք էր ստացել լինելու նախագծի 100 փորձագետների շարքում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սյուզաննան պատմել է մեծամասշտաբ նախագծում ժյուրիի անդամ լինելու իր փորձից ու կիսվել տպավորությունների մասին:


Սյուզաննան հիշեց, որ «Россия1» հեռուստաալիքով հեռարձակվող մրցույթի տաղավար մտնելուն պես համակվել է էմոցիաներով.

«Ինձ միանգամից պարուրեցին հիշողությունները, որովհետեւ, կարծես, երեկ լիներ, որ ես այդ բեմում էի՝ որպես մասնակից, որը մի շարք դժվարություններ հաղթահարելով՝ դարձավ հաղթող: Իհարկե, մեծ պատիվ էր այնտեղ գտնվելը՝ արդեն ժյուրիի կազմում»:

Երգչուհին նշեց, որ ժյուրիի աստղային կազմն ու մյուս փորձագետներն իրեն բավական ջերմ են ընդունել. մինչ օրս հիշում են իր ելույթներն ու քննարկում դրանք։

Անդրադառնալով ժյուրիի կազմում լինելու դժվար կողմերին՝ Սյուզաննան հավելեց.



«Ինձ համար, հատկապես, առավել բարդ ու դժվար էր, քանի որ ես 100 փարձագետների կազմում առաջին անգամ էի: Շատ քննադատ մասնագետներ կային, որոնք նաեւ հոգեբանական տեսանկյունից որսում էին իմ էմոցիաները, պահվածքը, որովհետեւ իմ դեպքն այլ էր՝ ես այդ բեմից էի հայտնվել ժյուրիի կազմում, ինչը կրկնակի պարտավորեցնող էր»:

Երգչուհու խոսքով՝ թե´ մասնակիցների շարքում, թե´ ժյուրիի կազմում դժվար ու հաճելի պահերը միմյանց զուգորդում են:

Ինքը՝ Սյուզաննան, մասնակիցներին գնահատելիս առաջնորդվել է իր սկզբունքներով,- «Ես շատ լավ էի հասկանում այն մարդկանց, որոնք կանգնում էին այդ բեմին, հուզվում էին, որովհետեւ յուրաքանչյուրն իր պատճառներն ունի մասնակցելու, իրեն ու իր երկիրը ներկայացնելու: Ինձ համար առաջնային տեղում վոկալն է ու ընդհանուր պահվածքը, մոտեցումն ու ընտրված երգացանկը: Անկեղծ ասած՝ ես այնքան էլ գոհ չեմ այս տարվա երգացանկից: Պարզ է, որ նման նախագծերում մենք մեր հեղինակային երգերը չենք կատարում, ներկայացնում ենք, հիմնականում, միջազգային հիթեր, բացի այդ՝ գոյություն ունի հեղինակային իրավունքների գործոնը, բայց ես այս տարի լսելով շատ մասնակիցների՝ մի փոքր սրտնեղած եմ, որովհետեւ կային երգիչներ, որոնք ունեին պոտենցիալ, բայց սխալ երգի ընտրության արդյունքում, պարզապես, ձախողում էին»:


Սյուզաննան նաեւ շեշտեց, որ ինքը փորձել է ոչ թե քաջալերել մասնակիցներին, այլ ընտրել նրանցից լավագույններին:

Ինչ վերաբերում է մրցույթի եզրափակչի նկարահանումներին՝ Սյուզաննան նշեց, որ մի շարք հանգամանքների բերումով չի կարող վերադառնալ Մոսկվա, բայց ասաց, որ ինքն էլ, ինչպես եւ հեռուստադիտողները, անհամբերությամբ է սպասում նախագծի վերջնական արդյունքին, մանավանդ, որ արդեն ունի ֆավորիտ մասնակից: